
Ռիվալդոն Նեյմարին չի ներառել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակում

«Բարսելոնայի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել, որ իր հայրենակից Նեյմարն աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստների շարքում չէ:
«Աշխարհի լավագույն խաղացո՞ղը: Հիմա դա Մեսսին է: Երկրորդը դեռ Կրիշտիանուն է: Ով է երրորդը՝ չեմ կարող ասել, բայց դա հաստատ Նեյմարը չէ: Նախևառաջ՝ նախորդ մրցաշրջանում տեղի ունեցածի պատճառով: Գուցե, եթե նա վերադառնա Իսպանիայի առաջնություն, ապա արդեն 2019/20 մրցաշրջանում կրկին վերադառնա լավագույն եռյակ: Գուցե նա նույնիսկ կարող է դառնալ լավագույնը:
Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ Նեյը սխալվեց՝ ՊՍԺ տեղափոխվելով: Ես կցանկանայի, որ նա վերադառնա «Բարսելոնա»: Նրա հետ իսպանական ակումբը կդառնա շատ ավելի ուժեղ՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար պայքարի առումով: Այո, նա սխալ թույլ տվեց, բայց կարծում եմ, որ բոլորը կմոռանան այդ մասին, հենց որ նա սկսի գոլեր խփել:
«Ռեալ» տեղափոխությո՞ւնը: Դա նույնպես լավ կլինի՝ ինչպես ակումբի, այնպես էլ՝ Նեյմարի համար: Սակայն ես խաղացել եմ «Բարսելոնայում», այդ պատճառով էլ ցանկանում եմ, որ նա վերադառնա այդտեղ»,- Ռիվալդոյին է մեջբերում AS-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը