Իրանն ԱՄՆ-ից պահանջել է վերականգնել նավթային պատժամիջոցների բացառությունները
Եվրոպական երկրները պետք է համոզեն ԱՄՆ-ին վերականգնել նավթային պատժամիջոցների բացառությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքը պահպանելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է Bloomberg գործակալությունը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արագչին՝ ելույթ ունենալով պետական հեռուստատեսության եթերում։
Նրա տվյալներով՝ Իրանի դիրքորոշումը երկրի նախագահ Հասան Ռոուհանիի կողմից Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնին է փոխանցվել մի հեռախոսազրույցների ընթացքում, որոնք տեղի են ունեցել վերջին ժամանակներս:
Ղեկավարները նաեւ առաջարկություններ են փոխանակել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման ուղիների վերաբերյալ: «Ռոուհանին Մակրոնին հայտարարել է, որ եթե Եվրոպան ցանկանում է պահպանել միջուկային գործարքը, ապա նա պետք է ապահովի նավթ վաճառելու մեր հնարավորությունը: Դրա համար կա երկու տարբերակ. դրանցից մեկն այն է, որ դիմեն ամերիկացիներին եւ խնդրեն նրանց վերականգնել պատժամիջոցների բացառություններն իրանական նավթի գնորդների համար»,- Bloomberg-ը մեջբերել է Արագչիի հայտարարությունը:
Երկրորդ տարբերակը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի խոսքով՝ նախատեսում է, որ եվրոպական երկրներն իրենք մեծ քանակությամբ իրանական նավթ գնեն:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է նավթ վաճառել, եւ այդ նպատակի իրագործումը նախապայման է միջուկային գործարքի շրջանակներում պարտավորությունների ամբողջական կատարման համար:
«Եվրոպան պարտավորվել է կատարել 11 կետ: Դրանք ներառում են ներդրումները, քաղաքացիական ավիացիան, տրանսպորտը, Եվրոպայի ձեռնարկությունների վերադարձը: Որպես մեր պարտավորությունների լիակատար իրականացման նախապայման մենք այդ ամենից ոչինչ չենք պահանջում: Մենք սոսկ ցանկանում ենք նավթ վաճառելու հնարավորություն ունենալ եւ դրանից փող ստանալ»,- ասել է նա:
Զարիֆի խոսքով՝ «Եվրոպան առայժմ լոկ սահմանափակվում է համաձայնագրի պաշտպանության հայտարարություններով»: Նա հավելել է, որ եվրոպացիներն «ընդունում են օրենքներ». եւ դրանով ամեն ինչ ավարտվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: