
Ֆլորիդայի նահանգապետն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել նահանգում «Դորիան» փոթորկի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում օգոստոսի 28-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով: Այդ մասին ասված է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսենտիսի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: «Այսօր ես արտակարգ դրություն եմ հայտարարում, որպեսզի Ֆլորիդան լիովին պատրաստ լինի «Դորիանին»,- նշել է նահանգապետը:
Օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ «Դորիանի» մոտենալու կապակցությամբ:
ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի տվյալներով՝ «Դորիանը» գտնվում է Սենտ Թոմասից (ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներ) 70 կիլոմետր հյուսիս – արեւմուտք ընկած շրջանում եւ վայրկյանում 6,3 մետր արագությամբ շարժվում է հյուսիսարեւմտյան ուղղությամբ: Քամու արագությունը մթնոլորտային երեւույթի սահմաններում կազմում է վայրկյանում 35,8 մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: