«Այդ դեպքում կդրվի նախկին 3 նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը». Վարուժան Հոկտանյան
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը սկզբունքորեն շատ ճիշտ որոշում է համարում ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսվող անցումային արդարադատության դրույթը՝ 1991 թ.-ից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացների ժամանակ մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրումը։
168.am-ի հետ զրույցում նա նշեց, սակայն, որ չի պատկերացնում, թե ինչպես է հնարավոր կատարել դա։
«Եթե հնարավոր լինի բացահայտել, դա ճիշտ որոշում կլինի։ Բայց այստեղ մի այլ խնդիր է առաջանում. 1991 թ.-ից հետո, հավանաբար, նկատի ունեն 1995 թ.-ից սկսած, իսկ այդ դեպքում կդրվի նախկին 3 նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը, որովհետև բոլոր ընտրություններն էլ վիճահարույց էին եղել, սկսած 1995 թ.-ից մինչև 2017թ.։ Հասկանալի չի նպատակը, ասենք՝ պարզվեց, հետո ի՞նչ է լինելու։ Եթե հետևողական լինեն, վստահ եմ, կպարզվի, որ այդ բոլոր ընտրությունները շատ լուրջ խախտումներով են եղել։ Գործնականում դա ի՞նչ հետևանք է ունենալու։ Միջազգային նման պրակտիկա չկա, այլ երկրներում նախորդ ընտրությունների լեգիտիմություն ու արդյունքներ վեր հանել չեն փորձում։ Կարծում եմ՝ պատճառն այդ հարցն է՝ ինչի՞ դա կհանգեցնի։ Եթե արդյունքը լինելու է ուղղակի քաղաքական գնահատական տալը, ոչ թե լուրջ քրեաիրավական գործընթաց նախաձեռնելը, արժի՞ այդքան ժամանակ և միջոցներ ծախսել։ Եթե դա լինելու է քրեաիրավական որոշակի քայլերի ձեռնարկումը, դա, անկեղծ ասած, ինքնին նախաձեռնությունը դրական ընդունելով, չեմ պատկերացնում՝ լուծումն ինչ տեսքով է արտահայտվելու։ Գուցե աբսուրդ հնչի, բայց երևի 1995-ի դեպքում ԱԺ իշխող խմբակցությունները լինեին արդեն դե ֆակտո գոյություն չունեցող Կոմկուսը, ԱԺՄ-ն և ԱԻՄ-ը։ Նաև այդ խնդիրն է գալու՝ մենք կիսանախագահակա՞ն երկիր ենք, նորից պետք է վերադառնանք այդ համակարգին ու Վազգեն Մանուկյանին էլ հռչակենք նախագա՞հ։ Դա չեմ պատկերացնում։ Թե՞ ուղղակի ասվի՝ խայտառակ ընտրություններ են եղել։ Բայց դա նորություն չի, 1995-2017թթ. բոլոր ընտրությունները խայտառակ են եղել»,- ասաց Վ.Հոկտանյանը։
Նա նշեց, որ 1995-96թթ. շատ ակտիվ մասնակցել է ընտրական գործընթացներին, որոնցից բավականին դաժան հիշողություններ են մնացել իր մոտ.
«Եթե այն ժամանակ ընտրություններն արդար չէին, ի՞նչ պետք է արվի, ժամանակը ետ շրջե՞նք, 1995-ի քաղաքական ուժերին բերենք խորհրդարա՞ն։ Կարելի է նաև 1995 թվականի հանրաքվեն չեղյալ հայտարարել, հետևաբար՝ 2005 և 2015 թվականների հանրաքվեները՝ նույնպես։ Տեսականորեն ստացվում է՝ վերադառնանք խորհրդային Հայաստանի Սահմանադրությա՞նը, վերադարձնենք խորհրդարանական ուժերին, որպես ընդդիմություն էլ նշանակենք ՀՀՇ-ի՞ն։ Անհասկանալի են դրա կիրառական հետևանքները։ Փոխհատուցումը բարոյակա՞ն, թե՞ գործնական պետք է լինի։ Եթե նպատակ պետք է հետապնդի ապագայում խախտումների բացառումը, դրան էլ չեմ հավատում, որ կծառայի այդ նպատակին։ Մեկ այլ տարբերակ էլ կա՝ պատժվեն կեղծիքների կազմակերպիչներն ու հեղինակները։ Կրկնեմ՝ շատ կարևոր է, որ այդ ամենը բացվի, բայց պետք է շատ լավ մտածել, թե ինչի համար, այսինքն՝ նպատակը սահմանելու խնդիր կա՝ նայելով ապագային, թե դա ինչ կտա մեզ։ Ապագայում չկրկնվելուց բացի, պետք է դրվի նաև պատժի խնդիր։ Դա ավելի ռեալիստական է, բայց պետք է հասկանալ՝ ում և ինչպես պետք է պատժել»։
Վ. Հոկտանյանի կարծիքով՝ նաև փաստերի հավաքման խնդիր կա, հնարավոր կլինի՞ 1995-96 թթ.-ի փաստեր գտնել.
«Այնպես չստացվի, որ շատ ժամանակ է անցել, և պատժվեն 1998-ի կամ 2008-ի ընտրախախտները։ Այդ պատասխանատվությունը չպետք է սելեկտիվ լինի։ Արդյո՞ք կգնան այս իշխանություններն այդ քայլին՝ բոլորին անխտիր ենթարկեն պատասխանատվության»։
Ռազմավարությամբ նախատեսվող Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ Վ.Հոկտանյանը նշեց, որ անցած տարի այդ ուղղությամբ բավականին գործ էր արվել, բայց ԸՕ-ի քվեարկությունը բավարար ձայներ չապահովեց։
«Ներկա օրենսգիրքն ունի լուրջ խնդիրներ, և եթե հեղափոխական էյֆորիայի ժամանակ այդ խնդիրները չբացահայտվեցին, դա չի նշանակում, որ հաջորդ ընտրությունների ժամանակ այդ խնդիրներն ի հայտ չեն գա, հատկապես՝ ռեյտինգային համակարգի խնդիրները։ Մեր չկայացած կուսակցական համակարգի պայմաններում դա կարող է շատ լուրջ, «տրոյական ձիու» դեր կատարել և ներսից պայթեցնել ընտրությունների լեգիտիմությունը։ Այլ խնդիրներ ևս կան, բայց հիմնականը ռեյտինգային համակարգն է, կայուն մեծամասնության խնդիրը։ Այս ամենը բավականին լուրջ մարտահրավեր կարող է դառնալ, եթե որևէ քաղաքական ուժ, լինի «Քաղաքացիական պայմանագիրը», կամ, եթե արտահերթի անհրաժեշտություն լինի, այն կազմակերպող ուժը, նորից չօգտվի այդ հնարավորություններից։ Այսինքն՝ դա պետք է փոխել, որ նույնիսկ արտահերթ ընտրությունների դեպքում մենք ունենանք նորմալ Ընտրական օրենսգիրք։ Բայց խնդիրն ավելի ընդհանուր է, որ, ի վերջո, քաղաքական կոռուպցիան կարող է իսկապես շատ «ծլել և ծաղկել», եթե այս ընտրական համակարգը չփոխվի։ Ունենք Վրաստանի օրինակը, որ 2004-ի վարդերի հեղափոխության ընտրությունները շատ լավն էին, բայց հետո, երբ էյֆորիան անցավ, հաջորդ ընտրությունների օրինականության հետ կապված շատ խնդիրներ եղան»,- ասաց Վ.Հոկտանյանը։