Բաժիններ՝

Արդարադատության նախարարը՝ «Երեխաների քաղաք» նախաձեռնության մասին

Կառավարության 2019թ. օգոստոսի 8-ի նիստում որոշում է կայացվել Արարատի մարզում անհատույց տարածք տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությանը` սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող երեխաների համար քաղաք ստեղծելու նպատակով:

Ի դեպ, նիստում այդ հարցը եղել է չզեկուցվող հարցերի թվում: Որոշումը թեև ընդունվել է Կառավարության կողմից, սակայն միանշանակ չի ընդունվել հասարակության տարբեր շրջանակներում:

«Արդյո՞ք ներառական կրթության միջոցով այս խմբերին հասարակություն ինտեգրելու Հայաստանի որդեգրած սկզբունքը չի ոտնահարվում նման որոշումներով» հարցը հնչեց տարբեր շրջանակներում:

Թեմային՝ ««Երեխաների գուլագ», թե՞ «մերժվածների քաղաքը»» հոդվածում խիստ գնահատականներով անդրադարձել էր նաև հրապարակախոս, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

«….Հասկանո՞ւմ եք` սա նշանակում է, որ մենք վերադառնում ենք խոր միջնադար: Սա նշանակում է, որ մենք` որպես հասարակություն, որպես ազգ՝ սպառել ենք կարիք ունեցողի մասին հոգ տանելու մեր բոլոր ռեսուրսները, մենք սպառել ենք մեր ունակությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառելու հանրային կյանքում »,- նշել էր նա:

Վ. Թոքմաջյանն իր հոդվածում դիմել էր նաև Արդարադատության նախարարությանը՝ մասնավորապես նախարարին հիշեցնելով Երեխաների իրավունքների հռչակագրի մասին:

Թեմայի առնչությամբ 168.amը նույնպես, ի թիվս այլ պատկան մարմինների՝ մեկնաբանություն խնդրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, մասնավորապես` խնդրելով մեկնաբանել, թե նման նախագծերի իրականացմամբ արդյո՞ք չեն ոտնահարվում երեխաների իրավունքները, արդյո՞ք չեն խախտվում ինտեգրման սկզբունքները:

Նախարարի մամլո խոսնակը գրավոր փոխանցեց հետևյալ պատասխանը.

«Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին» Կառավարության որոշման նախագիծն Արդարադատության նախարարությունում ենթարկվել է պետական իրավական փորձաքննության, ինչը նշանակում է, որ նախքան վարչապետի աշխատակազմ ներկայացնելը՝ Արդարադատության նախարարությունը ստուգել է դրա համապատասխանությունը Սահմանադրությանը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին և տրամադրել կարծիք, որում, ըստ էության, բովանդակային դիտողություն չի ներկայացվել:

Ինչ վերաբերում է ՄԱԿ «Երեխայի իրավունքների մասին» 1989թ. կոնվենցիային նշված որոշման համապատասխանության հարցին, ապա նշենք, որ Կոնվենցիայի 23-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ մասնակից պետությունները ճանաչում են խեղումներով երեխայի՝ հատուկ խնամքի իրավունքը, խրախուսում և, ռեսուրսների առկայության դեպքում, դրա իրավունքն ունեցող երեխային և նրա խնամքի համար պատասխանատու անձանց ցույց է տալիս օգնություն։

Բացի այդ, նույն հոդվածով նախատեսված է, որ ճանաչելով խեղումներով երեխայի հատուկ կարիքները՝ այս հոդվածով նախատեսված օգնությունը տրամադրվում է հնարավորին անվճար՝ հաշվի առնելով ծնողների կամ երեխային խնամող այլ անձանց ֆինանսական միջոցները, և նպատակ ունի խեղումներով երեխայի համար ապահովել կրթության, մասնագիտական պատրաստության, առողջապահական ծառայությունների, առողջության վերականգնման ծառայությունների, աշխատանքային գործունեության նախապատրաստվելու, հանգստի միջոցներից օգտվելու հնարավորության մատչելիությունը, որը կհանգեցնի երեխային առավել լիակատար սոցիալական կյանքում ընդգրկելուն և նրա անհատականության զարգացմանը, ներառյալ՝ մշակութային և հոգևոր զարգացմանը:

Ընդունելով, որ ինքնին այս նախաձեռնության անվանումը՝ «Երեխաների քաղաք», կարող է որոշ թյուրընկալումներ առաջացնել, պարզաբանենք, որ այս բարեգործական նախաձեռնության իմաստը հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին համայնքային ծառայությունների տրամադրումն է՝ նրանց լավագույն շահը հաշվի առնելով: Ուստի, որոշումը համապատասխանում է նաև այս առումով Կոնվենցիայով նախատեսված պետությունների պարտավորություններին»։

Զարուհի Դիլանյան

Հ.Գ. Հիշեցնենք, սակայն, որ 168.am-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել էր, որ նախագիծը ներառման սկզբունքին չի համապատասխանում.

«Իրականում ներառման սկզբունքին այդքան էլ չի համապատասխանում, այսինքն` եթե մենք խոսում ենք բնակավայրերի մասին, որտեղ պիտի ապրեն միայն կոնկրետ խմբի ընտանիքներ կամ երեխաներ, այդ մասով մենք խնդիր ենք տեսնում և հենց այդ ուղղությամբ առաջարկներ ենք ներկայացրել արդեն»:

Նախարարը տեղեկացրել էր նաև, որ հարցը քննարկել են վարչապետի աշխատակազմում, որին մասնակցել են հեղինակները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները և Արտաքին գործերի նախարարության իրենց գործընկերները (որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համակարգող մարմին).

«Մենք առաջարկներ ենք արել, որպեսզի այդ ներառման սկզբունքները պահպանեն: Հետագայում թե ինչպես կփոփոխվի, արդեն լրացուցիչ տեղեկություններ կհրապարակեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս