Բաժիններ՝

«Մանկապարտեզի անվան տակ մեզ էշի տեղ են դնում». Բողոքի ակցիա Աբովյան փողոցում. քաղաքապետարանը բազմահարկ շենք կառուցելու թույլտվություն է տվել

Երևան քաղաքի Աբովյան 22 Ա հասցեում քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել 12 հարկանի շենք կառուցելու համար:

Հարակից շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում:

Նրանց փոխանցմամբ՝ մոտ մեկ ամիս առաջ կառուցապատողը ստացել է շինարարության թույլտվությունը, բայց ոչ մեկին չեն մոտեցել, չեն իրազեկել, հնարավոր վնասի փոխահտուցման մասով պայմանագիր չեն կնքել:

«Պարոն Մեսչյանը երբ դարձավ Երևանի գլխավոր ճարտարապետ, ասաց, որ Կենտրոնում թույլ չեն տալու բազմաբնակարան շինությունների առկայություն: Ասում են՝ շենքի ներքևը պետական մանկապարտեզ է լինելու: Ուրիշ տեղ մանկապարտեզը փակում են, բայց որոշում են այս նեղ փողոցում բացել: Պետական մանկապարտեզով փորձում են մեզ խաբել: Նոր Կենտրոնի թաղապետարանից հայտնեցին, որ ավտոտնակներն էլ ուզում են քանդել ու սիրուն բակ սարքել, միգուցե սիրուն բակը սարքեին, նո՞ր ուրիշ հարցերից խոսեին: Պահանջում ենք, որ շինաշխատանքները դադարեցվեն, հասկանանք, թե ի՞նչ հիմքերով են թույլտվությունը տվել: Մենք դիմել ենք կառավարություն, փորձագետ ենք ցանկանում ներգրավել, որ կարծիք հայտնի»,- ասաց բնակիչներից մեկը:

Կարդացեք նաև

«Կողմ ենք, որ բարենորոգեն, բայց ոչ՝ իմ տունը քանդելու հաշվին»,- հավելեց մյուսը:

Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ով եկել էր հանդիպելու բնակիչներին, հայտնեց, որ շենքը պետք է լիներ 18 հարկ, բայց հիմա լինելու է 12:

«Այս բակը մեծ է, մոտ 5-6 հեկտար է: Կառուցապատողը հանձն է առել բարեկարգել բոլոր 4 բակերը: Քննարկում ենք տրանսպորտի հարցը, որ Թումանյան փողոցը, օրինակ, ամբողջությամբ լինի միակողմանի: Վերևում ստորգետնյա ավտոկայանատեղիներ կան, կառուցապատողը պատրաստ է այնպես անել, որ միանգամից բնակիչը դուրս գա Սայաթ-Նովա փողոց: Մենք փորձում ենք զարգացնել քաղաքը, բարեկարգել»,- նշեց Վիկտոր Մնացականյանը:

«Եկեք, մի հատ ուղեղով մտածենք, երբ շենք ենք կառուցում, թեթևացնո՞ւմ ենք, թե՞ հակառակը: Մանկապարտեզի անվան տակ մեզ էշի տեղ են դնում»,- հակադարձեց բնակիչներից մեկը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս