
G7-ի երկրները 20 մլն եվրո կուղարկեն Ամազոնիայում հրդեհները մարելուն օգնելու համար

Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարները որոշել են որպես օգնություն 20 մլն եվրո հատկացնել Ամազոնիայում հրդեհները մարելու համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բիարիցում G7-ի գագաթնաժողովում Չիլիի իր պաշտոնակից Սեբաստիան Պինյերայի հետ կայացած բանակցություններում:
«Ամազոնիան մոլորակի թոքերն են, եւ այդ աղետը չպետք է անտարբեր թողնի ոչ ոքի,- նշել է նա:- Ֆրանսիան այն երկրների թվում է, որոնց անմիջականորեն վերաբերում է տեղի ունեցողը:
Մտադիր ենք նաեւ նախաձեռնություն ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում»:
Ավելի վաղ Բրազիլիայի պաշտպանության նախարար Ֆեռնանդու Ազեվեդու Սիլվան հայտնել է, որ երկրի իշխանությունները 44 հազար զինծառայողների են ուղարկել Ամազոնիայում մոլեգնող բնական հրդեհների դեմ պայքարելու համար:
Մինչ այդ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հրամանագիր է ստորագրել, որն արտոնում Է բանակի մասնակցությունը Ամազոնիայի հրդեհների դեմ մղվող պայքարին:
Սաստիկ հրդեհները Ամազոնիայի անտառներում մոլեգնում են մի քանի շաբաթ, դրանց ոակերեսը 82 տոկոսով ավելի է, քան ամբողջ 2018 թվականին կրակի ճարակ դարձած տարածքը: Ընթացիկ տարում Բրազիլիայում տեղի են ունեցել արդեն ավելի քան 78 հազար անտառային հրդեհ. դա վատագույն ցուցանիշն է 2013 թվականից ի վեր:
Բիարիցում G7-ի գագաթնաժողովի բացվելուց առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ամազոնիայի հրդեհները համարել է լուրջ միջազգային ճգնաժամ եւ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուին մեղադրել է կլիմայի վերաբերյալ պարտավորությունները չկատարելու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: