«Բնապահպանները ծեծել են Գնդեվազի բնակիչներին». կա ձերբակալված մեկ անձ

168.am-ի տեղեկություններով շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ի գիշերը Գնդեվազում տեղի է ունեցել ծեծկռտուք Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև: Գնդեվազից մեր զրուցակիցը պատմեց, որ ծեծկռտուքի արդյունքում Գնդեվազի երկու բնակիչ հայտնվել է հիվանդանոցում.

«Բնապահպանների մեծ խումբ է եղել, գոռացել են՝ «Ամուլսարը հանք չպետք է դառնա», ««Լիդիան», հեռացիր», այդ մարդիկ էլ անցնելիս են եղել, ասել են՝ ուշ ժամ է, ձայներդ՝ կամաց, կամ գնացեք ձեր բակերում գոռգոռացեք: Այդտեղ էլ սկսվել է ծեծկռտուքը, այնպես են ծեծել, որ այդ մարդիկ հայտնվել են հիվանդանոցում: Դա եղել է ժամը 22:30-23:00-ն ընկած ժամանակահատվածում, գնդեվազցիներն ասել են՝ ինչո՞ւ եք գոռում, քնած երեխաներ կան: Բնապահպանները շատ են եղել, բայց երբ սկսվել է ծեծկռտուքը, մեծ մասը փախել է, իսկ 6 հոգով հասել են երկուսի վրա, ծեծել են: Որ գյուղացիները զգուշացրել են՝ չի կարելի այս ժամին աղմկել, իրենք ասել են՝ մենք ենք որոշում, մենք ենք երկրի տերը, մենք ենք այսօրվա իշխանությունը: Ասել են՝ ոստիկանն էլ է մերը, ոնց ուզում ենք՝ այդպես աշխատում է»,- մեզ հետ զրույցում պատմեց Գնդեվազի բնակիչը, որը չցանկացավ ներկայանալ՝ ընդգծելով՝ վախենում է:

«Ես մտահոգ գյուղացի եմ, փոքր երեխա ունեմ, վախենում եմ իմ երեխայի հետ դուրս գամ: Ես հանքի հետ առնչություն չունեմ, բայց բարեկամներ ունեմ, որ հանքում են աշխատել: Այսօր այդ մարդկանց թշնամանքով են նայում, կարծես թե հանք բացողն ու հանքի տերը մենք ենք: Հիմնարկություն է եղել, մարդիկ աշխատել են, հո դա իրենցը չէ՞:

Սա առաջին դեպքը չէ, դա նրանից է գալիս, որ անպատիժ են մնացել: Էլի են եղել նման դեպքեր, մնացել են անպատիժ ու դարձել են երկրի տերը, իրենք են որոշում՝ շնչես, թե չշնչես, այդ գյուղում ապրես, թե չապրես: Իրենք գիշերվա ժամերին են դուրս գալիս գոռգոռում, թե այդ ինչ առյուծի սիրտ են կերել, ես չգիտեմ, բայց պատկերացրեք բնակչության վիճակը, որ տներում նստած՝ գոռգոռոցներ են լսում»,- ասաց նա:

168.am-ի հետ զրույցում Ոստիկանությունից հաստատեցին՝ օգոստոսի 24-ին, ժամը 22:30-ի սահմաններում Գնդեվազ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն. «Օգոստոսի 25-ին ժամը 00:55-ին Վայքից ահազանգ է ստացվել, որ Վայք բժշկական կենտրոն ժամը 23:25-ին բուժօգնության են դիմել Գնդեվազ գյուղի երկու բնակիչ՝ մեկը՝ աջ ականջի պատռվածքով, մյուսի մոտ՝ ձախ ակնակապիչի կտրված վերք: Մեկնած խումբը պարզել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 22:30-ի սահմաններում Գնդեվազ գյուղում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում քաղաքացիները ստացել են նշված վնասվածքները: Հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է»:

Տեսանյութեր

Լրահոս