ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանը չի ցանկանում զրուցել լրագրողների հետ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Գրառման մեջ մասնավորապես նշված էր.
«Այսօր իմ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը հրապարակավ ընդունել է նաև ռեկտորի պաշտոնակատարը:
Հաշվի առնելով այն, որ մեր կառավարության և անձամբ ինձ համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի՝ եկանք փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը»:
168.am–ը փորձեց զրուցել նաև ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանի հետ, սակայն նրա հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել, իսկ ՀՊՏՀ լրատվական բաժնի աշխատակիցը փոխանցեց, որ Ռ. Հայրապետյանը տեղեկացրել է, որ չի ցանկանում լրագրողների հետ կապի մեջ մտնել, խոսել, ընդունել:
Ի դեպ, տեղեկացանք նաև, որ ի պաշտպանություն նրա պաշտոնավարման սկսվել է ստորագրահավաք. Change.org կայքում այն տարածվում է «ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ» կոչով:
Տեքստում մասնավորապես նշվում է. «Սույն ստորագրահավաքը կազմակերպվում է առ այն, որ ՀՊՏՀ ուսանողները, շրջանավարտները, դասախոսները, գործատուները և մյուս շահառուները կողմ են իրականացվող բարեփոխումներին և իրենց աջակցությունն են հայտնում բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի որդեգրած ռազմավարությանը, ինչպես նաև ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԻ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ: Համալսարանի շահառուները սույնով որակյալ կրթություն ստանալու իրենց իրավունքի պաշտպանության քայլ են կատարում՝ պահանջելով գիտամանկավարժական կազմը համալրել բացառապես մասնագիտական բարձր որակավորում ունեցող դասախոսներով և բուհի ղեկավարումը վստահել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի՝ իրենց աջակցությունը վայելող թեկնածուին»:
Զարուհի Դիլանյան