Մարինա Խաչատրյանը՝ ՀՀ-ում օրգանների փոխպատվաստման դաշտում առկա խնդիրների մասին
Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ Հանրություն» հ/կ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ-ում օրգանների փոխպատվաստման դաշտում առկա խնդիրներին:
Թեմայի առնչությամբ նա հիշեցրեց 2017 թ. փետրվարի 13-ի Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը, երբ ավագանու անդամների և քաղաքապետի բախման ժամանակ եկավ շտապօգնության հոգեբուժական բրիգադը.
«Բրիգադին հրավիրել էին փակ համարից, ինչն օրենքի լրջագույն խախտում է, որովհետև շտապօգնության ցանկացած կանչ ընդունելու ընթացակարգ կա՝ պետք է պացիենտի տվյալները նշվեն, հեռախոսահամարը, որից զանգը կատարվել է, և այլն։ Այն ժամանակ մենք հարցում ուղղեցինք «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենին, որտեղից մեզ պատասխանեցին, որ հոգեբուժական կանչերը մի շարք դեպքերում՝ ոստիկանության մասնակցությամբ, կարող են կրել փորձագիտական կամ կոնսուլտատիվ բնույթ»,- ասաց նա՝ հավելելով, որ դեպքեր է ներկայացրել, երբ քաղաքացիներին իրենց կամքից անկախ ու ապօրինաբար տեղափոխում են հոգեբուժարաններ:
Մ. Խաչատրյանը հիշեցրեց նաև հունվարի 10-ին դեռևս փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից արված հայտարարությունը, որ Հայաստանում ունենք երեխաների օրգանների վաճառք և դրանով զբաղվող մաֆիա։
Նա հավելեց, որ Ա. Միրզոյանի հայտարարությունից 7 օր հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից թեզ հնչեցվեց, որ Հայաստանի մանկատներից երեխաներ են որդեգրում՝ հետագայում նրանց օրգանները փոխպատվաստման նպատակով օգտագործելու համար:
«Մենք ունենք «Օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման» մասին օրենք՝ ընդունված 2002թ., բայց 2019թ․, չգիտես ինչու, այս ոլորտի հանդեպ ուշադրությունն ավելի ակտիվացել է, և տրվել է 6 հրաման։
2002 թ. օրենքում ասվում է, որ մահից հետո մարդու օրգաններն ու նրա հյուսվածքները կարող են օգտագործվել որպես դոնորական միայն այն պարագայում, եթե կենդանության օրոք դրա համար համաձայնություն է տրվել։
2009թ. օրենքի այս կետը փոփոխվեց, ըստ որի, եթե մարդը չի հրաժարվել, ապա նրա մահվանից հետո կարող են նրա օրգաններն օգտագործվել, բայց 2010 թ., երբ ՄԻՊ-ը դիմեց Սահմանադրական դատարան, ՍԴ-ն այս կետը ճանաչեց հակասահմանադրական»,- մանրամասնեց Խաչատրյանը՝տեղեկացնելով, որ 2002 թ․-ից Արաբկիր բժշկական կենտրոնում մինչ օրս կատարվել է 150 փոխպատվաստում, որից 25-ը դիակային դոնորից է:
Ըստ նրա՝ մինչ օրս չկա կոնկրետ ձև, որ մարդն իր կենդանության օրոք գնա, իր համաձայնությունը գրի. չհրաժարվելը դեռ չի նշանակում՝ համաձայնություն տալ։
Մ. Խաչատրյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ պարզելու մի շարք մտահոգիչ հարցեր. «Ի՞նչ եմ պահանջել. պահանջել եմ հարցաքննել Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանին՝ պարզելու՝ ինչ հիմքով են նրա ղեկավարած կառույցի հոգեբուժական բրիգադները սպասարկում կանչեր՝ օրենքի կոպտագույն խախտմամբ:
Պարզել, թե քանի՞ այդպիսի կանչ է սպասարկվել, քանի՞ քաղաքացի է տեղափոխվել հոգեկան առողջության կենտրոններ, և այդ քաղաքացիների ճակատագիրը:
«Արաբկիր» բժշկական կենտրոնում իրականացված 25 դիակային դոնորից փոխպատվաստման դեպքերի առնչությամբ հարցաքննել «Արաբկիր» բ/կ գիտական ղեկավար Արա Բաբլոյանին և տնօրեն Արման Բաբլոյանին՝ պարզելու դիակային դոնորների կենդանության օրոք համաձայնության փաստաթղթերի առկայությունը և թե կոնկրետ ի՞նչ օրգան-հյուսվածքներ են վերցվել փոխպատվաստման նպատակով:
Իրականացնել լայնածավալ ստուգումներ հոգեկան առողջության բոլոր կենտրոններում, կալանավայրերում և մանկատներում՝ շեշտը դնելով սպիների առկայության վրա որովայնի վրա՝ անհրաժեշտության դեպքում՝ ձևավորելով հատուկ մասնագիտական հանձնաժողովներ»:
Զարուհի Դիլանյան