
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական և ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ

Մոսկվայում երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը իր գործընկերոջ՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։ Գոհունակություն հայտնելով հարաբերությունների ներկայիս մակարդակի վերաբերյալ և ընդգծելով դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, պաշտպանության նախարարները կարևորել են համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Պարոն Դավիթ Տոնոյանը և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ»,-հայտնել է Հովհաննիսյանը։