«Սա Հայաստանի համար մի կողմից՝ մարտահրավեր է, մյուս կողմից՝ հնարավորություն». Արմեն Իսրայելյան
Հարցազրույց իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ
– Պարոն Իսրայելյան, ԱՄՆ Դաշնային ռեեստրի կայքում տեղադրված նախնական փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել հայկական երկու ընկերությունների նկատմամբ: Սա շարունակական կարո՞ղ է լինել:
– Դժվարանում եմ ասել՝ շարունակական կլինի, թե ոչ, բայց նախօրեին ընկերությունների կողմից հայտարարություն տարածվեց, որ վերջին տարիներին կապ չեն ունեցել Իրանի հետ: Ինչևէ, այդ պարզաբանումը կլինի՝ կտեսնենք: Կարևոր է ընդգծել, որ սա Հայաստանի դեմ ուղղված գործողություն չէր:
Պատժամիջոցների տակ են հայտնվել կազմակերպություններ նաև այլ երկրներից (Պատժամիջոցների տակ, բացի հայկական ընկերություններից, հայտնվել են ընկերություններ Չինաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելգիայից, Կանադայից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդեռլանդներից, Միացյալ Արաբական Էմիրություններից և Մեծ Բրիտանիայից,- Ռ.Մ.): Այսինքն՝ դրանք ընդհանուր ԱՄՆ-ի այն որդեգրած քաղաքականության արդյունքն են, որի մասին վերջին շրջանում հայտարարվում է: Ամեն դեպքում, սա աննախադեպ չէր:
Իհարկե, մեզ համար ոչ բարենպաստ գործընթաց է, բայց եթե նայում ենք վերջին շրջանում առկա իրողություններին, ապա բանկային համակարգի նկատմամբ գործողությունները նույնպես կարելի է համարել պատժամիջոցներ, այսինքն՝ փաստացի, երբ իրանական բանկերի կամ Իրանի քաղաքացիների հետ հայաստանյան բանկերը չեն կարողանում գործարքներ իրականացնել, սա ևս պատժամիջոց է:
Այդ գործընթացներն Իրան-ԱՄՆ հարաբերությունների պարզաբանման տիրույթում են, և այստեղ հայկական կողմը մեծ ցանկության դեպքում էլ որևէ գործողություն չի կարող իրականացնել: Այստեղ մեծ հարցեր կան, որոնք կապված են Իրանի հետ, և Իրանը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, որոնց դեպքում ԱՄՆ-ը կհրաժարվի այդ գործողություններից:
– ԵՏՄ շրջանակներում Իրանի հետ համագործակցությունն ի՞նչ կտա Հայաստանին, ի՞նչ սպասելիքներ ունենանք:
– Այստեղ կարևոր է ընդգծել, որ իրանական կողմը ԵՏՄ շրջանակներում նվազեցրել է մեզ համար կարևոր ապրանքների մասով մաքսատուրքերը: Եթե մեր գործարար շրջանակները կարողանան ճիշտ օգտագործել դա, ապա շատ լուրջ հաջողություն կարող ենք ունենալ տնտեսության ոլորտում՝ առևտրաշրջանառությունը կաճի: Մեծ հաշվով, Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները ևս հնարավորություն են ստեղծում մեզ համար. իհարկե, մի կողմից խնդրահարույց է, բայց հնարավորություն է՝ այլ դաշտում համագործակցել և տնտեսական օգուտներ քաղել, ինչից օգտվում են Իրանի բոլոր հարևանները:
Սա շատ կարևոր է. տարիներ շարունակ ՌԴ-ն, Չինաստանը և Իրանի մյուս կարևոր գործընկերներն Իրանի նկատմամբ այդ պատժամիջոցներից օգտվում են: Եթե գանք մեր տարածաշրջան, ապա Թուրքիան, ԱՄԷ-ն, մյուս երկրները նույնպես օգտվում են: Հետևաբար՝ սա Հայաստանի համար մի կողմից՝ մարտահրավեր է, մյուս կողմից՝ հնարավորություն:
– Իրանի համար ԵՏՄ-ն ի՞նչ նշանակություն ունի, ո՞րն է նրա շահագրգռվածությունը:
– Իրանը մի քանի նպատակ է հետապնդում: Առաջին՝ Իրանը նպատակ ունի ԵՏՄ-ի հետ հաջող համագործակցությունը ծառայեցնել Շանհայի համագործակցության կազմակերպությանը լիարժեք անդամակցելուն, որն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Մի շարք խոչընդոտներ կան այդ հարցում, և այստեղ ռուսական կողմն իր աջակցությունը միշտ հայտնում է Իրանին, որպեսզի անդամակցի: Այսինքն՝ այս հաջող ինտեգրացիան կօժանդակի նաև այդ ուղղությամբ: Մյուսը տնտեսականն է. առանձին երկրների հետ Իրանն ունի երկկողմ առևտրային համագործակցություն, բայց այս համագործակցության շրջանակներում Իրանը կկարողանա իր համար շահավետ տարբերակով ԵՏՄ շուկայից ներկրել ապրանքներ, նաև՝ իր ապրանքատեսակներն արտահանել:
Մյուսը գործարքներին է վերաբերում. սա հնարավորություն կտա խուսափելով բանկերի նկատմամբ պատժամիջոցներից՝ «ապրանք՝ ապրանքի դիմաց» առևտուր իրականացնել, ինչն այս պատժամիջոցների ընթացքում Իրանի համար կարճաժամկետ լուծում է:
– Իսկ Հայաստանն ի՞նչ կարող է առաջարկել Իրանին:
– Մենք հնարավորություն կունենանք մսամթերք արտահանել, մինչ այժմ էլ դա կար, բայց բարձր մաքսատուրքերը խոչընդոտում էին: Եթե մինչ այդ ամեն անգամ ինչ-որ գործողություններ կատարելիս հարկավոր էր համաձայնություն ձեռք բերել, այստեղ արդեն համաձայնագրի շրջանակներում իրանական կողմը պարտավորվում է որոշ ապրանքներ համապատասխան մաքսատուրքերով ներմուծել Հայաստանից՝ մսամթերք, պահածոները, եթե չեմ սխալվում՝ ոսկի, և այլն:
Այսինքն՝ եթե մենք այս ոլորտները կարողանանք ապահովել Իրանի 80 միլիոնանոց շուկային, դա Հայաստանի համար դրական էֆեկտ կտա՝ իր համապատասխան շղթայական գործողություններով:
– ԵՏՄ-ի հետ համագործակցության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Ռուհանիին հրավիրեց Հայաստան, ի՞նչ եք կարծում՝ նա կժամանի՞ Հայաստան, այս մասին ի՞նչ են խոսում իրանական շրջանակներում:
– ԵՏՄ շրջանակներում ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի վերջին հեռախոսազրուցի ընթացքում դրան անդրադարձ կատարվել է, բայց իրանական կողմից սովորաբար մեկ-երկու ամիս շուտ հաստատում չի լինում:
Ընդհանուր առմամբ, Իրանը դրական է գնահատում ԵՏՄ-ի հետ համագործակցությունը: Ես կարծում եմ, որ, այո, այցը կլինի, եթե այդ շրջանում Իրանի շուրջ անցանկալի զարգացումներ չլինեն: Կոնկրետ Իրան-ԵՏՄ մասով համոզված եմ, որ դա Իրանի առաջնահերթություններից է, և Իրանի նախագահը պետք է մեծ պատրաստակամությամբ ժամանի, որովհետև սա շատ կարևոր հանդիպում է լինելու: Մասնակից երկրներն էլ հատկապես այս շրջափուլում՝ Իրանի համար կարևորություն ունեցող երկրներն են:
Եթե ԵՏՄ մասնակիցների կողմից հաջողվի ԵՏՄ-Սինգապուր համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերել, Սինգապուրի վարչապետն էլ ժամանի, ապա սա շատ լավ համագործակցության հարթակ կարող է լինել. Երևանը լավագույնս պետք է դա օգտագործի:
Վերջին շրջանում վարչապետն այցելեց Վիետնամ, Չինաստան, Սինգապուր. այդ բոլոր երկրների հետ ԵՏՄ-ն փորձում է ինտեգրացիոն ինչ-որ գործիքակազմեր ձևավորել: Սա վկայում է, որ Երևանը գլխավորելով այդ նախաձեռնությունը՝ փորձում է այդ բոլոր երկրներին բերել, իր տնտեսական օգուտները քաղել:
Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար: Իհարկե, մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ, բայց եթե հայ գործարարները կարողանան ճիշտ աշխատել, մենք մեր դիրքը չենք զիջի ԵՏՄ մյուս երկրներին: Ավելին, եթե Իրան-ՌԴ առևտրաշրջանառությունը չհաշվենք, ապա մենք առևտրաշրջանառության մասով, թերևս, հավասար ենք Ղազախստանի հետ, այն դեպքում, որ Ղազախստանի հետ Իրանն ունի երկաթգիծ, ենթակառուցվածքներն ավելի բարվոք են: Բելառուսի հետ Իրանն ունի շատ ցածր առևտրաշրջանառություն, Ղրղըզստանի հետ՝ ևս: Հայաստանը վատ դիրքերում չէ, բայց պետք է Իրանի շուրջ ստեղծված այդ իրավիճակն օգտագործել, ինչի մասին նաև Տիգրան Սարգսյանն էլ հայտարարեց: