«Նախարարին եկել եք խաչապուրիից եք հարցնո՞ւմ». Արայիկ Հարությունյան
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստում հրաժարվեց մեկնաբանել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, թե դասախոս Գագիկ Շահնազարյանը քննության ժամանակ «խաչապուրի է խժռել»:
«Նախարարին եկել եք խաչապուրիից եք հարցնո՞ւմ»,- ասաց Ա.Հարությունյանը՝ նշելով, որ դրանք մանր հարցեր են, որոնք բուհում կլուծվեն:
Անդրադառնալով համալսարանում դասախոսների համալրման խնդրին՝ նախարարը վստահեցրեց, որ թույլ չեն տա, որպեսզի հարցը դուրս կա օրենքի և իրավունքի դաշտից, ու դա չի ազդի դասերի վրա:
Անդրադառնալով դասագրքերի տպագրությանը՝ Ա.Հարությունյանը նշեց, որ երկու փուլով դասագրքերն արդեն տպվել են, հանձնաժողովը չի կարողանում Հայոց պատմության բովանդակության վերաբերյալ եզրակացության գալ, շատ բարդ քննարկումներ են ընթանում՝ ընտրությունների, քաղաքական գնահատականների հետ կապված, իսկ մնացած դասագրքերի հետ կապված չափորոշիչներ են մշակվում, որն ավելի երկար գործընթաց է:
«Ես թույլ չեմ տվել պատմության դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել եզրակացության»,- ասաց նա՝ նշելով օրինակ, որ վիճելի ձևակերպումներ կան Մարտի 1-ի հետ կապված:
Նա չբացառեց, որ նոր դասգիրքը հնարավոր է չտպվի, քանի դեռ հանձնաժողովը չի եկել եզրակացության, նաև չբացառեց, որ կիրառեն այլ երկրների փորձը, որ վերջին 20-25 տարիների պատմությունը չներառվի դասագրքում:
Նա տեղեկացրեց, որ դպրոցներում աշակերտների ընդունելությունը դեռ շարունակվում է և ամփոփված չէ, սակայն նախկինի նման գերբեռնված և թերբեռնված դպրոցներ չկան: