«Ատելության խոսքին մասշտաբայնություն հաղորդեցին գործող իշխանությունները, և հիմա ստացվում է, որ օրենսդրական նորմեր են մշակում իրենք իրենց դե՞մ». Ռոբերտ Հայրապետյան

Դեռևս 2019 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարել էր քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը։

Եվ ահա ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այս հանձնարարականի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից կատարվել է գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշերի և փորձի ուսումնասիրություն:

Ուսումնասիրության արդյունքում մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնություն քարոզելու համար:

Նշվում է, որ նախագիծը մշակելիս հաշվի է առնվել Հայաստանում  ատելության խոսքի տարածումը, այդ կապակցությամբ հանրության շրջանում հնչող մտահոգությունները, ինչպես նաև անհանդուժողականության, խտրականության և բռնության աճի կանխարգելման անհրաժեշտությունը:

Նախագծով որդեգրված մոտեցումը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների հանձնարարականների վրա: Մասնավորապես, ռասիզմի և այլատյացության որոշ ձևերի և արտահայտությունների դեմ պայքարի մասին ԵՄ շրջանակային որոշման մեջ նշված է, որ անդամ պետությունները պետք է  պատիժ նախատեսեն բռնության կամ ատելության դիտավորյալ և հրապարակային հրահրման, ինչպես նաև միջազգային որոշ հանցագործությունների հրապարակային թողտվության, ժխտման կամ այն սովորական երևույթ դարձնելուն, ինչը կարող է հանգեցնել բռնության կամ ատելության:

Օրենսդրական նախաձեռնության դրական կողմերի ու ռիսկերի մասին 168.am-ի հետ զրույցում իրավաբան, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը նշեց, որ այն ընդհանուր առմամբ դրական է համարում, բայց ՀՀ գործող օրենսդրությունը թե քաղաքացիաիրավական, և թե քրեաիրավական տեսանկյունից ունի բավարար կարգավորումներ խնդրո առարկայի վերաբերյալ՝ սկսած ՀՀ սահմանադրության 29-րդ հոդվածից («Խտրականության արգելքը») մինչև քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված վիրավորանքի և զրպարտության համար իրավական պաշտպանության հնարավորություն։

«Ի դեպ, վերջին դեպքը ժամանակին ուներ քրեաիրավական կարգավորում, որը հետագայում ապաքրեականացվեց։ Անդրադառնալով բուն Քրեական օրենսգրքի իրավական կարգավորումներին` ուզում եմ նշել օրենսգրքով սահմանված այն դրույթները, որոնք  նախատեսում են բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը, կամ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը:

Սրանք հոդվածներ են, որոնք բավարար կերպով իրավական հնարավորություն են ստեղծում անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնություն քարոզելու գործողություններից տուժած անձանց համար»,- նկատեց Ռոբերտ Հայրապետյանը:

Վերջինս նշում է` հարկ է նկատել, որ հստակ իրավական ձևակերպումները, իհարկե, որոշակի են դարձնում օրենքը, բայց իրավիճակային լուծումները (իսկ այս նախագիծն այդպիսին է) հետագայում կարող են հանգեցնել ավելի բացասական հետևանքների։ Եթե առկա է խնդիր, ապա պետք է փորձել գտնել դրա համակարգային լուծումը։

«Ատելության խոսքը մեծ մասամբ մեր օրերում քարոզվում է, այսպես կոչված, ֆեյք օգտահաշիվների կողմից։ Եթե դեռևս մշակված չեն ֆեյքերի դեմ պայքարի օրենդրական լուծումներ, ապա որքանո՞վ արդյունավետ կաշխատի այս օրինագիծը»,- տարակուսում է փաստաբանը:

Նրա պնդմամբ` օրենսդրական ձևակերպումները գեղեցիկ քայլ են, բայց դա դեռ չի վկայում քաղաքական կամքի մասին, և չկա երաշխիք, որ օրենքի կգործի, կամ ըստ էության կգործի բոլորի համար, այլ ոչ թե կսպասարկի կոնկրետ անձանց շահեր։ Բացի դրանից, չկա մշակված գործիկաքազմ, որը հստակ կբացառի խոսքի ազատության իրավունքի իրացման նկատմամբ ոչ իրավաչափ միջամտությունը, ինչն էլ իր հերթին՝ կհանգեցնի լուրջ իրավական խնդիրների։

«Չեմ կարող չնկատել, որ ատելության խոսքը, որպես այդպիսին, մեծամասշտաբ դարձավ իշխանափոխությունից հետո և հենց այդ գործընթացների իրականացման արդյունքում։ Պայքարի հենց այդ ձևն էր ընտրված այն ժամանակվա՝ ընդդիմության, հիմա արդեն՝ իշխանություն դարձածների կողմից, երբ Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի բնակարանների մոտ կախվել էին սև ժապավեններ, երբ արդեն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության կին պատգամավորների հեռախոսահամարները` զուգորդված ատելության կոչերով։ Հետագայում դա երևաց նաև հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելու հայտարարություններով, և այլն»,- հիշում է Ռոբերտ Հայրապետյանը:

Վերջինիս կարծիքով` սրանք բոլորն ատելության կոչերի դասական օրինակներ են, բայց Քրեական օրենքի խստացնող նորմի հետադարձ ուժի անթույլատրելիությունը դրանք կթողնի անպատիժ։

«Այդ դասական օրինակի շարունակական դեպք է նաև քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանի հանրային գործելաոճը. երբ կատարվում են գործող իշխանություններին գովերգող բազմաթիվ գրառումներ՝ համեմվելով նախորդների դեմ ատելության կոնկրետ արտահայտված խոսքերով: Աբսուրդը կայանում է նրանում, որ ատելության խոսքին մասշտաբայնություն հաղորդեցին գործող իշխանությունները, և հիմա ստացվում է, որ  օրենսդրական նորմեր են մշակում իրենք իրենց դե՞մ»,- ասում է իրավաբանը:

Ռոբերտ Հայրապետյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ սա այն նախագիծն է, որի վերաբերյալ տեղին է նշել. «Ավելի գերադասելի է անկատար, բայց կիրառվող օրենք, քան կատարյալ օրենք, բայց միայն` թղթի վրա»։

Տեսանյութեր

Լրահոս