Վանաձորը հռչակվել է 2019-ի երիտասարդական մայրաքաղաք
Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես երիտասարդության միջազգային օր: Այս տարվա կարգախոսն է՝ «Փոխակերպելով կրթությունը», օրվա խորհուրդը` երիտասարդությանն առնչվող հարցերի բարձրաձայնումը:
«Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքում փորձագիտական գնահատականներով և SMS քվեարկությամբ 2019 թվականին երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Վանաձորը: Երիտասարդական մայրաքաղաքն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարար Արայիկ Հարությունյանին:
«Փոխակերպելով կրթությունը» հարթակային քննարկմանը ողջունելով մասնակիցներին՝ նախարարն ասել է, որ շուրջ մեկ տարի առաջ նշանակվելով Կրթության ու գիտության նախարարի պաշտոնում` գիտակցել է, որ հեղափոխությունը հարկ է ամրապնդել մարդկանց մտքերում: «Մենք ցանկանում ենք ունենալ կրթված, իրազեկ ու ինքնավստահ քաղաքացի, որն արդեն պատանեկության փուլում հասկացել է, թե վաղն ինչով է ցանկանում զբաղվել ու գիտի, որ իր նպատակներին հասնելու ամենից գործուն երաշխիքն ինքնազարգացումն է։ Այս նպատակով փոխում ենք մեր հանրակրթական չափորոշիչները։ Գործընթացն արդեն սկսվել է, ու մի քանի տարի հետո կունենանք նոր դպրոցական ծրագրեր, որոնք համապատասխան կլինեն ապագայի մարտահրավերներին ու դպրոցը սիրելի կդարձնեն երեխայի համար»,- երիտասարդներին դիմել է Ա.Հարությունյանը։
Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: Կրթության փոխակերպման, ապագայի մասնագիտությունների մասին իրենց պատկերացումները երիտասարդների հետ կիսել են նաև Ազգային ժողովի ու կառավարության ներկայացուցիչներն ու պատասխանել նրանց հարցերին:
Օրվա խորհրդին համահունչ Վանաձորում տեղի են ունեցել այլ միջոցառումներ՝ «Սպորտային քվեստ», «Հնարավորությունների տոնավաճառ և վարպետաց դասեր», «Առաջին օգնության ցուցադրական դասեր», «ԷկոՎազք», քաղաքային տուր Վանաձորի տեսարժան և նշանակալից վայրերով, պարայինֆլեշմոբ:
Տոնակատարությունները կեզրափակվեն բացօթյա համերգով, կանցկացվի Լոռու մարզում հայտարարված «Awesome» մրցանակաբաշխությունը, Վանաձորին կհանձնվի երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին: