
Հոնկոնգի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մետրոյում

Հոնկոնգի ոսմտիկանությունն արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ է կիրառել մետրոյում՝ բախումների ընթացքում հետապնդելով ցուցարարներին, որոնք խաղաղ եւ իշխանությունների կողմից արտոնված հանրահավաք էին սկսել հանուն ժողովրդավարության եւ քաղաքի քաղաքական ինքնավարության:
Տեսագրություններից մեկում երեւում է, որ Հոնկոնգի մետրոյի կապույտ ուղեգծի «Թայ Կու» կայարանում հատուկ նշանակության ուժերը ռետինե գնդակներով բողոքի մասնակիցների վրա կրակում են մոտ տարածությունից:
Կան վկայություններ, որ առնվազն մի կին լուրջ վերքեր է ստացել դեմքին, եւ բժիշկները վախենում են, որ նա կկորցնի աչքը: Իրադարձությունների վայրից BBC-ի թղթակից Սթիվեն Մաքդոնելը հաղորդում է, որ սա առաջին դեպքն է, երբ բողոքի մասնակիցներին ցրելու գործողությունները տեղափոխվել են մետրո:
Նաեւ առանձին տեսագրություններում երեւում է, որ ոստիկանությունը մահակներ է կիրառում շարժասանդուղքով երթեւեկող մարդկանց նկատմամբ: Նաեւ օգոստոսի 12-ին Հոնկոնգի միջազգային օդանավակայան բողոքի մասնակիցների ներհոսքի պատճառով այնտեղ չեղարկվել են բոլոր չվերթերը: