«Ունենք նշանակալի ձեռքբերումներ. հակառակորդը փորձել է որոշակիորեն զսպել մեր ձեռքբերումները». ՊՆ փոխնախարար

ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողներին ասաց, որ երեկ եղել է 4-րդ կորպուսի պահպանության տարածքում, և նրա խոսքով՝ Խաչիկ, Արենի գյուղերի մասում համեմատաբար հանգիստ էր, կրակոցները բավականին քիչ էին, կամ գրեթե չկային.

«Մի փոքր կրակոցներ կային Զանգակատան ներքևի սահմանապահ դիրքերի ուղղությամբ, բայց միանշանակ վերահսկելի է ՀՀ ԶՈւ-ի կողմից: Կրակոցների քանակն էլ սովորականի պես է, մենք վերջին մեկ տարվա մեջ օր չենք ունեցել, որ կրակոց չի եղել, բայց այս փուլում համեմատաբար հանգիստ է: Վերջին շրջանում հակառակորդի հետ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում մենք Տավուշի մարզում ենք զոհ ունեցել, և համարժեքից ավելի պատասխան է տրվել»:

Փոխնախարարը նշեց, որ վերջին 1-2 շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին եղած կրակոցների մի փոքր շատ լինելը պայմանավորված է երկկողմանի ինժեներական աշխատանքներով.

«Երկկողմանի շատ ինտենսիվ ընթանում են ինժեներական աշխատանքներ, և մեր դիրքորոշումը, ՊՆ-ի կողմից իրականացվող քաղաքականությունն այն է, որ որևէ կերպ հնարավորություն չտրվի հակառակորդին՝ ոչ միայն առաջխաղացում ունենալու, դիրքային առավելության առումով, այլև եղած դիրքերն ամրացնելու առումով: Մեր ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ, մասնավորապես՝ հայաստանյան բոլոր սահմանամերձ շրջաններում:

Այսինքն՝ բավական հաջողությամբ մեր ինժեներական զորքերի առջև դրված խնդիրները կատարվում են, վերջին լարվածությունը հենց դրա արդյունք է, որ հակառակորդն էր փորձել որոշակիորեն զսպել մեր այն ձեռքբերումները, որոնք արդեն իսկ ունենք և փորձում ենք ամրապնդել»:

Տեսանյութեր

Լրահոս