Մեծ Բրիտանիայի վարչապետի կինն առաջին անգամ պատմել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի կինը՝ Մարինա Ուիլերը, հայտնի իրավապաշտպան եւ գրող, որի հետ վարչապետն այժմ գտնվում է ամուսնալուծության գործընթացում, առաջին անգամ պատմել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին:
Իր հոդվածում, որն օգոստոսի 11-ին հրապարակվել է The Sunday Times թերթում, Ուիլերը գրում է, որ այս ամռանը ենթարկվել է արգանդի վզիկի ուռուցքի հեռացման երեք վիրահատության, որն իր մոտ ախտորոշվել էր տարվա սկզբին:
Ընդ որում՝ բուժումը հաջողությամբ է անցել, իսկ անալիզները ցույց են տվել, որ ուռուցքը չի հասցրել տարածվել։ Ուիլերն իր պատմությունն օգտագործել է, որպեսզի բրիտանուհիների ուշադրությունը դարձնի այն բանի վրա, թե որքան կարեւոր է կանոնավոր կերպով ուռուցքային հիվանդությունների նշանների առկայության հետազոտություն անցնելը:
Ուիլերը եւ Ջոնսոնը, որոնք ամուսնացած են 25 տարի եւ չորս զավակ են ծնել, իրենց առաջիկա բաժանության մասին հայտարարել էին անցյալ տարվա սեպտեմբերին:
Կառավարության նոր ղեկավարը Դաունինգ-սթրիթ 10-ի վարչապետական նստավայր է տեղափոխվել իր ընկերուհու՝ Քերի Սիմոնդսի հետ, որը նրանից 24 տարով երիտասարդ է: Սա բրիտանական պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող վարչապետը բացահայտորեն մտերիմ հարաբերություններ է պահպանում մի կնոջ հետ, որն իր օրինական ամուսինը չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: