Պետական պրոպագանդան ու հանրության «ուղեղային լվացումները»

Վերջին շրջանում հայ իրականության մեջ ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանրությանը մատուցվում է մեծ չափաբաժնով ֆեյքնյուզ՝ մարդկանց հնարավորություն չտալով ինքնուրույն մտածել կամ ուղղակի կողմնորոշվել։ Յուրաքանչյուր տուրբուլենտ փուլում, որում ներկայումս գտվում է մեր հասարակությունը, մեծ են ռիսկերը մարդկանց «ուղեղների լվացման» և մանիպուլյացիոն մեթոդների համար։

Հենց այս ժամանակահատվածներում  շատ կարևոր է հասկանալ, թե գործող իշխանություններն ինչ քարոզչական հնարքներ են կիրառում սեփական դիրքերն ուժեղացնելու համար։

Այսպես բնազդական պահանջմունքների բավարարման միջոցները նախապես սահմանվում են, իսկ սոցիալական վարքի չափանիշերի ձևավորումը կայանում է ըստ այլ, մի երկրորդ ծրագրի, որն առաջինի ազդեցությամբ մշակում է ուղեղն ինքը՝ ելնելով մարդուց դուրս արտաքին աշխարհից ստացած տեղեկությունների հանրագումարից:

Ազդելով տեղեկությունների վրա, իմաստալից ձևով փոփոխելով այն` կարելի է կառավարել մարդու վարքը: Դրա վրա է, ասենք, կառուցվել մի պարզ երևույթ՝ կենցաղային խաբեությունների մարտավարությունը: Ինքնահաստատման բնազդով մարդն անկեղծորեն հավատում է, որ դատում է ինքնուրույն և ունակ է քննադատորեն վերլուծել, մշակել տեղեկություններ, տարբերել կեղծիքը ճշմարիտից, և այլ իրավիճակներ:

Դա հաճախ հանգեցնում է ամբարտավանության կամ մոլորության: Իրականությանն անհամապատասխան ծրագրավորում ունեցող մարդը կարծես կուրանում է: Առաջանում է ոգեհարցությամբ զբաղվողներին հայտնի դրություն, երբ «ականջ ունի՝ չի լսում, աչքեր ունի՝ չի տեսնում»:

Նման մարդը դատում է կեղծ, աննկատելիորեն իրեն ներարկված չափանիշերով, որոնք նրան դրդում են սխալ եզրահանգումների ու արարքների: Իմանալով ուղեղի ծրագրավորման տեխնոլոգիան, կարելի է կառավարել ամբոխը նույնիսկ դրոշների կամ պաստառների գույների, զանգվածային «գունավոր» շարժումների, տարբեր հայտնի խորհրդանիշների` այլ բնորոշումների հետ ամենատարբեր ձեռնածությունների միջոցով, ինչին բացահայտ կերպով ականատես դարձանք վերջին մեկուկես տարվա ընթացքում։

Գործող իշխանությունները փորձում են ամեն կերպ կառավարելի դարձնել լրատվական դաշտը և բոլորին թելադրել՝ խաղալ իրենց կանոններով։ Ինչպես հայտնի է` Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոն ՊՈԱԿ-ը, ով ունի հատուկ հանձնարարական՝ լրատվական ու տեղեկատվական դաշտում լինել կուրատորի դերում, մի ամբողջ գվարդիա է կցել իշխանությունների գովքն ապահովելու համար։

Քանիցս ականատես ենք լինում, թե ինչպես են այս կառույցի «փորձագետ-վերլուծաբանները» լուրջ դեմքով փորձում գնահատականներ տալ քաղաքական տարբեր իրադարձությունների և ներկայացնել «սեփական» մոտեցումները։ Հատկանշականն այն է, որ այս «անկախ» քաղաքագետները «պատահականության» սկզբունքով միշտ իրենց տեսակետներն արտահայտում են Փաշինյանի իշխանության «սազանդարությամբ» զբաղվող լրատվականներում։

Նշենք մի կարևոր հանգամանք ևս․ հիշյալ ՊՈԱԿ-ում ընտրվել է մի յուրահատուկ տակտիկա․ խուճապահար ստեղծվում են արհեստական փոքր «տրամաչափի» կայքեր, որոնք ունենում են «թիթեռնիկի կյանք», որպեսզի իրենց քիմքին հաճելի հրապարակումներ տեղադրեն, այնուհետև սոցցանցերում տարածեն։ Սա ներկա վարչական բուրգի գործունեությանը բնորոշ գործելաոճ է, որը կիրառվել է նաև նախկինում։ Շարքային «ստատուսչիների» միջոցով իրենց համար նախընտրելի «զոհ» է ընտրվում, այնուհետև թիրախային կետերը և հարվածի հիմնական ուղղությունները հստակեցվելուց հետո ագիտպրոպն անցնում է գրոհի։

Ի դեպ, մամուլը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի մթնոլորտ ապա­հովելու համար, վերևից համապատասխան օղակներին հանձնարարական են իջեցրել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն և ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների և օգտատերերի ցանկը։

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Հ.Գ. Ճշմարիտ հայրենասերները պարտավոր են վերջապես հասկանալ, որ գաղափարական, խորհրդանշանային, լեզվական, մշակութային (նույնիսկ՝ տարածքային) և այլ զիջումներն անթույլատրելի են:

Տեսանյութեր

Լրահոս