««Ատլետիկոն, «Բարսելոնան» և «Յուվենթուսն» ունեն ոճ, իսկ «Ռեալը»՝ ոչ». Սիմեոնե
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է ակումբի համար սեփական ոճի և պատմության կարևորության մասին:
«Երբ դուք համաձայնում եք աշխատել ակումբում, դրա պատմությունն ուսումնասիրելն ամենաիմաստուն բանն է, ինչ հնարավոր է անել: Դուք կարող եք ոճը հարմարեցնել ակումբի պատմությանը՝ միաժամանակ հավատարիմ մնալով ինքներդ ձեզ:
«Այաքսն» ունի իր դպրոցը, սեփական ոճը: «Բարսելոնան» և «Յուվենթուսը»՝ նույնպես: «Ատլետիկոն» նույնպես ունի: Իսկ ահա «Ռեալը»՝ ոչ: Նրա ոճը փոփոխվում է՝ կախված ֆուտբոլիստներից: Հայտնվում են նաև այնպիսի թիմեր, ինչպիսին է Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթի», որը չունի պատմություն, բայց որն ընդունում է Պեպի ցուցադրած ուղին: Գուցե տասը տարի անց մենք կարողանանք ասել, որ «Սիթին» իրեն հատուկ ձևով է խաղում: Տեսնենք, կգա՞ Գվարդիոլայից հետո մեկը, ով ամեն ինչ կհարմարեցնի իրեն:
Բայց, իհարկե, ակումբի պատմությանն ուշադրություն դարձնելը շատ կարևոր է. երկրպագուները պետք է տեսնեն այն, ինչ իրենց ծանոթ է, ֆուտբոլիստներին ավելի հեշտ է հասկանալ ակումբի պահանջները, երբ այն կայացած պատմություն ունի», – Սիմեոնեի խոսքերն է մեջբերում La Nacion-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը