Բաժիններ՝

«Վարչապետը հանձնարարել է փորձաքննություն իրականացնել մի կառույցի, որը պատշաճ չի աշխատում». Թեհմինե Ենոքյան

Ամուլսարի գործով լիբանանյան ELARD ընկերության իրականացրած փորձաքննության արդյունքների հրապարկմանը հասարակությունը սպասում էր հուլիսի վերջին: Դեռևս հուլիսի 9-ին Քննչական կոմիտեի հանրային կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնել էր, որ եզրակացությունը պատրաստ կլինի հենց այդ ժամանակահատվածում, բայց մինչ օրս այն չի հրապարակվել:

«Պարզ է, որ ինքն ընդամենը փոխանցել է կառույցի դիրքորոշումը, թե երբ պետք  է հրապարակվի ժամկետների առումով, այսօր ամսի երեքն է, հուլիսը վաղուց ավարտվել է, Քննչական կոմիտեն իր կողմից պատվիրված փորձաքննությունը չի հրապարակել»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գնդեվազ համայնքի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը, ով բազմիցս բարձրաձայնել է Ամուլսարի խնդրի շուրջ մտահոգ կողմերի կարծիքները:

Նա եզրակացության հրապարակման պատճառների մասին ենթադրություններ չունի. «Պետական մարմինն ասել է ժամկետ և չի պահել իր ժամկետը՝ անհասկանալի պատճառներով: Այս պահին չունենք հստակ դիրքորոշում, թե, վերջիվերջո, այդ փորձաքննությունն ինչ է իրենից ներկայացնում, որպեսզի ըստ այդմ հասկանանք՝ ինչ որակի փորձաքննություն են արել»:

Մեր հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն փորձաքննության արդյունքներից, Թ. Ենքոյանը պատասխանեց. «Անձամբ ես բացարձակ ոչ մի ակնկալիք չունեմ. մենք մեր դիրքորոշումը 3000 ստորագրությունով վաղուց արդեն արտահայտել ենք»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ երեկ հրապարակվել են ևս երեք համայնքների անուններ՝ Գլաձոր, Արենի և Եղեգնաձոր, որոնք Ջերմուկ համայնքի օրինակով միացել են համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ որոշումներին.

«Մարզպետը, չգիտես՝ ինչու, որոշել է սկսել Գլաձորից և դատական հայց է ներկայացրել Գլաձորի համայնքի ղեկավարի դեմ, որպեսզի իբրև թե ուժը կորցրած ճանաչվի այն, բայց մարզպետն իրավունք չունի միջամտել:

Վայոց ձորում 12 հազար ստորագրություն է հավաքվել, և այդ պրոցեսը մինչ օրս շարունակվում է»:

Հետագա անելիքների մասին Թ. Ենոքյանը չցանկացավ խոսել՝ նկատելով, որ շատ բան կախված է փորձաքննության որակից և այն քայլերից, որոնք Կառավարությունը կցանկանա անել:

Տեղեկացնենք, որ լրագրողը, ի նշան բողոքի, օրերս խնդրի մասին մեկնաբանություններ էր թողել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, որոնք անպատասխան են մնացել:

Ըստ նրա՝ վարչապետը հանձնարարել է փորձաքննություն իրականացնել մի կառույցի, որը պատշաճ չի աշխատում. «Մենք ասում ենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը և փոխվարչապետի անձնակազմն իրեն սխալ տեղեկություն են հրամցրել, և մենք չենք վստահում ո՛չ էդ կառույցներին, ո՛չ էլ իրենց փորձաքննության արդյունքներին»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս