Հայտնի է դարձել արագիլների յուղապատման պատճառը
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում հայտնաբերված արագիլների յուղապատման պատճառը կարծես թե հայտնի է:
Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոնն» իրականացրել է ջրի քիմիական ուսումնասիրություն և և ըստ արդյունքների՝ ջրում եղել է բարձր օրգանական նյութերի պարունակություն, իսկ պատճառների բացահայտմամբ զբաղվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, նրանք էլ պետք է գտնեն աղբյուրը:
Հայաստանի թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Ղասաբյանն էլ հայտնեց, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տվյալներով՝ ոչ թե բուսական, այլ կենդանական յուղ է եղել:
«Կարծիք կա, որ դա ձկան յուղ է: Երեկ տեսչական մարմնի կողմից իրականացվել են արագիլների աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող՝ ՀՀ Արարատի մարզի Սիս և Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող, Հրազդան գետի աջափնյա կոլեկտրում, պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերի մաքրման աշխատանքներ։ Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել»,- նշեց Մամիկոն Ղասաբյանը:
Հավելենք, որ օգոստոսի 2-ից մեկնարկել են Հովտաշեն համայնքի հարակից ցամաքուրդի մաքրման աշխատանքները, որտեղ, ըստ դիտարկումների՝ հայտնաբերվել էին այն օրգանական յուղերի կուտակումները, ինչով պատվել էին մոտ 100 արագիլ։ Շրջակա միջավայրի նախարարության մասնագետների խորհրդատվությամբ արագիլների խնամքն իրականացվում է Հովտաշեն համայնքում, որտեղ օգոստոսի 4-ին նախատեսվում է նաև իրականացնել առավել շատ յուղապատված թռչունների փետուրների մաքրման հերթական փուլը:
Անի Կարապետյան