Բաժիններ՝

«Խորհուրդ կտամ՝ չօգտվել լցնովի պաղպաղակներից». «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ

«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը կոչ է անում ժամկետանց ապրանքներ չօգտագործել:

«Օրինակ՝ կաթը լավ միջավայր է՝ տարբեր միկրոօրգանիզմների զարգացման համար: Այսինքն, եթե պաթոգեն կամ ոչ պաթոգեն միկրոօրգանիզմը մի ուրիշ տեղ զարգանում է 10 ժամում, կաթի մեջ կես ժամից սկսում են զարգանալ: Խորհուրդ կտամ, որ չօգտվեն նաև լցնովի պաղպաղակներից, որովհետև ոչ բոլոր վաճառողները գիտեն ճիշտ օգտագործման ձևը: Ամեն օր հատուկ նյութերով, ապա գոլ ջրով սարքերը պետք է մաքրեն, ոչ թե մեջը թողնեն ու հետո գան նորից լցնեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մելիտա Հակոբյանը:

Նա նշեց, որ խանութներում տնտեսվարողները սառնարաններն անջատում են, ինչը սխալ է: Հալվելուց ու կրկին սառելուց հետո ինֆեկցիաների համար միջավայր է ստեղծվում:

Ինչ վերաբերում է մսի շուկայում ստեղծված աղմուկին՝ «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահը նկատեց. «Մեր տատերն ու պապերն ամռանը շատ չեն օգտագործել մսամթերք: Խոսում էին, որ ժանտախտի դեպքեր են եղել, բայց ՍԱՊԾ պետն ասաց, որ նման բան չկա»:

«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանն էլ խոսեց սպառողին մոլորեցնելու մասին, որը հատկապես կաթնամթերքի շուկայում է կատարվում:

«Արտադրում են մի ապրանքատեսակ, բայց նմանակում են թթվասերին: Դա թթվասեր չէ, չգիտեմ՝ ինչ է: Մեկը անունը դրել է «Սենյորա Ֆլորա», մյուսը՝«Արարատյան», երրորդն էլ՝ «Էջմիածին»: Տուփը թթվասերի տուփի նման է, պարունակությունը՝ ոչ: Փոքր տառերով նշում են, որ կաթնայուղի փոխարեն բուսական յուղ է պարունակում: Դա պետք է այլ տուփի մեջ պատրաստեին, որ չմոլորեցնեն սպառողին»,- նկատեց Ռուբեն Հայթյանը:

Մելիտա Հակոբյանն էլ նշեց, որ բուսական յուղն ավելի լավ է, քան կարագը, նորմալ յուղ է, խոլեստերինի քանակն իջեցված է, իսկ տրանսճարպերի քանակը հասցրել են 0.2 տոկոսի, ուղղակի պետք է դրանք դրվեն տարբեր տեղեր, որպեսզի մարդը կարողանա տարբերել:

«Մեր տատերն ու պապերը որ կերել են յուղոտ մթերքները, նրանք ամբողջ օրը ֆիզիկական աշխատանքով են զբաղվել, ճարպերը հալվել են, իսկ մենք ավելի շատ նստակյաց կյանքով ենք ապրում»,- նկատեց Մելիտա Հակոբյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս