Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում թուրքական ընկերության նկատմամբ՝ Վենեսուելայի հետ նրա կոռումպացված առևտրային կապերի համար

Ի լրումն Թուրքիայի դեմ տարբեր խախտումների համար Միացյալ Նահանգների և Եվրամիության պատժիչ գործողությունների՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անցյալ շաբաթ պատժամիջոցներ կիրառեց մի թուրքական ընկերության դեմ, որը «ներգրավված էր Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի կողմից ղեկավարվող համաշխարհային կոռուպցիայի և փողերի լվացման ցանցում», գրում է Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ և Վաշինգտոնում գործող Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի անդամ Այքան Էրդեմիրը:

Այս կոռումպացված հարաբերությունը հետևանք է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Մադուրոյի վարչակարգի աջակցության, ինչը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի ավելի շատ պատժամիջոցների՝ թուրքական ընկերությունների և պաշտոնատար անձանց նկատմամբ:

Էրդեմիրը գրել է, որ ԱՄՆ գանձարանի Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը «Ստամբուլում գործող Mulberry Proje Yatirim ընկերությանը նշանակել է Թուրքիայում [վենեսուելական] ոսկու վաճառքի համար կոռուպցիոն ցանցի» որպես մաս  կատարված վճարումները հեշտացնելու համար: Mulberry-ի սեփականատերը կոլումբիացի Ալեքս Նեյն Սաաբ Մորանի գործընկերն է, որը 2009 թ. ի վեր հարյուր միլիոնավոր դոլարներ է լվացել Մադուրոյի համար՝ օգտագործելով տեղական կոմիտեների Վենեսուելայի սննդի սուբսիդավորման ծրագիրը մատակարարման և արտադրության համար կամ CLAP-ը: Գանձարանը նաև մեղադրել է Mulberry-ին՝ Թուրքիայում վենեսուելացի հաճախորդների անունից մթերք գնելու և գների բարձրացման համար՝ նախքան դա Վենեսուլային վաճառելը:  Ֆինանսների նախարարությունը դատապարտել է Սաաբին և նրա գործընկերներին՝ «սովից օգուտ քաղելու» համար»:

Անցյալ շաբաթ Վենեսուելայի գծով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը հայտարարեց. «Վենեսուելան պարտավոր է գնալ այնտեղ, որտեղ ցանկանում են ոսկու ապօրինի առևտրով զբաղվել՝ Թուրքիա և Իրան»:

Այս տարվա սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության ֆինանսավորման հարցերով օգնական Մարշալ Բիլինգսլին նախազգուշացրել է. «Մենք ուշադիր հետևում ենք թուրք-վենեսուելական առևտրային գործունեության բնույթին և եթե նկատենք մեր պատժամիջոցների որևէ խախտում, ապա բացահայտ քայլեր կձեռնարկենք»: Նրա նախազգուշացումը հնչեց «Վենեսուելայի արդյունաբերության և ազգային արտադրության նախարար Թարեք Էլ-Աիսամիի՝ Թուրքիա կատարած այցից անմիջապես հետո, որը հայտնի է Իրանի և Հեզբոլլահի հետ ունեցած իր կապերով»: ԱՄՆ գանձարանը պատժամիջոցներ է կիրառել Էլ-Աիսամիի դեմ 2017թվականին՝ «միջազգային թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ նշանակալի դերակատարության համար»:

Էրդեմիրը նաև հայտնել է, որ «Mulberry-ն Թուրքիայում Մադուրոյի վարչակարգի ապօրինի ցանցի տեսանելի մասն է: 2017 թվականից ի վեր, Էրդողանի խրախուսմամբ, Վենեսուելայի կառավարության գործընկերները Թուրքիայում հիմնել են բազմաթիվ կեղծ ընկերություններ»: «Բլումբերգի» փոխանցմամբ՝ 2018 թ. հունվարին Վենեսուելայի նախագահի՝ Թուրքիա կատարած այցից անմիջապես հետ Ստամբուլում գտնվող խորհրդավոր թուրքական ընկերությունը [«Սարդես»] սկսեց գործել՝ ներմուծելով 41 միլիոն դոլարի ոսկի Վենեսուելայից: Հաջորդ ամիս «Սարդեսը» ներմուծեց ևս 100 միլիոն դոլարի վենեսուելական ոսկի: «Մինչև նոյեմբեր, երբ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ոսկու նկատմամբ պատժամիջոցներ պարունակող կարգադրություն ստորագրեց՝ Թուրքիային  առևտրի դադարեցման մասին նախազգուշացնելու համար պատվիրակ ուղարկելուց հետո, «Սարդեսը» 900 միլիոն դոլարի թանկարժեք մետաղ էր հանել երկրից: Վատ չէ ընդամենը 1 միլիոն դոլար կապիտալ ունեցող ընկերության համար՝ համաձայն Ստամբուլի նորմատիվ փաստաթղթերի»:

«Բլումբերգը» հավելել է. «Առաջին անգամ չէ, որ Թուրքիան իրեն դրսևորում է որպես շրջանցիկ ուղի այն երկրիների համար, որոնք բախվում են ԱՄՆ պատժամիջոցներին՝ հնարավորինս վիժեցնելով Վաշինգտոնի ջանքերը մեկուսացնելու այն կառավարություններին, որոնց նա համարում է թշնամական կամ կոռումպացված: ԱՄՆ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ Անկարան հաճախ է փորձարկել ԱՄՆ-ի հանդուրժողականության սահմանները, իսկ ՆԱՏՕ-ի առանցքային անդամների միջև դաշինքն այժմ էականորեն խափանված է»:

Էրդեմիրը նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցները թուրքական ձեռնարկության դեմ միայն առաջին քայլն է: «Վենեսուելայի կառավարության ոսկու հանքարդյունաբերական «Միներվեն» ընկերությունը ստեղծել է ոսկու համատեղ ձեռնարկություն՝ «Միբիթուրվեն» անվանումով, թաքուն թուրքական Marilyns Proje Yatirim ընկերության հետ, որը միևնույն հասցեն ունի Mulberry-ի հետ: Նմանապես, թուրքական Grupo Iveex Insaat փոքր ընկերությունը, որը կապված է Մադուրոյի հետ, ունի ընդամենը 1775 դոլար կապիտալ և ոչ մեկ վերամշակման գործարան, սակայն 2019 թ. ապրիլին պատասխանատու էր Վենեսուելայի նավթի արտահանման ութ տոկոսի համար»:

Էրդեմիրը եզրափակել է. «Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է թույլատրող դաշտ ապօրինի ճանապարհով ստացված ֆինանսների և պատժամիջոցներից խուսափելու համար: Թուրքիայի նախագահի զորակցությունը պատժամիջոցների ենթարկված երկրների հետ, ինչպիսիք են Վենեսուելան և Իրանը, մաս է կազմում ավտորիտար և ավազակապետական ​​վարչակարգերի նկատմամբ նրա ընդհանուր առանցքի և նրա մարտահրավերն է ուղղված ԱՄՆ-ի կողմից առաջնորդվող լիբերալ միջազգային կարգին: Քանի դեռ Վաշինգտոնը չի հետապնդելՄադուրոյի վարչակարգի ցանցի մնացած մասը Թուրքիայում, Էրդողանն այս  անգործությունը կդիտարկի որպես արտոնություն հետագա օրինախախտումների համար, որոնք ներառում են ոչ միայն Վենեսուելան, այլև այլ խարդախ վարչակարգեր»:

Հարց է ծագում, թե ինչպես է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ կիրառել թուրքական ձեռնարկության դեմ՝ հաշվի առնելով նախագահ Թրամփի դժկամությունը որևէ գործողություն ձեռնարկելու Թուրքիայի դեմ:

Հնարավո՞ր է արդյոք, որ Թրամփը տեղյակ չէր գանձարանի հակաթուրքական պատժամիջոցների մասին՝ չափազանց զբաղված լինելով իր քաղաքական հակառակորդների դեմ թվիթներ ուղարկելով և ռասիստական մեկնաբանություններ անելով Կոնգրեսի սևամորթ անդամների մասին:

Անցյալ շաբաթ հանրապետական սենատորների հետ հանդիպման ժամանակ, Թրամփը խնդրեց ավելի շատ ժամանակ՝ նախքան Թուրքիայի դեմ Կոնգրեսի պարտադրած պատժամիջոցների կիրառումը՝ ռուսական S-400 հրթիռները գնելու համար:

Թրամփի կողմից ցանկացած անգործություն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում կծառայի Էրդողանի ավելի խրախուսմանը՝ խոչընդոտելու Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի շահերին: Կոնգրեսը պետք է վճռական քայլեր ձեռնարկի, որպեսզի նախագահին ստիպի խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Հարութ Սասունյան       
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Տեսանյութեր

Լրահոս