Բաժիններ՝

 «Նատալի ֆարմը» կրկին ստվերո՞ւմ է գործում. ՊԵԿ-ը հրաժարվում է մեկնաբանել

«Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը դեղերի շուկայում առկա մի շարք խնդիրների վերաբերյալ երեկ «Հետք» պարբերականում ծավալուն անդրադարձ էր հրապարակել, որում նշել էր, իր բնորոշմամբ, ևս մեկ կարևոր խնդիր:

«Հեղափոխությունից հետո արձանագրվում էր, որ նախկին իշխանության մասը կազմող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ»-ը նույնպես  մտել է օրինական դաշտ և աշխատում է հաշիվ-ապրանքագրերով: Այսօր ամեն ինչ վերադարձել է նույն վիճակին. նա աշխատում է, ինչպես աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում: Սա ազդակ է մյուս ընկերություններին՝ աշխատել նույն ոճով՝ առանց հաշիվ-ապրանքագրերի»,- գրել էր Վահե Վարսանյանը:

168.am-ը խնդրեց ՊԵԿ-ին մեկնաբանել՝ արդյո՞ք «Նատալի ֆարմի» աշխատանքը խնդրահարույց է, և արդյո՞ք ընկերությունը կրկին ստվերում է գործում:

Սակայն ՊԵԿ-ը հրաժարվեց մեկնաբանել: Նաև հրաժարվեցին տրամադրել «Նատալի ֆարմի» հարկային վճարումների ամսական տվյալները՝ հղում անելով դրանց գաղտնիությանը:

«Նատալի ֆարմ» ընկերությունը խոշոր հարկ վճարողների ցանկում է, սակայն խոշոր հարկատուների վճարած հարկերի մասին տեղեկատվությունը հրապարակվում է եռամսյակային կտրվածքով և ստվերային գործունեության միտումներն այնքան էլ ակնհայտ չեն: Առավել ևս, որ կիսամյակային ցուցանիշները դեռևս հրապարակված չեն:

Ամեն դեպքում, այս տարվա առաջին եռամսյակում «Նատալի ֆարմը» վճարել է 1 մլրդ 112 մլն 962 հազար դրամ հարկ, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում ընկերության վճարած հարկերը զգալիորեն քիչ են՝ 822 մլն 613.3 հազար դրամ: Այսինքն՝ այս ընկերության հարկային մուտքերն ավելացել են 27%-ով:

Անցած տարվա կիսամյակի դրությամբ նույնպես «Նատալի ֆարմն» ավելացրել էր վճարած հարկերի ծավալը 1 մլրդ 884 մլն 72.7 հազար դրամ կամ ամսական հաշվարկով միջինում 13%-ով:

Թերևս, հազար խոշոր հարկ վճարողների կիսամյակային ցուցանիշների հրապարակումից հետո առավել հստակ կերևա «Նատալի ֆարմի» հարկային վճարների տարբերությունը:

Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարված հարկերի՝ «Նատալի ֆարմն» այս ընթացքում ավելացրել է աշխատողների թվաքանակը, այսպես՝ այս տարվա հունվարին ընկերությունն ունեցել է 1852 աշխատակից՝ նախորդ տարվա 1619-ի փոխարեն, իսկ անցած ամսին՝ հունիսին՝ 1861, անցած տարվա 1753-ի փոխարեն:

Ի դեպ, եթե նախորդ իշխանության տարիներին Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայտնվում էին հարկային տեսուչների ուշադրության կենտրոնում՝ առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների համար, այդ թվում՝ «Նատալի ֆարմը», ապա իշխանափոխությունից հետո Ալեքսանյանի ընկերություններից միայն «Ալեքս Հոլդինգն» է «բռնվել» առանց փաստաթղթերի ապրանք տեղափոխելիս, այն էլ՝ անցած տարի մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս