Դասարաններում աշակերտների առավելագույն թիվը 25, թե՞՝ 35, սա է խնդիրը
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում հանրային քննարկման է դրվել 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է դպրոցների ֆինանսավորման 2 նոր բանաձև՝ մինչև 73 սովորող ունեցող տարրական, մինչև 163՝ հիմնական, մինչև 208՝ միջնակարգ հանրակրթական դպրոցների և մինչև 136 սովորող ունեցող վարժարանների և ավագ դպրոցների, և 73 և ավելի սովորող ունեցող տարրական, 163 և ավելի՝ հիմնական, 208 և ավելի՝ միջնակարգ հանրակրթական դպրոցների և 136 և ավելի սովորող ունեցող վարժարանների և ավագ դպրոցների համար։ Լավ է, որ այս նախագծով սահմանվում է ուսուցչի նվազագույն աշխատավարձն ու մարզի կտրվածքով վերացվում է միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը։
Դեռ դժվար է ասել, թե որքանով այս բանաձևերը կաշխատեն, բայց կարևոր է, որ փորձ է արվում դպրոցների ֆինանսավորման տրամաբանությունը խելամիտ դարձնել, ինչպես նախագծի հիմնավորման մեջ են խոստացել։ Սակայն մտահոգող 2 կետեր կան։ Բանաձևերում 2 կարևոր պարամետրեր են հայտնվել՝ տարրական, միջին և ավագ դպրոցում դասարանների թիվն ու տարրական, միջին և ավագ դպրոցում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվը, որոնք հաշվարկելիս կարևոր է լինելու, թե դասարաններում աշակերտների թույլատրելի թիվը ինչ սկզբունքներից ելնելով են հաշվելու։
Կարծում եմ, որ այս նախագծում ՀՀ ֆինանսների նախարարությունը պետք է առաջնորդվի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 30.08.2018թ. N954-Ն որոշմամբ, որի 4-րդ կետով աշակերտների առավելագույն թիվը դասարանում կարող է լինել 25-ը, իսկ 5-րդ կետով՝ 35-ը,(ա՜յ քեզ իրավական փաստաթուղթ), հետևաբար շատ հետաքրքիր է, թե մեր ֆինանսիստները այս թվերից ո՞րը կընտրեն։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնների և նորմերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջների համաձայն աշակերտների առավելագույն թիվը դասարանում կարող է լինել 25-ը, այլ ոչ՝ 35-ը:
Հետևաբար, եթե բախտներս բերի ու ընտրեն 25-ը, ապա այս նախագծի տեղեկանքը, ըստ որի ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում, իրատեսական չէ, ծախսերի ավելացում պետք է լինի։ Իհարկե, այդ տեղեկանքից միանգամից կարելի է ենթադրել, որ 35-ն է ընտրված, չնայած առողջապահության նախարարի հրամանով սահմանված նորմը՝ դասասենյակում յուրաքանչյուր սովորողին 2ք․մ․ տարածք ոչ մի դպրոցում չի պահպանվում, բայց «բալը թանկ է», ասում է կառավարությունը։
Հիմա մեկնաբանենք սույն որոշումը։ «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 30.08.2018թ. N954-Ն որոշման մեջ առաջին անգամ հղում է արված 2 կարևոր փաստաթղթերի վրա ․« 4. Հանրակրթական դպրոցի դասարանները կազմավորվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար՝ դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա, դպրոցի տնօրենի հրամանով՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջները:
Հաստատության տարրական և միջին դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը՝ 30:»
Կառավարության այս որոշման 4-րդ և 5-րդ կետերն իրարամերժ են, քանի որ 35 աշակերտի համար Առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանով հաստատված սանիտարական ոչ մի նորմ մեր դպրոցներում չի պահպանվում, որովհետև մեր ոչ մի պետական դպրոց չունի 70ք․մ․ մակերես ունեցող դասասենյակ, ավելին, դասարանում աշակերտների թիվը որոշելու համար կառավարության որոշումը հղում է անում նաև շինարարական նորմերի պահանջներին, որտեղ կա այսպիսի կետ․ «9. Հանրակրթական հաստատությունների դասարաններում և երկարօրյա խմբերում աշակերտների քանակը մեկ դասարանում սահմանվում է 25 սովորողից ոչ ավելի։ Հանրակրթական հաստատությունների ավագ դպրոցում թույլատրվում է դասարանների լրակազմն իջեցնել մինչև 20 սովորող:»
Ի՞նչ է ստացվում, կառավարությունը մի կողմից դպրոցի տնօրենին ասում է դասարանները կազմավորելիս պահպանիր առողջապահության նախարարի հրամանով սահմանված սանիտարական կանոններն ու նորմերը, ինչպես նաև պահպանիր շինարարական նորմերի պահանջները, մյուս կողմից ապրիորի սահմանում է աշակերտների առավելագույն թիվ, որը ակնհայտորեն հակասում է վերոնշյալ հրամաններին։ Իսկ տնօրենները լռում են, ոչ մեկը չի համարձակվում ասել․ «Հարգելի կառավարություն, կողմնորոշվեք, դասարանների թիվը որոշելիս ես կառավարության որոշման ո՞ր կետով առաջնորդվեմ՝ 4-րդ, թե՞՝ 5-րդ կետով։»
Ինչո՞ւ։ Պատասխանը շատ պարզ երևում է այն նախագծից, որի մասում վերևում արդեն ասեցի։ Դպրոցների ֆինանսավորման բանաձևերի մեջ կարևոր պարամետրեր են դասարանների և ուսուցիչների դրույքների թիվը։ Դասարաններում աշակերտների թիվը առավելագույնը 25 լինելու դեպքում, 2-րդ բանաձևում որոշ դպրոցներում ավելանալու են դասարանների և ուսուցիչների դրույքների թիվը, պահանջվելու են լրացուցիչ գումարներ, որը ՀՀ ֆինանսների նախարարությանը ձեռնտու չէ։ Բա եղա՞վ։
Կարծում եմ այն դպրոցների տնօրենները, որտեղ սովորողների թվակազմն այնքան է, որ դասարաններում ունեն 35 և նույնիսկ ավելի թվով աշակերտներ, նրանք պետք է ընդվզեն և ձևավորեն ամենաշատը 25 հոգանոց դասարաններ և դրանից ելնելով կազմեն դպրոցի նախահաշիվները։ Իհարկե, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչությունները նույնպես կընդվզեն, չեն հաստատի դպրոցների բյուջեները, բայց արժե հանուն մեր երեխաների առողջության ու որակյալ կրթության նպատակի համար նման առճակատման գնալ։
Ի վերջո, «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 30.08.2018թ. N954-Ն որոշման 5-րդ կետը՝ «5. Հաստատության տարրական և միջին դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը՝ 30» թող հանվի ու ամեն ինչ կընկնի իր տեղը։
Վերջապես անհարմար է, առնվազն իրավական փաստաթղթերում պետք է բացառվեն իրարամերժ նախադասությունները, որոնք հակասում են արդեն ընդունված սանիտարահիգիենիկ և շինարարական նորմերին։
Անահիտ Բախշյան
Հանրային խորհրդի անդամ
31․07․2019թ․