Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Կալիֆորնիայի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 29-ին ընդունել է Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեյա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և «Հայ դատի» ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի անդամներ:
Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը: Երկուստեք դրական է գնահատվել վերջին շրջանում հայ-ամերիկյան բարեկամական և գործընկերային հարաբերությունների դինամիկան և ընդգծվել փոխադարձ պատրաստակամությունը՝ նպաստելու երկկողմ օրակարգի ամրապնդման և ընդլայման ուղղությամբ՝ այդ թվում գիտակրթական, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրատնտեսական և այլ ոլորտներում:
Կողմերը բարձր են գնահատել Կալիֆորնիայի հասարակական – քաղաքական կյանքին իրենց նպաստն ունեցող մեծաթիվ հայ համայնքի դերը՝ որպես Հայաստանի և ԱՄՆ միջև հարաբերությունների և կապերի ամրապնդման յուրահատուկ կամուրջ:
Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: Նախարար Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: