«Քոչարյանի գործով իրավական համակարգը ճկռել է իշխանությունների պատվերի տակ». Վիկտոր Սողոմոնյան
««Մարտի 1»-ի գործը չբացահայտվեց՝ ի հեճուկս վարչապետի ըստ էության կեղծ հայտարարության, որն արեց նախորդ տարի օգոստոսին Հանրապետության հրապարակում` նշելով, թե «Մարտի 1»-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է։ Այն, ինչը նա նկատի ուներ` բացարձակ սուտ էր, իսկ ինչը մենք գիտենք` մնացել է ուժի մեջ։ Այսինքն՝ պարտված թեկնածուի կողմնակիցներն անկարգություններ են հրահրել, որի արդյունքում ունեցել ենք մարդկային զոհեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Քոչարյանի կալանավորմանը։
Նրա խոսքով՝ Քոչարյանի գործով մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ մանիպուլյացիաներ: Հայտարարելով, թե պահպանում են նախաքննության գաղտնիքը, ըստ նրա՝ այնպիսի պատրանք էին ստեղծում, թե այդ գործում այնպիսի գաղտնիք կա, որն ասելուց հետո ազգը կցնցվի, ինչը, նրա խոսքով՝ սուտ էր։
Վիկտոր Սողոմոնյանը նաև նկատեց, որ մեկ տարվա ընթացքում ամենավատ ձևով իշխանությունները շահարկել են մարտի 1-ի զոհերի գործոնը։
Ըստ նրա՝ զոհերի հարազատներին սկզբում ստիպում էին հայտարարել, թե Քոչարյանը «մարդասպան է և պետք է նստի», իսկ հետո, երբ պարզվեց, որ «երկրորդ նախագահն արյան հետ որևէ կապ չունի», նրանց ստիպեցին, որ հայտարարեն, թե ինչ-որ մեկը մեղավոր է և պետք է պատասխան տա։ Այս ամենը, նրա կարծիքով՝ դուրս է բոլոր բարոյական օրենքներից։
Նա արձանագրեց, որ մեկ տարվա ընթացքում Քոչարյանի գործի հետ կապված կան բազմաթիվ խախտումներ, դրանցից փաստաբանական խումբն առայժմ առանձնացրել է 29-ը։
«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել, առկա անորոշ ձևակերպումները երբեք չեն հստակեցվել ո՛չ քննիչի, ո՛չ դատախազի կողմից։ Մեղադրանքի անհստակությունն անտեսվել է խափանման միջոցի քննության ժամանակ դատարանների կողմից։ Չնայած պարզաբանելու պահանջ գրավոր և բանավոր կերպով ներկայացրել է՝ ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ՝ պաշտպանական կողմը»,- շեշտեց Վիկտոր Սողոմոնյանը։
Նա նաև հավելեց, որ օրենսդիր և գործադիր իշխանությունները նախաձեռնել են բացահայտ ճնշումներ Քոչարյանին կալանքից ազատած դատավորներ Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, ինչը խայտառակություն է, և Հայաստանի պատմության մեջ երբևէ նման բան չի եղել։ Բացի այդ, ըստ նրա՝ Հայաստանի դատաիրավական պատմության մեջ առաջին անգամ պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել դատարանում ելույթ ունենալ։
«Այս գործով մեղադրական կողմը ջախջախիչ պարտություն է կրել, քանի որ Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ իրավական փաստարկ չկա, պետք է փաստենք, որ իրավական համակարգը ճկռել է իշխանությունների այս պատվերի տակ՝ Քոչարյանին այս ձևով պահել անազատության մեջ։ Այս բոլոր ապօրինություններից արդեն պարզ է, որ այս գործն ունի ճիշտ այնքան կյանք, որքան քաղաքական կյանք ունեն ներկայիս իշխանությունները»,- ընդգծեց Վիկտոր Սողոմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան