5 սմարթֆոն, որ ունեն ամենաբարձր աշխատունակությունը՝ ըստ CNET-ի
Այս սարքերով Դուք կարող եք չվախենալ, որ մարտկոցը կպարպվի ամենաանհարմար պահին:
Որքան էլ որ ընկերությունները նոր սմարթֆոններում ավելացնեն տարաբնույթ գործառույթներ, ամենակարևորներից մեկը սմարթֆոնի մարտկոցի աշխատանքն է:
CNET հարթակը առանձնացրել է 5 սմարթֆոն, որոնք լավագույնս են լուծում աշխատունակության խնդիրը:
iPhone XR
IPhone XR-ն աշխատում է նույն Apple A12 Bionic պրոցեսորով, ինչ iPhone XS-ը: Ըստ էության՝ այս սմարթֆոնը iPhone8-ի և iPhone X-ի խառնուրդն է: Առաջինից այն վերցրել է IPS էկրանն ու մեկ տեսախցիկը, իսկ երկրորդ սմարթֆոնից՝ Face ID-ն և դիզայնը:
Apple-ի վերջին երեք սմարթֆոններից ամենալավ աշխատունակությունը ունի հենց այս գադջեթը: Այն աշխատում է 19 ժամ և 53 րոպե:
Բացի այդ, սարքն ունի բարձր արագություն, մեծ էկրան, Face ID-ի և անլար լիցքավորման աջակցություն: Իսկ դրա տեսախցիկը գրեթե այնքան լավն է, որքան iPhone XS-ինը:
Samsung Galaxy S10 Plus
Samsung-ի ֆլագմենը մեկ լիցքավորումից հետո աշխատում է 21 ժամ: Սմարթֆոնի մարտկոցը այնքան հզոր է, որ այն կարող է ոչ միայն երկար դիմանալ, այլև լիցքավորել այլ սարքեր, նաև անլար եղանակով:
Motorola Moto G7 Power
Moto G7 Power-ը չունի երկակի տեսախցիկ, ինչպես առաջատար Moto G7-ը, բայց ունի 5000 mAh հզորությամբ մարտկոց: Դրա շնորհիվ սմարթֆոնը կարող է աշխատել գրեթե մեկ օր՝ 23 ժամ և 10 րոպե:
Huawei P30 Pro
P30 Pro-ն ունի ոչ միայն չորս ոսպնյակով ֆոտոխցիկ և գրավիչ դիզայն, այլ նաև 4200 mAh հզորությամբ մարտկոց: Սմարթֆոնը մեկ լիցքավորմամբ աշխատում է 22 ժամ և 57 րոպե:
Ի դեպ, սմարթֆոնի կրտսեր եղբայրը՝ P30-ը, գրեթե չի զիջում. այն աշխատում է 21 ժամ և 31 րոպե:
Samsung Galaxy Note 9
Շուտով Samsung-ը կներկայացնի Galaxy Note 10-ը, սակայն պլանշետի ընթացիկ տարբերակը ևս շատ լավն է: Սմարթֆոնի մարտկոցը հնարավորություն է տալիս աշխատել 19 ժամ և 20 րոպե: Բացի այդ, սմարթֆոնն ունի մեծ, վառ էկրան և 512 ԳԲ հիշողություն:
Սիրարփի Աղաբաբյան