Բաժիններ՝

«Կայացած և ուժեղ կնոջ կողքին ոչ բոլորը կցանկանան հայտնվել». Լուսինե Գրիգորյան

Ովքե՞ր են դպրոցի տնօրեններն իրենց բնույթով, ի՞նչն է փոխվել նրանց մեջ այդ պաշտոնը ստանձնելուց հետո, ի՞նչ մարդկային որակներ են տեսնում և գնահատում նրանք, ի՞նչն են ամենից շատ կարևորում երեխային տված դաստիարակության և կրթության մեջ. այս և շատ այլ հարցերի մասին այսուհետ զրուցելու ենք հենց նրանց հետ: Միասին բացահայտելու ենք՝ ինչպիսին են նրանք դպրոցի պատերից դուրս:

Լուսինե Գրիգորյանն արդեն 8 տարի է՝ Երևանի Գևորգ Աթարբեկյանի անվան թիվ 61 հիմնական դպրոցի տնօրենն է: Դպրոցից դուրս և ներս տիկին Գրիգորյանի դիտարկմամբ նույնանում է նա: Վստահ է, որ իրապես լավ մարդու հոգին ոչ մի պաշտոն փոխել չի կարող.

«Ես երբեք ինձ չեմ երևակայել: Չեմ չարաշահել տնօրենի պաշտոնը: Այս աթոռից բոլորն էլ պետք է իջնեն: Ամենակարևորը մարդու մարդ լինելն է, լավ մարդ լինելը»,-նշեց տիկին Գրիգորյանը և հավելեց. «Մեր իրականության մեջ, չգիտես՝ ինչու, կարծում են, որ պաշտոն ունեցող մարդիկ փոքր-ինչ սառը, խիստ են լինում: Անկեղծ՝ ինձ ճանաչողները կփաստեն, որ իմ օրինակով ես կոտրում եմ այդ կարծրատիպը: Ես դա առաջնահերթ երեխաներիս ընկերների շրջապատում եմ նկատում, երբ տեսնում եմ, որ իրենք, երեխաներիս հետ հավասար, ինձ հետ ընկերություն են անում»:

Թե նորից լույս աշխարհ գայի, ապա միայն Գրիգորյանների ընտանիքում…

Հաջողակ և շատերի մոտ նախանձ ու հետաքրքրություն առաջացնող այս կինը ծնվել է Գրիգորյանների ընտանիքում: Համոզված է, որ այդ ամենում ընտանիքի ազդեցությունը մեծ է: Հպարտ է այնչափ, որ նորից ծնվելու դեպքում կցանկանար հայտնվել հենց Գրիգորյանների ընտանիքում: «Ես ընտանիքի առաջնեկն եմ: Հորս ու մորս սպասված ու սիրված առաջնեկը:

Հայրս գերակտիվ է, մայրս՝ հանդարտ: Առհասարակ դուստրերին ձևավորում են հայրիկները. ես էլ բացառություն չեմ ու շատ ավելի նման եմ տեսակով հորս, առավել ևս՝ գերակտիվությամբ, իսկ մորիցս ժառանգել եմ նրան հատուկ անսահման բարությունն ու նվիրվածությունը: Ընտանիքս օրինակ է եղել ապրելու, ստեղծելու, լավը ընդօրինակելու համար: Այն, ինչը տեսել եմ իմ ընտանիքում, ուղենիշ են դարձել ամբողջ կյանքիս համար»:

Հատկանիշներ, որ բնորոշ են ինձ, ինչի համար ուրախ եմ…

Լուսինե Գրիգորյանին, թերևս, կարող ենք դասել ուժեղ, նպատակասլաց, համառ ու համարձակ կանանց շարքին, ովքեր սիրում են կյանքը, խաղում նրա օրենքներով, երբեք չեն վախենում ռիսկի գնալ ու հաղթանակած դուրս գալ տարբեր իրավիճակներում:«Իրականում որքան էլ ինձ հարազատ է եղել ուժեղ լինելու հատկությունը, ամեն դեպքում երբեք չեմ ձգտել այդպիսին լինել: Շրջապատում հաճախ էի լսում ուժեղ կին լինելուս մասին և ինքնաբերաբար դարձա այդպիսին, ինչի համար ուրախ եմ: Պատանեկան մաքրությունը, ինձ բնորոշ ծայրաստիճան նվիրվածությունն ու անկեղծությունն ինձ հետ են կյանքիս բոլոր փուլերում:

Այդ ամենն ինձ չի խանգարում լինել ուժեղ միշտ և ամենուր: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ այս տեսակ մարդ եմ՝ գերակտիվ և նախաձեռնող, բարի ու պատրաստակամ, ներողամիտ ու բարեհոգի, տարբեր, բայց ոչ երբեք՝ անտարբեր: Աստված է մեզ ստեղծում, իսկ կյանքի երևույթներն ու մարդիկ՝ դարձնում այնպիսին, ինչպիսին հիմա կամ: Եվ միայն ժամանակն է փոխում մարդուն, իսկ ինձ ժամանակը միայն կարող է ստիպել դառնալ ավելի լավը»,- ծիծաղելով նշում է տիկին Գրիգորյանը և շարունակում. «Ես սեր, ջերմություն, ուշադրություն սիրող ու գնահատող տեսակ եմ: Ինքս էլ եմ այդպիսին ինձ շրջապատող մարդկանց նկատմամբ և փոխադարձը միշտ սպասում ու ստանում եմ: Կյանքում, եկեք խոստովանենք, որ ամեն ինչ գեղեցիկ է, երբ փոխադարձ է»:

Հայտնվեցի ուժեղ տղամարդու կողքին…

Կայացած և ուժեղ կնոջ կողքին ոչ բոլորը կցանկանան հայտնվել: Նա համարձակ գտնվեց, կոտրեց բոլոր կարծրատիպերը ու ես ընտրեցի, սիրեցի նրան: Ամուսինս իմ մեջ միշտ գնահատել, սիրել ու շարունակում է սիրել նվիրվածությունս, ճշմարտախոսությունս, իսկ երբեմն չի հանդուրժում գերակտիվությունս, բայց միշտ բարձրաձայնում է, որ, եթե ես այսպիսին չլինեի, ապա նրան գուցե չգրավեի,- անկեղծանում է տիկին Գրիգորյանը և շարունակում. «Ես այն ինչ իմն է սիրում եմ ու շատ:Իմ ամուսինը, իմ ընտանիքը: Իմ բառը շատ եմ սիրում: Իմը սիրող, իմը դարձնող տեսակ եմ: Այն ինչ իմն է, ես դա ամենալավն եմ համարում ու շնորհակալ լինում Աստծուն»:

Երեխաներովս հպարտանում եմ…

Տիկին Գրիգորյանը չի թաքցնում, որ անչափ ուրախ է այն բանի համար, որ տվել է շատ ճիշտ դաստիարակություն և այսօր մեծ հպարտությամբ փաստում է, որ իր երեխաները կյանքի ամենամեծ ձեռքբերումներն են, որ երբևէ ունեցել է. «Երբ նայում եմ իմ շրջապատում նրանց հասակակիցներին, նրանց մոտեցումներին ու վարքագծին, հասկանում եմ, որ լավ արժեքներով եմ նրանց մեծացրել: Բարի լինելը, դիմացինին միշտ օգնելու պատրաստակամ լինելը, հարգանքով վերաբերվելը, մեծահոգի լինելը. այս հատկանիշների կրողն եմ դարձրել նրանց: Սովորեցրել, որ կյանքում ամենակարևորը մարդ լինելն ու մնալն է: Այսօր տեսնելով նրանց՝ հասկանում եմ, թե ինչի համար եմ ապրել և, առհասարակ, ինչի համար արժեր այս կյանք լույս աշխարհ գալ: Ցանկացած ծնողի համար հպարտություն է, երբ օրինակելի ժառանգներ ունի»:

Երկուսն էլ կայացած են կյանքում, ինչի համար ես շնորհակալ եմ Աստծուն: Այդ նրանք են իրենց բնորոշ հատկանիշներով հարթել իրենց ճանապարհը, չնայած, որ միշտ մենք պատրաստ ենք եղել աջակցել նրանց ամեն հարցում:

Հնարավոր է երեխաներիս` տղայիս և աղջկաս, ճնշեր մեր լիդերությունը. ես տեսակով լիդեր, ամուսինս՝ նույնպես: Բայց ոչ, մենք նրանց մեզնից ուժեղ ստեղծեցինք ու դաստիարակեցինք: Հիմա ընտանիքում չորս լիդերածին հատկանիշներով օժտված մարդկանցով ենք հավաքվել, բարդ է չէ՞,- ժպտալով պատմեց Լուսինե Գրիգորյանը և մի պահ լռելուց հետո շարունակեց. «Իմ՝ առաջնորդին բնորոշ հատկությունները, օգնում են ոչ միայն ինձ, այլև շրջապատի մարդկանց, զարմանալի է չէ՞, բայց այդպես է: Հիշում եմ, երբ տղաս պետք է ընդունվեր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ու դառնար բժիշկ: Ես չափից շատ հետևողական էի, որ գուցե շատերի դեպքում հոգնեցներ, իսկ իմ տղայի համար դարձավ ոգեշնչման աղբյուր, որ աներ ավելին՝ արդյունքի հասնելու համար: Երբ ընդունվեց ու այն էլ անվճար, պտտվեց ու ինձ ասաց՝ մամ, այս ամենի մեջ քո մեծ լուման կա, քո պիտի-ներն ինձ օգնեցին ու սթափեցրին, որ այսօր ես զգամ ուսանող դառնալու բերկրանքը»:

Ամեն ծնողի համար գերցանկություն է իր երեխաներին տեսնել երջանիկ ու կայացած: Աստծո կամոք թող իրենք էլ իրենց ընտանիքները ստեղծեն, ինչպես արեցինք ես և ամուսինս 27 տարի առաջ:

Աստված, եթե կամենա, ամեն բան կիրականանա…

Յուրաքանչյուր իրավիճակում իմ հույսն Աստծո վրա է: Ես մեծ հավատ ունեմ Աստծո հանդեպ: Իմ բոլոր հաջողությունների համար ես նրան եմ շնորհակալ: Աստծո կամոք է, որ ես ունեմ այն, ինչ ունեմ: Մի բան էլ, եթե չի ստացվում ինձ մոտ, ասում եմ՝ դե եթե չստացվեց, ուրեմն Աստված սա ճիշտ համարեց: Մի շատ հետաքրքիր բան էլ եմ նկատել. հաճախ եմ այցելում եկեղեցի, իսկ Ս. Պատարագների քիչ եմ մասնակցում, որովհետև անբացատրելի զգացողություն եմ ունենում և հուզմունքս զսպել չի ստացվում:

Ես ուղղակի չեմ կարող չհավատալ ու չսիրել Աստծուն: Շրջապատիս մարդիկ միշտ ասում են՝ Աստված քեզ իսկապես շատ է սիրում: Դեպքեր են եղել ու ապացուցել այդ ամենը: Աստված ինձ երբեք չի մերժել: Ամեն գիշեր աղոթում եմ, շնորհակալություն հայտնում Ատծուն, հետո քնում:

Իմ և Աստծո հանդիպումը…

Տնօրենն ասում է, որ իսկապես անչափ հետաքրքիր կլիներ հանդիպել Աստծո հետ: Տեսնել նրան այնպիսին, ինչպիսին պատկերել է ամբողջ կյանքում: «Այնքան գեղեցիկ եմ պատկերացնում այդ հանդիպումը՝ ամպեր, լույսեր, հրեշտակներ ու իմ առաջ կանգնած սպիտակամորուս մի ծերունի, ում հետ զրույցը կհամարեի ստացված, եթե զգայի խորը, շատ խորը լռություն: Մեր մեջ հարց ու պատասխան կարծում եմ չէր լինի, քանի որ նա ամեն բան գիտի բոլորիս մասին, իսկ, եթե ամեն դեպքում հնչեր հարց Նրա կողմից, ինձ բնորոշ անկեղծությամբ կլսեր պատասխան հաստատ»:

Ներողություն խնդրելը վեհ հոգիներին է հատուկ…

Պատրաստ եմ կներես ասել, չեմ վախենում այդ բառից, բայց աշխատում եմ ոչ մեկին չվիրավորել, որ ներության առիթ չունենամ: Բնույթով ինքս հիշաչար մարդ չեմ: Ամենազայրացած պահին անգամ եթե ինձնից ներողություն խնդրեն, ես կներեմ:

Եթե խորհուրդներս կօգնեն մարդկանց…

Եթե վատություն են անում, ծիծաղիր, մոռացիր ու շրջանցիր. կյանքը սիրուն քո փոխարեն կփոխադարձի: Բարությունն աշխարհն ու մարդկանց փրկելու հատկություն ունի: Լինենք բարի ու մարդկանց ցավին՝ ոչ անտարբեր:

Զրուցեց Լիլիանա Օսիպյանը

Հ.Գ. Լուսինե Գրիգորյանի հետ ունեցած ամբողջ զրույցի ժամանակ կարմիր թելի պես պտտվում էր այն միտքը, որ կյանքում պետք է լինել լավ մարդ, իսկ մնացած ամեն բան անցողիկ է:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս