Բյուրեղավանի քաղաքապետը արձագանքում է իրեն ուղղված մեղադրանքներին
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը չի ընդունում իր վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրերս հնչած հայտարարությունները։
«Փաստինֆո»-ն արդեն հայտնել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Բյուրեղավան համայնքի քաղաքային պոլիկլինիկայի նախկին տնօրենի եւ էնդոկրինոլոգ բուժքույրի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակում ի հայտ են եկել նոր հանգամանքներ. մեղադրյալները դատարանի դահլիճում հայտարարել են, որ ի սկզբանե իրենց առաջադրված մեղադրանքը հիմնված է եղել համայնքային ենթակայությամբ գտնվող պոլիկլինիկայի 4 բուժքույրերի ցուցմունքների վրա, որոնք, նրանց խոսքով, ուղղորդված են եղել Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի կողմից.
«Վերջին երկու դատական նիստերին իմ պաշտպանյալները ցուցմունք տվեցին եւ մեկնաբանեցին, թե ինչով է պայմանավորված իրենց այդ դիրքորոշումը։ Մասնավորապես, Արմեն Մոսիկյանը նշեց, որ 2009 թվականին պոլիկլինիկայի տնօրեն նշանակվելուց հետո առանձնազրույց է ունեցել քաղաքապետի հետ, որի ժամանակ քաղաքապետը նշել է, որ ամեն ամիս իրեն պետք է վճարի 250 հազ դրամ կաշառք, ինչից նա հրաժարվել է։ Դրանից բացի, քաղաքապետը 500 դոլար էլ պահանջել է էնդոկրինոլոգ բժշկուհուց»,- նշել էր մեղադրյալների պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի հետ, ով հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով. «Արված հայտարարությունների վերաբերյալ ես իմ կարծիքն ուղարկել եմ դատարան՝ նշելով, որ դրանք անհիմն են եւ զրպարտություն են։ Ես չեմ ուզում դա մեկնաբանել»։
Ի պատասխան մեր այն հարցին, թե խոսքը կոնկրետ կաշառք պահանջելո՞ւն է վերաբերում՝ Բալասյանն ասաց. «Խնդրում եմ այսքանով սահմանափակվել»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։