Սոնա Աղեկյանը քաղաքապետարանին կստիպի զբաղվել աղբահանությամբ. Նա աղբամանների վրա փակցնում է Հայկ Մարությանի նկարը
Արդեն մի քանի օր է՝ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը մայրաքաղաքում աղբահանության հետ կապված ակցիաներ է իրականացնում։ Նա տոպրակով աղբ է տանում Երևանի քաղաքապետարանի մոտ, որով քաղաքապետարանին կոչ է անում զբաղվել աղբահանությամբ։
Երեկ նա նմանատիպ ակցիա էր իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ աղբամանների վրա փակցրել էր քաղաքապետ Հայկ Մարությանի նկարը։
168.am-ի հետ զրույցում Սոնա Աղեկյանն ասաց, որ երկարատև ակցիա իրականացնելուց հետո, քաղաքապետարանը կրկին ոչինչ չի անում և շարունակում է նույն գործելաոճով աշխատել։
«Մենք ակցիաները շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև քաղաքապետարանը սկսի աշխատել, ամեն օր մենք քաղաքացիներից ստանում ենք տասնյակ զանգեր, որ իրենց համայնքում աղբը շաբաթներով կուտակված է մնում։ Մեզ ուղարկում են լուսանկարներ, ամենուրեք՝ աղբակույտեր, դրանք այնքան են մնում, որ բորբոսնում են, գարշահոտությունը տարածվում է, միջատներ են առաջանում։ Գարշահոտության պատճառով մարդիկ իրենց պատուհանները չեն կարողանում բացել այս շոգին»,- ասաց Ս. Աղեկյանը։
Նրա խոսքով՝ բնակչությունն աղբահավաքության գումարը վճարում է, իսկ իրավասու մարմինը պարտավոր է դրա դիմաց պատշաճ կատարել աղբահանությունը և չխախտել քաղաքացիների իրավունքները։
«Աղբահանության թիվ մեկ պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, մենք նրան կստիպենք կատարել իր լիազորությունները, ստիպելու ենք աղբը մաքրել Երևանից»,- շեշտեց նա։
Նա հավելեց, որ այդքան ակցիաներ իրականացնելուց հետո Երևանի քաղաքապետարանից որևէ մեկը չի ցանկացել հանդիպել իրենց հետ և քննարկել խնդիրը։
Սոնա Աղեկյանը նաև տեղեկացրեց, որ քաղաքապետարանից միայն սկսել են հետևել, որպեսզի Շենգավիթ համայնքում գտնվող երրորդ աղբավայրը չվերածվի մեծ աղբավայրի, ինչը համարում է իրենց հաղթանակը։
«Առողջապահության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Երևանի սանէպիդկայանը պետք է այս օրերին շրջեին Երևանում և արձանագրեին, որ մայրաքաղաքում էպիդեմիայի առաջացման վտանգ կա։ Բայց նման բան չեն անում, և Առողջապահության նախարարությունը չի վերահսկում սանիտարական իրավիճակը։ Այստեղ տեսնում եմ միտումնավոր անգործություն, գուցե ցանկանում են ինֆեկցիայով վարակված հիվանդներով լցնել մեր հիվանդանոցները։ Մենք լինելու ենք հետևողական և հետևելու ենք նրանց յուրաքանչյուր քայլին»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանի նկարը շարունակելու են փակցնել այն աղբամանների վրա, որոնք հինգ օր շարունակ չեն դատարկվել աղբից և անհարմարություն են պատճառել բնակչությանը։
Ինչ վերաբերում է ակցիայի ժամանակ ոստիկանության գործողություններին, Սոնա Աղեկյանն ասաց, որ իրենց հետապնդում են իրենց քաղաքական հայացքների համար։
«Որոշել են, որ վարելու են միահեծան քաղաքականություն, և, եթե մենք նրանց ասում ենք իրենց թերությունները, հայտնվում ենք բոլորի տեսադաշտում»,- եզրափակեց Սոնա Աղեկյանը։
Զվարթ Խաչատրյան