Ո՞ւմ հետ է Զարեհ Սինանյանը շփվել Մոսկվայում

Հուլիսի 18-ից մեկնարկել է ՀՀ վարչապետի՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի 5-օրյա այցը Ռուսաստան: Սա Սինանյանի առաջին այցն է արտերկիր: Հասկանալի պատճառներով Զարեհ Սինանյանն իր արտերկրյա ուղևորությունները սկսում է Ռուսաստանից։ Նա խնդիր ունի ցույց տալ, որ այն, որ ինքը ներկայացնում է ամերիկյան սփյուռքը, ոչինչ չի նշանակում, և պատրաստ է լինել աշխարհի բոլոր ծայրերում սփռված մեր հայրենակիցների հանձնակատարը։ Եվ, իհարկե, խոշորագույն ռուսահայ համայնքից այդ հանդիպումները սկսելը բավականին խորհրդանշական է։

«168 Ժամի» տեղեկություններով, սակայն, այդ հանդիպումները սպասվածից բավականին տարբերվել են մասնակիցների տրամաչափերով։ Միակ ներկայացուցչական հանդիպումը հենց այցի մեկնարկային օրը եղել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, որին ներկա են եղել ոչ միայն Մոսկվայի և Մոսկվայի մարզի, այլև Ռուսաստանի տարբեր մարզերի հայ համայնքների ներկայացուցիչները:

Զ.Սինանյանը հանդիպել է նաև ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների, Յարոսլավլի, Տվերի ու մերձմոսկովյան քաղաքների, «Դիալոգ» կազմակերպության ներկայացուցիչների և գործընկերների, հայ համայնքների ներկայացուցիչների, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր դասի, Նարեկացու անվան վարժարանի տնօրինության, ուսուցիչների, Հայորդյաց տան աշխատակազմի, Հայագիտական բաժնի և «Տապան» թանգարանի աշխատակիցների, «Նուռ» եկեղեցասեր երիտասարդության անդամների, թեմի մշակութային կառույցների ներկայացուցիչների, «Հայաստանյայց եկեղեցի» թերթի լրագրողների, գրադարանի տնօրինության և մի շարք հավատացյալների հետ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, սակայն, չի շփվել ռուսաստանաբնակ ազդեցիկ հայերի հետ, և, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջիններս մշտապես լուրջ կապեր են ունեցել Կրեմլի հետ, այդ շփումների բացակայությունը բավականին խնդրահարույց է։

Կարդացեք նաև

Զարեհ Սինանյանն այցելել է նաև Ազգությունների գործերով դաշնային գործակալություն, ուր հանդիպել է գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Միշինի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Այցի վերջին օրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել հայերի ասամբլեայի նախագահության անդամ Վահե Ենգիբարյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս