Բաժիններ՝

«Փչացրեցին իմ շատ կարևոր ձեռքբերումը՝ արտերկրից եկած մասնակիցներից մեկը թողեց ու գնաց Հայաստանից»

Ամեն ամառ «Մունետիկ» հ/կ-ն Ապարանին հարակից Լուսագյուղ գյուղի հարևանությամբ գտնվող անտառում իրականացնում է խեցեգործության սիմպոզիում, սակայն  այդ սիմպոզիումի անցկացմանն այս տարի դարձյալ փորձել են խոչընդոտել:

«2002 թվականից մենք Ապարանում կազմակերպում էինք մեր ծրագրերը: Ամեն տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ կնքում էինք պայմանագիր՝ այնտեղ սիմպոզիումներ անցկացնելու համար: Նախկինում էլ էին խնդիրներ լինում, ամեն տարի գնում, պայքարում էինք, բայց այս տարվա խնդիրն այն էր, որ պարզվում է՝ այդ տարածքը վարձակալվել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր «Մունետիկ» հ/կ նախագահ, արվեստագետ Հրաչյա Համբարձումյանը:

««Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որն արդեն դարձել է կոմիտե, դիմեցի, պարզվեց, որ տարածքը, որտեղ մեր ծրագիրն ենք կազմակերպում, երբևէ չի գտնվել որևէ մեկի վարձակալության ներքո, այսինքն՝ 16 տարի մեզ սուտ թուղթ են տվել, որ այդ տարածքը գտնվում է ինչ-որ մեկի իրավասության ներքո: Սա ակնհայտ կոպիտ խախտում է: Մի խոսքով՝ խնդրեցի, որ մեզ թուղթը տան, որպեսզի գնանք ու մեր ծրագիրն այնտեղ անցկացնենք: Պատասխանեցին՝ վաղը կտանք, հաջորդ օրը կտանք, ու այսպես շարունակ: Միշտ այսպես են աշխատել: Մի ամիս անց ինձ նամակ եկավ, որտեղ գրված է, որ տարածքի վերևի մասը վարձակալվել է, իսկ ներքևինն ազատ է, կարող են մեզ տրամադրել: Գնացի, ասացին, որ ներքևի հատվածում արդեն ծառատունկ են արել: Անցած տարի էլ են ուղղակի, այսպես կոչված, ծառատունկ արել, որպեսզի չկարողանայինք գնալ, ու բոլոր ծառերը հիմա չորացած են: Այս տարի էլ նույնն է լինելու: Մենք արդեն դիմել ենք ԱԺ պատգամավոր, Մշակույթի հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանին, ով խոստացավ հարցով զբաղվել: Հիմա սպասում ենք, տեսնենք, թե հարցն ինչպե՞ս է լուծվելու»,- մանրամասնել էր նա:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է տարածքը տրամադրելու հարցի ձգձգման պատճառը:

Նա նշեց, որ խնդիրն այնքան էլ իրավական հարթության մեջ չէ:

«Իրավական հարթության մեջ ունենք վարձակալ,  ով վարձակալել է տարածքի որոշակի հատված: Այստեղ տեխնիկական հարց է, ըստ էության, կոորդինատների ինչ-որ անճշտություն կա, պետք է հասկանալ: Կոորդինատների թվեր կան, որոնք  թյուրիմացության առիթ են դարձել: Հիմա դա քննարկման փուլում է, «Մունետիկ» հ/կ նախագահին ևս մեկ անգամ հրավիրել ենք «Հայանտառ»՝ տեղի կադաստրի վարման բաժնի մասնագետների հետ արբանյակային պատկերի հիման վրա ուսումնասիրելու կոորդինատների տեղաբաշխվածությունը: Առաջարկվել է նաև գնալ, տեղում նոր կոորդինատներ վերցնել՝ համաձայն վարձակալության վկայականի»,- հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը:

Պարզվում է՝ երկու կողմն էլ հանդիպել են, հարցը քննարկել ու համաձայնության չեն եկել:

«Ասում է՝ եկեք, մենք տարածքը տրամադրում ենք, միջոցառումն անցկացրեք: Տարածքը մոտավորապես 2000 քմ է, ծառերով պարփակված է, ու մեջտեղից կիսել են, և մի մասը իբր թե տրված է վարձակալությամբ: Դա էլ այն հով հատվածն է, որտեղ վրաններ ենք խփում, խոհանոցն է…: Հիմա, ասում են, թե՝ այդ մեր ասած տարածքում արեք ծրագիրը: Հարցնում եմ, բա որ այդ մարդը բերել է ծառեր, անօրինական տնկել է, ու դրանք չորանում են, ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը, ակնհայտ է, չէ՞, որ դա խանգարում է մեզ, պատասխանում են, թե՝ ի՞նչ անենք: Ասում եմ՝ ոչինչ, օրենքով աշխատեք: Այս տարի փչացրեցին իմ շատ կարևոր ձեռքբերումը՝ արտերկրից եկած մասնակիցներից մեկը թողեց ու գնաց՝ չմասնակցելով ծրագրին: Դա խայտառակություն էր:

Մարդը եկել էր Հայաստան՝ հույսով, որ նոր բան պետք է տեսնի, անօրինականությունները վերացված երկրում է լինելու, բայց հանդիպեց նրան, որ տարածքը, որտեղ սիմպոզիումը պետք է անցկացնենք, անօրինական բերել ու չորացած ծառեր են տնկել, ու երբ ասում եմ՝ այսպես ո՞նց կլինի, պայմանագիր չկա, մոգոնում են, որ պայմանագիր կա, ու վերջում էլ սկզբունքներն են ցույց տալիս, որոնցից է ձկնաբուծությունը, զբոսաշրջությունն ու խոտհարքը: Ծառերի տակ՝ ձո՞ւկ… կամ խոտհարքն ինչպե՞ս են անտառածածակ տարածքում անում կամ զբոսաշրջություն զարգացնում: Այդտեղ ամեն ինչն անօրինական է»,- 168.am-ին հայտնեց «Մունետիկ» հ/կ նախագահը:

Հրաչյա Համբարձումյանը հաղորդեց, որ գործին ընթացք են տալու, այն ստանալու է իրավական գնահատական:

Հավելենք, որ  «Արվեստը մեր ձեռքերում» խորագրով սիմպոզիումը մեկնարկել է 2019թ. հուլիսի 20-ից և կավարտվի օգոստոսի 10-ին՝ Իջևանում ստեղծված խեցեգործական և գեղանկարչական աշխատանքների հիման վրա կազմակերպված ցուցադրությամբ։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս