Պատրաստ ենք բացահայտել խնդիրը. «Հայանտառի» տնօրենը՝ խեցեգործության սիմպոզիումը խոչընդոտելու մասին
Ամեն ամառ «Մունետիկ» հ/կ-ն Ապարանին հարակից Լուսագյուղ գյուղի հարևանությամբ գտնվող անտառում իրականացնում է խեցեգործության սիմպոզիում, սակայն այդ սիմպոզիումի անցկացմանն այս տարի դարձյալ փորձել են խոչընդոտել:
«2002 թվականից մենք Ապարանում կազմակերպում էինք մեր ծրագրերը: Ամեն տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ կնքում էինք պայմանագիր՝ այնտեղ սիմպոզիումներ անցկացնելու համար: Նախկինում էլ էին խնդիրներ լինում, ամեն տարի գնում, պայքարում էինք, բայց այս տարվա խնդիրն այն էր, որ պարզվում է՝ այդ տարածքը վարձակալվել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել էր «Մունետիկ» հ/կ նախագահ, արվեստագետ Հրաչյա Համբարձումյանը:
««Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որն արդեն դարձել է կոմիտե, դիմեցի, պարզվեց, որ տարածքը, որտեղ որ մեր ծրագիրն ենք կազմակերպում, երբևէ չի գտնվել որևէ մեկի վարձակալության ներքո, այսինքն՝ 16 տարի մեզ սուտ թուղթ են տվել, որ այդ տարածքը գտնվում է ինչ-որ մեկի իրավասության ներքո: Սա ակնհայտ կոպիտ խախտում է: Մի խոսքով՝ խնդրեցի, որ մեզ թուղթը տան, որպեսզի գնանք ու մեր ծրագիրն այնտեղ անցկացնենք: Պատասխանեցին՝ վաղը կտանք, հաջորդ օրը կտանք, ու այսպես շարունակ: Միշտ այսպես են աշխատել:
Մի ամիս անց ինձ նամակ եկավ, որտեղ գրված է, որ տարածքի վերևի մասը վարձակալվել է, իսկ ներքևինն ազատ է, կարող են մեզ տրամադրել: Գնացի, ասացին, որ ներքևի հատվածում արդեն ծառատունկ են արել: Անցած տարի էլ են ուղղակի, այսպես կոչված, ծառատունկ արել, որպեսզի չկարողանայինք գնալ, ու բոլոր ծառերը հիմա չորացած են: Այս տարի էլ նույնն է լինելու: Մենք արդեն դիմել ենք ԱԺ պատգամավոր, Մշակույթի հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանին, ով խոստացավ հարցով զբաղվել: Հիմա սպասում ենք, տեսնենք, թե հարցն ինչպե՞ս է լուծվելու»,- մանրամասնել էր նա:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանից հետաքրքվեցինք՝ ո՞րն է տարածքը տրամադրելու հարցի ձգձգման պատճառը:
Նա նշեց, որ խնդիրն այնքան էլ իրավական հարթության մեջ չէ:
«Իրավական հարթության մեջ ունենք վարձակալ, ով վարձակալել է տարածքի որոշակի հատված: Այստեղ տեխնիկական հարց է, ըստ էության, կոորդինատների ինչ-որ անճշտություն կա, պետք է հասկանալ: Կոորդինատների թվեր կան, որոնք թյուրիմացության առիթ են դարձել: Հիմա դա քննարկման փուլում է, «Մունետիկ» հ/կ նախագահին ևս մեկ անգամ հրավիրել ենք «Հայանտառ»՝ տեղի կադաստրի վարման բաժնի մասնագետների հետ արբանյակային պատկերի հիման վրա ուսումնասիրելու կոորդինատների տեղաբաշխվածությունը: Առաջարկվել է նաև գնալ, տեղում նոր կոորդինատներ վերցնել՝ համաձայն վարձակալության վկայականի», -հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը:
Ինչ վերաբերում ծառատունկ անելու փաստին՝ Արեգ Կարապետյանն ասաց, որ միայն լուսանկարներով է տեսել:
«Գուցե այն հատվածը, որը վարձակալված չէ, ծառեր են տնկվել, բայց չեմ կարծում, որ դա կարող է խոչընդոտ հանդիսանալ միջոցառման համար: Մենք պատրաստ ենք բացահայտել խնդիրը, թյուրըմբռնումը հարթել, չխոչընդոտել: Տարածքի մեծ մասը, որը խնդրել է հասարակական կազմակերպությունը, վարձակալված չէ, հետևաբար՝ այդ տեսանկյունից էական խոչընդոտ չեմ տեսնում սիմպոզիումի անցկացման համար»,- հավելեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը:
Անի Կարապետյան