«Նոր Հայաստան»-ի քաղաքական անատոմիան
Հայաստանում ներկայումս ծավալվում է մի դիսկուրս, որը երևան է բերել մեր հասարակության ներսում առկա հասարակական-քաղաքական արժեբանական խորքային հակասությունները: Հիմնական և խորքային բախումը, կարծում եմ, քաղաքական կոնսերվատիզմի և լիբերալիզմի միջև է: Բայց ցավով պետք է նշեմ, որ իրենց այդ գաղափարախոսությունների հետևորդ համարողների մի մասը թերի և խեղված պատկերացում ունի այդ փիլիսոփայությունների ու դրանցում իսկապես արժևորվող գաղափարների մասին:
Նորանկախ Հայաստանի կառավարող էլիտաների արժեքային կողմնորոշումը և հավատամքը երբեք չեն ունեցել ընդգծված գաղափարաբանական հենք։ Գաղափարախոսությունը նրանց համար երբևէ չի եղել քաղաքականության մշակման հիմք և խնդիրների լուծման ուղեցույց: Մեր հայրերի սերունդը ձգտել է պետության ստեղծմանը, իսկ Արցախյան գոյամարտի հաղթանակը նրանց և մեզ այդ հարցում դարձրել է ինքնավստահ և հոգեբանորեն ամուր:
Այս ձգտումը դարձել է մեր հավատամքը և սկզբունքը, սակայն, բիրտ և դաժան քաղաքական հաշվարկի, պատեհապաշտության և արժեքային մոլորվածության պատճառով, մեր պատկերացումները պետության ինչպիսին լինելու մասին հետագայում սկսել են թուլանալ: Մենք շատ դանդաղ ենք ընկալում պետության կարևորությունը՝ մնալով առավելապես հայրենիքի աժևորման «հաճախականության» վրա: Մենք չենք տարբերակում իշխանությունը պետությունից, մենք մեր ընկալումներում չենք ներդաշնակեցնում մեր իրավունքը և պարտականությունը, պարտքի և ներքին պատասխանատվության զգացումները:
Հայաստանի բոլոր քաղաքական էլիտաների գլխավոր խնդիրը եղել է տնտեսական արժեքի ստեղծումը, և սեփական իշխանությունը պահպանելու ու դրա շարունակականությունն ապահովելու համար ժամանակի ընթացքում ձևավորվեցին թերի և արատավոր ենթահամակարգեր: Պետության կենսագործունեության համար մենք մշտապես ունեցել ենք ֆինանսական նոր միջոցների կարիք և դրանք շրջանառության մեջ մտցնելու անհրաժեշտություն։ Եվ քանի որ այդ միջոցներն ակնկալվում էին նախառաջ արտերկրից, մենք սկսեցինք խաղալ այլ՝ «դրսի» կանոններով: Սկսեցինք խոսել միջազգային քաղաքական էսպերանտո լեզու համարվող «ժողովրդավարություն» լեզվով, բայց այդպես էլ ներքուստ չհավատացինք դրա հենասյունային արժեքներին և նպատակներին, էլ ուր մնաց դրա գաղափարաբանական և ինստրումենտալ հենասյուներին:
Պետության համար անհրաժեշտ միջոցներն արտերկրից հայթայթելը դարձավ մեր ժողովրդավար դառնալու հիմնական շարժառիթը, քաղաքական բաց համակարգ ստեղծելու գործիքը և պարտականությունը: Սակայն մեր քաղաքական ոչ մի էլիտա իրականում ժողովրդավար չի եղել և ստիպված է եղել քաղաքական այս կամ այն գաղափարաբանությունը քիչ թե շատ հարմարեցնել իր համոզմունքներին և պատկերացումներին: Ասել կուզեմ՝ մենք ժողովրդավարական երբեք չենք եղել, մենք խաղացել և ձևացրել ենք, որ ժողովրդավար ենք՝ ունենալով արտաքին ֆինանսական և քաղաքական պարտականություններ միջազգային կառույցների, պետությունների, ընկերակցությունների առջև:
Հատկապես վերջին 10 տարիների ընթացքում վերը նշված ախտանիշներն ավելի էին խորացել և դարձել որոշիչ: Քաղաքական էլիտան իրեն կոչում էր ազգային-պահպանողական, սակայն դրսից տրամադրված ֆինանսների, վարկերի և պարտականությունների մեծ բեռը ստիպում էր նրանց խաղալ ազատականություն՝ քաղաքական, արժեքային և գաղափարական շատ թույլ ու փխրուն ցենզեր ունեցող հասարակական շերտերի առջև բացելով դռներ, որոնցից սկսեցին ներս թափանցել ոչ միայն լիբերալ, այլ նաև լիբերտարիստական հոսանքներ՝ իրենց քաղաքական և հատկապես ֆինանսական դաժան գործիքակազմով ու մամլիչ մեխանիզմնեով:
Հավատացե՛ք, արևմտաեվրոպական ոչ մի առաջատար պետություն թույլ չի տալիս լիբերտարիզմի անվերահսկելի ներխուժում և ստեղծում է ներքին դիմադրողականության հիմքեր:
Նախորդ իշխանություններից մեզ ժառանգություն մնացած ևս մի արատավոր երևույթ կա․ մեր քաղաքական մշակույթում շարունակում է գերակայել ինչորմիական լինելու թշվառ դիսկուրսը: Սա մի կործանիչ մեթոդ էր, որը ներդրվեց Հայաստանում անկախ պետականության ձևավորելու հենց սկզբից, երբ «Մենքը», «Մերը», «Բոլորինսը» ստորադասվեցին «իմին», «քոնին», «նրանինին», խմբային, ապա նաև անձնական շահերին։ Այդ բաժանումը հետագայում խորացավ և ավելի փոքրացրեց առանց այդ էլ փոքր մեր հասարակությունը և նրան դարձրեց սեփական շահի մոլի հետևորդ։ Ժողովրդավարության մրցակցային փաթեթավորմամբ քաղաքականության բիրտ և դաժան կանոնները ՀՀ բոլոր իշխանությունների թեթև ձեռքով շատ արագ դեֆորմացրեցին մեր հասարակությունը։
Այդ «թեթև ձեռքը» ավելի խորացրեց բաժանարար Մերն ու Ձերը, Իմն ու Քոնը․ նախորդ բոլոր իշխանությունները «լևոնականի», «քոչարյանականի», «հանրապետականի» պիտակումները շռայլորեն օգտագործում էին միմյանց դեմ։ Թեև նախորդ իշխանությունն ի վերջո դարձավ քաղաքական ինքնավերարտադրության իր վերջին փորձի զոհը, այդուհանդերձ, ցավով եմ նկատում, որ պիտակավորման այս նույն մեթոդաբանությունը՝ ժանրի բոլոր կանոններին համաձայն, այսօր կիրառում են այսպես կոչված «նիկոլականները»։
2018 թ․ նախընտրական գործընթացներում ևս նախորդած ժամանակաշրջանից ժառանգված անտեսլական, ոչ գաղափարական և ոչ կոնցեպտուալ գործելաոճը պահպանվեց։ Դա թերևս ուներ տրամաբանական հիմնավորում, բայց առողջ և մրցունակ քաղաքական համակարգ ստեղծելու դիտանկյունից ոչնչով արդարացված չէր:
Փաստացի հեղափոխակարգված իշխանությունն իրեն դուրս էր դրել մրցակցությունից, և քաղաքական ընտրապայքարում, որը պետք է լիներ մրցակցություն հանուն գաղափարի և աջակցության, մենք տեսանք աջակցություն և 0 գաղափարախոսություն։
Քաղաքական դիսկուրսը չէր ծավալվում ծրագրերի, տեսլականների, գաղափարների, հայեցակարգերի և հիմնախնդիրների լուծման ձևերի և մեթոդաբանության շուրջ։ Չկար իրական պայքար հանուն իշխանության, և նախընտրական գործընթացի մասնակիցները պայքարում էին ընդամենը «ոչ հեղափոխական» ընդդիմադիր տեղի համար: Հեղափոխակարգ իշխանությունները այս պայմաններում հայտնվել էին շատ շահեկան վիճակում, քանի որ թվացյալ կամ իրական ընդդիմությունը հայտնվել էր մի հարթակում, որտեղ գործող իշխանություններին իրական քննադատություն չկար։ Իսկ ինչու՞ չկար, որովհետև
- Բացակայում էր ընտրապայքարին մասնակցողների գաղափարախոսական դիրքավորումը, և, որպես հետևանք, բացակայում էին խնդիրների վերհանման ու լուծման սկզբունքային գաղափարահենք մոտեցումները, իսկ առաջարկվող լուծումները ոչ թե կոնցեպտուալ էին, այլ իրավիճակային և միայն հավաստիացումների մակարդակով, այսինքն՝ պոպուլիստական։
- Քաղաքական նոր համակարգ չստեղծելու և ընդամենը համակարգի արատավոր երևույթների դեմ պայքարի մասին ագրեսիվ հավաստիացումները ևս չեզոքացնում էին պոտենցիալ ընդդիմության նույնիսկ ագիտացիոն ռեսուրսը։ Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ իրականում պայքարում էին ոչ թե գործող իշխանություններն ու ընդդիմադիրները՝ հանուն իշխանության, այլ ընդդիմադիրները միմյանց հետ՝ ընդդիմադիր հարթակի և խորհրդարանում քաղաքական փոքրամասնության տեղերի համար, և այդ պայքարը սկսվելու և ավարտվելու էր քաղաքական անբովանդակությամբ։ Այսպիսի «քաղաքական ընտրություններն» օր առաջ անհրաժեշտ էին հեղափոխակարգ իշխանություններին՝ քաղաքական ողջ դաշտն արագ ապակողմնորոշելու, հեղափոխական ռոմանտիզմի ալիքը պահպանելու և գոնե անցումային ժամանակահատվածում պրագմատիզմից խուսափելու համար։ Այնպես որ վարչապետի «մեր քաղաքական թիմը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտականությունները» հայտարարությունը անհիմն և բովանդակազուրկ չէր։
Այսօր մենք գործ ունենք կեղծ–գաղափարախոսական մի հոսանքի հետ, որը, շատ լավ հասկանալով գաղափարախոսություն որդեգրելու ռիսկերն իր համար, մերժում է այն՝ տուրք տալով հասարակության բոլոր շերտերի ցանկությունների, չհիմնավորված ձգտումների` վիրտուալ, խաբկանքային բավարարմանը: Այս էլիտան, ըստ իս, դատապարտված է մի քանի պատճառով․
1. Համոզվա՞ծ ենք, որ Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, այլ ոչ թե իշխանափոխություն։ Իմ համոզմամբ՝ տեղի է ունեցել ընդամենը իշխանափոխություն, որին փորձում են տալ հեղափոխության փաթեթավորում։ Եվ հենց այդ խաբկանքի պատճառով խորքային շատ պահանջներ բավարարել հնարավոր չէր, իսկ ցանկացած այդպիսի փորձ ընդամենը պոպուլիզմի դրսևորում է՝ ժանրին հատուկ բոլոր նրբերանգներով:
2. Հասկանու՞մ ենք արդյոք պետության համար անխուսափելի այն ռիսկերը, որոնք կապված են հեղափոխակարգ իշխանությունների՝ հանրային չափազանց մեծ սպասումները բավարարելուն և իբր սոցիալական արդարություն հաստատելուն ուղղված գործելաոճի հետ։
3. Նկատու՞մ ենք արդյոք, որ պետական կառույցների ղեկավարների գործողությունների դիպվածային–իրավիճակային բնույթը և անարդյունավետությունը քողարկվում է բոլշևիկյան տրանսպարանտային մտածալեկերպով ու քարոզով։
4. Ընկալո՞ւմ ենք արդյոք հանրության ներսում թշնամանքի աճի վնասակարությունը, որը կարող է հանգեցնել սերունդների աշխարհայացքային–արժեքային կապի խզման։ Տեսնո՞ւմ ենք, օրինակ, «հակահեղափոխության» ու դրա դեմ պայքարի (մասնավորապես՝ նոր-հին, սև-սպիտակ, մերոնքական-ոչ մերոնքական բաժանումների), անցումային արդարադատության, վեթինգի և ուղղիղ ժողովրդավարության անվան տակ ամբոխավարության տարրերի ներթափանցման վտանգներն ու դրանց չընկալումը կամ, որ ավելի վատ է, այդ վտանգներն ընկալելը և ամբոխահաճությամբ զբաղվելը։
Հասկանո՞ւմ ենք արդյոք, որ քաղաքական ներկայիս համակարգը՝ կառավարման «մուտանտային» մոդելով և փոխզսպումների մեխանիզմի բացակայությամբ, «սիրո և հանդուրժողականության» տրանսպարանտների տակ կանգնած քաղաքական ակտորներին կարող է վերածել, լավագույն դեպքում, լեգիտիմությունը կորցրած դանդաղաշարժ բյուրոկրատների, իսկ վատագույն դեպքում՝ խորը պոպուլիստների:
5. Մեզ չի անհանգստացնո՞ւմ, որ ներկայիս կառավարող էլիտան ոչ միայն չի տարբերում իշխանություն կրելու պատասխանատվությունը ընդդիմադիր գործելաոճից, այլև ընդդիմության բացակայության (շեշտում եմ՝ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) պայմաններում ապշեցուցիչ հպարտությամբ անգամ փորձում է ինքը կատարել այդ գործառույթը, խաղալ փրկիչ–միսիոների դեր:
Մի՞թե ճիշտ են «հեղափոխության» սրբացումը և «հակահեղափոխության» սատանայացումը, որին լծվել են այսօրվա իշխանությունները։ Մի՞թե դա նշանակում է, որ «հեղափոխական» իշխանությունը պետք է կրել և իրացնել «ժողովրդի» անունից, քանի դեռ հեղափոխության արդյունքները չեն հասել վերջին շահառուին։
Մի՞թե դա նշանակում է, որ յուրաքանչյուր ընդդիմություն հակահեղափոխություն է և պետք է ոչնչացվի, քանի որ «ժողովուրդը» դա է պահանջում կամ կա դրա վիրտուալ «հանրային պահանջ»: Իսկ ի՞նչ ասել, երբ «հեղափոխական» գործադիր իշխանությունը, անտեսելով իշխանության թևերի տարանջատման և փոխզսպման սկզբունքը, սպառնում է «հակահեղափոխական» դատական իշխանությանը:
Սրանք հարցեր են, որոնցից մենք անընդհատ խուսափում ենք, մինչդեռ նույնատիպ անպատասխան հարցեր կան նաև արտաքին հարաբեությունների ոլորտում:
Հայ-ռուսական հարաբերությունների մետաֆիզիկան, ի տարբերություն ներկայացուցչական հանդիպումների հաճախականության, գնալով առարկայական վերապահումների դիսոնանսի փուլ է մտնում։ Դա ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։
Նախ, արտաքին քաղաքականության մեջ ներքին քաղաքականության կարգախոսային և ամբոխահաճո գործիքակազմի օգտագործումը, մեղմ ասած, անփորձության դրսևորում է, որն արտաքին խաղացողներին ոչ միայն չի տպավորում, այլ նույնիսկ նյարդայնացնում է, եթե ոչ դիվանագիտորեն անարգում։ Հենց այդ ոճով են գործող իշխանությունները փորձում հավաստիացնել ներքին և միջազգային հանրությանը, որ արտաքին քաղաքականության մեջ գերակայությունները փոփոխելու օրակարգ չկա և չի կարող լինել։ Սակայն դա բոլորովին չի համոզում և վստահահություն չի ներշնչում Ռուսաստանին, որը, այնուամենայնիվ, այս տեսակի, ձևի և բովանդակության իշխանության ընկալման, ընդունման և նրան վստահելու խնդիր ունի։
Մյուս կողմից, Արևմուտքը լուռ հետաքրքրությամբ հետևում է Հայաստան–Ռուսաստան փոխհարաբերությունների հնարավոր զարգացման կամ հնարավոր տապալման կամ, ավելի ճիշտ, այդ հարաբերություններում չհասկացվածության խորացումը, և Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ ու հատկապես դրանցից հետո ինքն էլ է որոշակի դիսոնանսի մեջ ընկնում և սկսում հասկանալ ռուսների դիսոնանսի պատճառները։ Արևմուտքի հետ մեր իշխանությունների հարաբերություններում կաշկանդվածության խնդիր առայժմ չկա։ Առա՛յժմ չկա։ Բայց անփորձության և դիսոնանսի համաբույլը հատկապես խորանում է այն պահին, երբ հեղափոխակարգված իշխանությունները սկսում են արևմտյան հարթակներում պահանջատիրության դիրքերից «Հեղափոխության» շահառուների աճուրդ կազմակերպել, այն էլ՝ առանց մուրճի։
Այս գործելաոճը կստեղծի մի իրավիճակ, երբ երկու, իսկ Հայաստանի նոր իշխանությունների դեպքում՝ մի քանի լարի վրա երկար խաղալ չի հաջողվի, իսկ շատ արագ վայր ընկնելու բոլոր նախադրյալներն ստեղծել են հենց իրենք՝ իրենց թավշյա միջոցառումների ընթացքում, ստեղծում են հիմա և կստեղծեն նաև առաջիկայում:
Հայաստանում ձևավորվել է մի իշխանություն, որը թյուր պատկերացում ունի պետական քաղաքականության իրականացման պատասխանատվության մասին։ Դեռևս 2000-ականերից Հայաստանում ձևավորվել էին շահախնդիր հասարակական խմբեր, որոնց քաղաքական իրողությունների մասին մտահորիզոնի և պատկերացումների հիմքում ընկած է ոչ թե քննադատական վերլուծությունը, այլ մերժելը, ոչ թե ստեղծելը կամ բովանդակային այլընտանք մշակել–առաջարկելը, այլ ապամոնտաժումը և քանդումը։ Եվ այսօր այդ խմբերի մեծ թվով ներկայացուցիչներ այսօր ստանձնել են պետության կարևորագույն քաղաքական ինստիտուտների կառավարման և քաղաքականության մշակման պարտավորություններ։ Բայց նրանք ունակ և պատրաստ չեն և չէին ո՛չ կառավարել, ո՛չ քաղաքականություն մշակել, ո՛չ էլ պատասխանատվություն կրել իրենց գործունեության և գործողությունների համար։ Նրանք հիմնականում քննադատել են և պայքարել՝ առանց իրենց գործողությունների և հայտարարությունների համար պատասխանատու լինելու։ Պայքարել են իշխանությունների դեմ՝ նույնականացնելով պետությունը և իշխանությունը, չունենալով արժեքային գերակայությունների համակարգ։ Այդ իսկ պատճառով նրանց համար դժվար է ընկալել իշխանությունների դեմ պայքարի և պետության դեմ պայքարի սահմանը։
Պարբերական մերժման ու այլընտրանքային առաջարկի բացակայությամբ «մշտապայքար» մտածողությունը և գործելաոճը նոր էիտայի մոտ ձևավորել է քաղաքական բարդագույն իրողությունների թերընկալման պարբերական ախտանիշ։ Դա այսօր հանգեցնում է տարերային, իսկ հատկապես վերջին շրջանում՝ ցուգցվանգային քաղաքականության, որի արդյունքը լինելու է վերադարձ ի շրջանս յուր։
Տպավորություն է ստեղծվում, որ վարչապետը ոչ թե կառավարում և ոլորտային զարգացման ռացիոնալ քաղաքականություն է մշակում և իրականացնում, այլ, թերթի խմբագրի տրամաբանությամբ, ստեղծում է քաղաքականությանը և իրեն վերաբերվող մեդիա կոնտենտ, որը պետք է սպառի «ժողովուրդը»։ Իսկ նախկին պայքարասեր, բայց այժմ իշխանական շրջանակները որևէ կերպ չեն տեղավորվում այն նոր առաքելության մեջ, որը ստանձնել են․ նրանք չեն պատկերացնում, որ արդեն պարտավոր են նստել, ոչ թե քայլել, աշխատել, այլ ոչ թե քննադատել և սևացնել, մշակել և ստեղծել, այլ ոչ թե մերժել և չառաջարկել: Արդյունքում նրանք հայտնվում են խնդիրների մեջ և հարցեր առաջացնում իրենց ընտրողների մոտ, իսկ այդ հարցերը և վերապահումները դժգոհության տեսքով առաջիկայում ավելի են խորանալու։
Նախկին իշխանությունների ամեն ինչի մերժումն ու սևացումը, ներքին թշնամու կերպարի ստեղծումն ու խրամատային տրամադրությունների սերմանումն ու վհուկների որսը, որոնք նախկինում արդյունավետ էին հանրային աջակցության ռեսուրսի համախմբման և պահպանման համար, այսօր այլևս չեն աշխատում: Փոխարենն փորձարարական, տարերային և հիմնականում «անտուռաժային էֆեկտի» վրա հիմնված այդպիսի քաղաքականությունը վտանգավոր և ռիսկային է պետության, քաղաքական համակարգի կենսունակության և կայունության տեսանկյունից։
Իմ խորին համոզմամբ՝ սա այն հիմնական խնդիրն է և հարցը, որը կարիք ունի սթափ և զգացմունքայնությունից, քաղաքական նախասիրություններից և նախապատվություններից զերծ հետևությունների և պատասխանների։ Հենց վերջիններից են կախված թե՛ ներքին և թե՛ արտաքին ռիսկերին դիմակայելու, դրանք չեզոքացնելու՝ մեր պետության հնարավորությունները և ներուժը։
Իրական և խորքային խնդիրները դեռ նոր–նոր են սկսում ծառանալ նորահայտ կառավարող էլիտայի առաջ, և այս տեսանկյունից տարերային ու փորձարարական լուծումները, հեղափոխական-էյֆորիկ պատկերացումներն այլևս ո՛չ կենսունակ են և ո՛չ էլ համոզիչ։ Չի կարելի փորձարարությունը ներկայացնել որպես բարեփոխում, չի կարելի քաղաքական որոշումները և գործողությունները ներկայացնել որպես մշակված և պլանավորված քաղաքականություն. միևնույն է՝ դրանց տարերային ու իրավիճակային բնույթը վաղ թե ուշ ակնհայտ է դառնալու։ «Նոր Հայաստան» ձևակերպումը, որը նոր իշխանությունների ձեռքում դարձել էր «բնական» ձախողումներից պաշտպանվելու վահան, կորցրել է պրոպագանդիստական իր կենսունակությունը։
Վարչապետի հռետորաբանությունը դժվար է համարել պետության ղեկավարի, հասարակության ներդաշնակեցման պատասխանատվություն և առաքելություն կրող առաջնորդի ոճ։ «Ժողովուրդ» արտահայտության քողի տակ՝ վարչապետը ոչ միայն պետության առաջնորդին բնորոշ մոտեցմամբ և գործելաոճով չի վերացնում հասարակության ներսում օրեցօր խորացող բաժանումը, այլ նույնիսկ չի փորձում մեկ ընդհանրության՝ մեկ հասարակության մեջ տեսնել այդ անջրպետի երկու կողմերում կանգնածներին։ Բայց նրա ընդդիմախոսներին ու քննադատներին ուզում եմ հիշեցնել՝ նրա խոսքի հասցեատերը դուք չեք, նա ձեզ հետ չի խոսում, նա խոսում է իր ընտրողի հետ՝ փորձելով համապատասխանել նրա պատկերացումներին և ակնկալիքներին՝ այդ կերպ ապահովելով իր լեգիտիմության բազան և ռեսուրսը։ Մի՛ փորձեք նրան տեղավորել ձեր արժեքների և պատկերացումների համակարգում։ Դա ապարդյուն է, քանի որ քաղաքական տեսանկյունից դուք չեք նրա աջակիցը և հենարանը։
Սոցիալական արդարության, արդյունավետ կառավարման խնդիրների լուծման ամենաուղիղ ճանապարհը սոցիալական լիֆտերի նպատակային և հետևողական կիրառումն է։ Դա նաև, մի կողմից, կառավարող էլիտաների սահուն ու մշտական թարմացման լավագույն միջոցն է, մյուս կողմից, ստեղծում է կառավարման արդյունավետ համակարգ և հասարակական տարբեր շահախնդիր խմբերի հետ համաձայնեցված քաղաքականություն մշակելու և իրականացնելու լայն հնարավորություններ։
Մեր իրականության մեջ, ցավոք, էվոլյուցիոն այս ճանապարհը հիմնավորապես փոխարինված է ռեվոլյուցիոն ճանապարհով․ մենք գործ ունենք «ռեակտիվ լիֆտերի» հետ, որի դեպքում նշված դրական արդյունքները բացակայում են։ Մեր նորահայտ հեղափոխական էլիտայի ներկայացուցիչները քաղաքացիական ակտիվիստից դարձել են պետական պաշտոնյա՝ պահպանելով ակտիվիստի պատկերացումները սեփական պատասխանատվության, իրավունքների, քաղաքականության և պետականության վերաբերյալ:
Հնարավոր է՝ պետության և պետականության մասին իմ պատկերացումները հնաոճ են, բայց ինձ հետաքրքիր է՝ ինչի՞ մասին է խոսում այն հանգամանքը, որ նոր իշխանություններն ավելի շատ հիմնվում, մեջբերում և գերակայություն են տալիս «հեղափոխության պոստուլատներին», քան Հայաստանի Սահմանադրությանը։ Դա քաղաքական գրագիտությա՞ն խնդիր է, քաղաքական մենթալիտետի՞, մշակույթի՞, պետականության անքակտության կարևորության ընկալմա՞ն, թե՞ հեղափոխության պոստուլատների գերարժևորման, «սրբացման» և «մումիֆիկացման» խնդիր։
Հարգելիներս, դուք արդեն իշխանություն եք, իսկ Սահմանադրությունը ձեր սուրբ սրբոցն է։ Մի՛ տրվեք քաղաքական կեղծ ու պարզունակ օրակարգերի սնուցման գայթակղությանը։ Բա՛ց թողեք հեղափոխությունը. ժամանակն է հեղափոխական իշխանությունից դառնալ պետական իշխանություն, «քայլ արածների» իշխանությունից՝ Հայաստանի բոլո՛ր քաղաքացիների իշխանության։
Քաղաքականությունը և պետական կառավարումը բազմաշերտ երևույթներ են, որոնք պահանջում են մեծագույն պատասխանատվություն, սակայն հասարակական-քաղաքական իրողությունների մասին ներկայիս քաղաքական ակտորների մակերեսային և ոչ խորքային պատկերացումները, ցավոք, համարժեք չեն պետական կառավարման բարդությանը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, մեր պետականության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկը շատ շուտով կարող է դառնալ լեգիտիմության գերակայությունը լեգալության նկատմամբ։
Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ,
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ