Ֆինանսական դաշտում ռիսկերն ավելանում են. Ո՞ւր է գնում բանկային կապիտալը
Իշխանափոխությունից հետո վարկային շուկան Հայաստանում մի տեսակ շատ ակտիվ է։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ բանկերը սպասում էին թավշյա հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, որպեսզի բացեին տրցակներն ու փողերը շաղ տային տնտեսության մեջ։ Թվում է, թե տնտեսությունն էլ իր հերթին է սկսել արագորեն կլանել այդ կապիտալը։ Բայց արի ու տես, որ այդպես չէ։
Տնտեսության իրական հատվածում իշխանափոխությունից հետո վարկային կապիտալը ոչ միայն չի ավելացել, այլև մի բան էլ նվազել է։ Խոսքը, մասնավորապես, արդյունաբերության մասին է, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է 47 մլրդ դրամով։
Ավելի լավ պատկերացնելու համար ասենք, որ այն գրեթե համարժեք է 100 մլն դոլարի։
Եթե անցած տարվա մայիսին բանկերի վարկային կապիտալը հասնում էր 533 միլիարդի, ապա իշխանափոխությունից մեկ տարի հետո այն կազմել է 486 մլրդ դրամ։ Այսինքն` նվազել է գրեթե 9-ը տոկոսով։ Ու սա շատ վատ է։ Ստացվում է, որ արդյունաբերությունը մի բան էլ կորուստներ է ունեցել վարկային շուկայի ակտիվացումից։ Փողերը դուրս են եկել տնտեսության իրական հատվածից և գնացել այլ ուղղություններով։
Վարկերը, անշուշտ, թանկ հաճույք են տնտեսության համար։ Դրանք այն գումարները չեն, որ կարող են զարգացում, առավել ևս՝ բարձր զարգացում ապահովել։ Բայց երբ չկան այլ հնարավորություններ և հատկապես ուղղակի ֆինանսական ներարկումներ, դա էլ փրկություն է տնտեսության համար։ Սակայն պարզվում է՝ տնտեսությունը վարկերից էլ է զրկված։
Իշխանափոխությունից հետո բանկերի կողմից տեղաբաշխված վարկային միջոցների առյուծի բաժինը գնացել է ոչ թե տնտեսության իրական հատված, այլ սպառողական շուկա։ Կտրուկ ավելացել են սպառողական վարկերը, որոնք մարդիկ սովորաբար վերցնում են ոչ թե տնտեսություն զարգացնելու կամ տնտեսական գործունեություն իրականացնելու համար, այլ կենցաղային խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով։
Այլապես դժվար է պատկերացնել սպառողական վարկերի բարձր պահանջարկը։ Հատկապես, որ դրանք թանկ փողեր են, թերևս՝ ամենաթանկը մյուս բոլոր վարկային պրոդուկտների համեմատ։ Նույնիսկ տարօրինակ է, որ մարդիկ գնացել են սպառողական վարկերի ակտիվ ներգրավման։
Դա, անշուշտ, լավ օրից չի գալիս։ Հավանաբար այլ հնարավորություններ չունենալով՝ մարդիկ ստիպված են եղել դիմել վարկերի օգնությանը։ Ու գուցե ՝ոչ միայն առօրյա խնդիրները լուծելու համար։ Որ Հայաստանում քիչ չեն այն քաղաքացիները, ովքեր նոր վարկեր են վերցնում նախորդները մարելու նպատակով, վաղուց հայտնի իրողություն է։
Այնպես չէ, որ իշխանափոխությունից հետո հասարակության եկամուտներն այնքան են ավելացել, որ այլևս նման խնդիր չկա։ Ընդհակառակը` սոցիալական իրավիճակը երկրում մի բան էլ վատացել է։ Ու հավանաբար նաև դա է սպառողական վարկերի արագ ավելացման պատճառներից մեկը։
Իշխանափոխությունից գրեթե 15 ամիս հետո հասարակության սոցիալապես աղքատ հատվածը շարունակում է վայելել իր աղքատությունը։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները խոսեն աշխատավարձերի ու սոցիալական այլ վճարների ավելացումից, իրական կյանքում փոփոխությունները նկատելի չեն։ Իսկ երբ մարդկանց եկամուտները չեն բավարարում անհրաժեշտ ծախսերը հոգալու համար, նրանք ստիպված են այլ ելքեր փնտրել։ Թե հետո ինչ կլինի՝ այլ հարց է։
Բնավ զարմանալի չէ, որ այսօր շատ ու շատ քաղաքացիներ կքած են վարկերի ծանրության տակ և չեն կարողանում կատարել ստանձնած պարտավորությունները։ Ոչ վաղ անցյալում, երբ հեղափոխության առաջնորդն ընտրվեց վարչապետ, վարկային համաներում հայտարարեց։ Սա, թերևս, այն քիչ խոստումներից մեկն է, որը Նիկոլ Փաշինյանը կատարել է։ Այդ քայլով ներվեց ավելի քան 12 մլրդ դրամի վարկային տույժ ու տուգանք։ Մեծ թվով վարկառուներ ազատվեցին այդ գումարների վճարումից։ Բայց, ինչպես և սպասվում էր, իրավիճակը չփոխվեց։
Ժամկետանց վարկերի խնդիրն այսօր էլ արդիական է։ Դրանք շարունակում են ավելանալ շատ ավելի արագացված տեմպերով։ Այդպես է, որովհետև մարդկանց ծախսերը եկամուտներից առաջ են ընկել։ Սպառողական վարկերը, որոնք այսօր գուցե ինչ-որ հնարավորություն են ֆինանսավորելու այդ ծախսերը, վաղը կարող են պատուհաս դառնալ՝ ինչպես վարկառուների, այնպես էլ՝ բանկերի համար։
Այնպես որ, սպառողական վարկերի նման կտրուկ ավելացումը, որը տեղի է ունենում վերջին մեկ տարում, գնալով վտանգավոր է դառնում։ Ու դրանից պետք է զգուշանալ։
Այսօր բանկերի սպառողական վարկերի պորտֆելն անցնում է 781 մլրդ դրամի սահմանը։ Վերջին մեկ տարում այն ավելացել է 211 միլիարդով կամ ավելի քան 37 տոկոսով։
Սա բանկերի վարկային պորտֆելի ամենամեծ հատվածն է։ Եթե նախկինում արդյունաբերության ոլորտի հատկացումներն ինչ-որ առումով հավասարակշռում էին սպառողական վարկերին, երբեմն նույնիսկ գերազանցում, ապա հիմա պատկերը կտրուկ փոխվել է։ Այժմ արդեն սպառողական վարկերը շուրջ 300 մլրդ դրամով գերազանցում են արդյունաբերության մեջ բանկերի ունեցած վարկային պորտֆելը։ Այդ շեղումը տեղի է ունեցել գերազանցապես վերջին մեկ տարվա ընթացքում։
Հիմա արդեն դժվար չէ պատկերացնել, թե իշխանափոխությունից հետո բանկային կապիտալը որքանով է դարձել տնտեսության ֆինանսավորման շարժիչ ուժը, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում։ Ընդհակառակը` այս թվերը ցույց են տալիս, որ բանկային կապիտալը հեռանում է տնտեսության իրական հատվածից` տեղափոխվելով սպառողական և այլ վարկային շուկաներ, որտեղ ներգրավված միջոցների վերադարձելիության ռիսկերը շատ ավելի մեծ են։
Իշխանափոխությունից հետո ընդլայնվել է բանկերի ոչ միայն՝ սպառողական, այլև՝ հիպոթեքային վարկերի պորտֆելը։ Այն անցել է 287 մլրդ դրամից։
Վերջին մեկ տարում հիպոթեքային վարկերն ավելացել են 72 մլրդ դրամով, ինչը մեծ առաջընթաց է։ Թեև աճի անգամ այդ տեմպով այն հետ է մնում սպառողական վարկերից։ Մեկ տարում հիպոթեքն ավելացել է գրեթե 34 տոկոսով։ Դրան զուգահեռ՝ մեծացել են նաև ռիսկերը` կապված հասարակության վճարունակության հետ։ Ու դեռ հարց է, թե հիպոթեքի ակտիվացումն առաջիկայում ինչ խնդիրներ կարող է ստեղծել վարկառուների և բանկերի համար։ Տնտեսական զարգացումները Հայաստանում այնպիսին չեն, որ հնարավոր լինի մոտ ապագայում ակնկալել մարդկանց վարկունակության և վճարունակության բարձրացում։
Կառավարության քայլերն այս առումով առաժմ լավատեսության հիմքեր չեն տալիս։ Իշխանափոխությունից 15 ամիս հետո սոցիալական իրավիճակը Հայաստանում նույնքան վատ է, որքան նախկինում էր։ Առաջիկա ակնկալիքները նույնպես հուսադրող չեն։ Հասարակության հիմնական մասի եկամուտների քիչ թե շատ շոշափելի ավելացում չի սպասվում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ