«Եթե պարոն Փաշինյանն իրոք կարծում է, որ Մարտի 1-ին տանկեր են մտել ու թրթուրների տակ են մարդկանց ճզմել, ապա պարոն Փաշինյանը երևի տանկ տեսած չկա…». Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «չհաջողված հիպերբոլա» որակեց վարչապետի վերջին հարցազրույցներից մեկում նրա կողմից հնչեցված հետևյալ ձևակերպումը, թե` «Ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է՝ ասում են, որ ես իրավունք ունեմ զինված ուժերն ու տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել»:

«Եթե սա հիպերբոլա է, ապա ուղղակի չհաջողված հիպերբոլա է, իսկ եթե պարոն Փաշինյանն իրոք կարծում է, որ Մարտի 1-ին տանկեր են մտել ու թրթուրների տակ են մարդկանց ճզմել, ապա պարոն Փաշինյանը երևի տանկ տեսած չկա, բայց գոնե ինքը տեղյակ է, որ թրթուրի տակ ճզմված մարդ չի եղել էդ իրադարձությունների ժամանակ, մնացածը, ես էդ կարգի գաղափարները եկեք չմեկնաբանեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալումյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք այդպիսով անմեղության կանխավարկածը չի խախտվել, փաստաբանն արձագանքեց, որ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված՝ իրենք աշխատում են այդ բնույթի բանավեճի չբռնվել, քանի որ մեկ անգամ արդեն Փաշինյանն իր ներկայացուցչի միջոցով նշել էր, որ ինքը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել` ասելով «մարդասպան».

«Մենք դատի ենք տալու, պարոն Փաշինյանը գալու է, ասի` ես պարոն Քոչարյանին նկատի չեմ ունեցել, դրա համար՝ այս ոլորտում մենք մեկնաբանություններ չունենք, նախապես ասում ենք` երևի ինքը ապագայում կասի՝ պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս