«Վահե Գրիգորյանի նամակից ցնցվելու բան չկար։ Եթե կարդալու բան չունի, թող Քոչարյանի գիրքը կարդա». Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի կիրառած բառամթերքը պարզապես խայտառակություն է, ու մեր բոլորի ամոթն է, որ մենք ունենք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ, որը կարող է նման բառամթերքով խոսել ՀՀ քաղաքացիների մասին։

Այս մասին 5-րդ ալիքի եթերում երեկ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով դատավորների մասին վարչապետի տված որակումներից։

«Ի՞նչ է նշանակում՝ «վնգստում են», ի՞նչ է նշանակում՝ ՍԴ-ն դարձրել են «բուդկա»։ Դրա համարժեք պատասխանը ո՞րն է։ Բա որ հիմա դատավորներից մեկն էլ դուրս գա, ասի՝ Նիկոլ Փաշինյանը, կներեք, Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցի մեջ հաչում էր։ Սա ի՞նչ բառամթերք է»,- տարակուսում է նախկին պատգամավորը։

Նա այդ հարցազրույցից այն տպավորությունն է ստացել, որ Նիկոլ Փաշինյանն այլևս իրեն նեղություն չի տալիս գեղեցիկ ստեր հորինել։ Սա, ըստ Ա. Աշոտյանի, «հաբռգածության» ցուցանիշ է։ Նիկոլ Փաշինյանի գլուխն անսպասելի հաջողությունից պտտվում է կոսմիկական արագությամբ։

Կարդացեք նաև

«Նիկոլ Փաշինյանն այսօր իրավունք չունի քննադատել Սահմանադրությունը՝ ոչ բարոյական, ոչ քաղաքական, որովհետև երբ 2014-15թթ. նախաձեռնվում էին սահմանադրական փոփոխություններ, նա իր «Հայկական Ժամանակում», իր ստորագրությամբ տպեց ընդարձակ քաղաքական հոդված, որտեղ բառացիորեն գրված էր՝ «սահմանադրական փոփոխությունները ծուղակ են և կեղծ օրակարգ։ Այսինքն՝ նա իրեն այդ ժամանակ նեղություն չտվեց կարդալ, թե ինչ է գրված այդ սահմանադրության մեջ, համարեց կեղծ օրակարգ և կորցրեց իրավունքը, բարոյական ու քաղաքական հիմքերը՝ քննադատելու այդ սահմանադրությունը»,- հիշում է ՀՀԿ փոխնախագահը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանի նամակից ցնցվելու բան չկար, և, եթե վարչապետը կարդալու բան չունի, թող Քոչարյանի գիրքը կարդա։

Արմեն Աշոտյանը պնդում է, որ մինչև «Վահե Գրիգորյան» օպերացիայի մեկնարկը, իշխանությունները Հրայր Թովմասյանի ղեկավարած ՍԴ-ն ճանաչել և ընդունել են, նրա անունով Նիկոլ Փաշինյանը գրություններ է մակագրել։

«Տղերք, դուք ո՞ւմ եք ուզում դնել էշի տեղ։ Դուք մի տարի Հրայր Թովմասյանին ճանաչել եք՝ որպես ՍԴ նախագահ, հետևաբար՝ հիմա խաղեր մի տվեք։ Որովհետև ձեր ամբողջ ուշքնումիտքն այն է, որ Վահե Գրիգորյանը լինի ՍԴ նախագահ, որ ՍԴ-ն էլ գցի իր մյուս գրպանը»,- ասաց Արմեն Աշոտյանը։ Նա կարծում է, որ, եթե Հրայր Թովմասյանը չգրի հրաժարականի դիմում, Նիկոլ Փաշինյանը չի մարսելու Հրայր Թովմասյանին հանելու և ոչ մի պրոցեդուրա։

«Մենք տեսանք, թե միջազգային իրավական ինստիտուտներն ինչպիսի խստությամբ են դիտարկում հայաստանյան պրոցեսները։ Եթե Հրայր Թովմասյանը հոժարակամ չգրի դիմում, ՍԴ-ի ու նրա դեմ ոչ մի բան Նիկոլ Փաշինյանը չի մար-սե-լու։ Ոչ երկրի ներսում, ոչ երկրից դուրս»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ մայիսի 20-ին դատարաններն արգելափակելու կոչը Փաշինյանի առաջին խոշոր ֆիասկոն էր Եվրոպայի աչքերում։

Երկրորդ խոշոր ֆիասկոն Քոչարյանի կողմնակիցների ակցիան էր Եվրախորհրդի նախագահ Տուսկի ներկայությամբ։ Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ այդ դրվագը Բրյուսելում չեզոքացրել է Փաշինյանի՝ համաժողովրդական սիրո մասին առասպելի քողը։ Ինքն ընդամենը լավ հռետոր է, խարիզմատիկ ներքին պոպուլիստ առաջնորդ. Սա պետք է ֆիքսել։ Սա է ճիշտը։

«Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում չի թողել քաղաքական քննարկումների որևէ հարթակ։ Ազգային ժողովը չի արտահայտում հայկական քաղաքական դաշտի հիմնական ուղղությունները։ Նա ԱԺ-ն ամլացրեց իր այդ ընտրությունների ժամկետով և հետո ամեն ինչ անելով, որ ՀՀԿ-ն չմտնի։ Եվ թող չզարմանան այլևս. Քանի որ երկրում իրենք քաղաքական բոլոր հնարավորությունները փակել են, իսկ այդ գոլորշին մի տեղից դուրս է գալու, այն շատ ուժեղ դուրս է գալու Վենետիկում, Ստրասբուրգում, Մոսկվայում, Փարիզում, Վաշինգտոնում, Բեռլինում»,- նշում է Արմեն Աշոտյանը։

Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն իրենց կայքում չկա, և այն եզրակացություն չէ, Ա. Աշոտյանն ասաց, որ կայքում դա կա, դրան ծանոթանալու համար պետք է գրանցված լինես ու ունենաս հատուկ գաղտնաբառ։ Այլ հարց է, որ գտնողներն իրավունք չեն ունեցել այնտեղ մտնել։

«Ինչ վերաբերում է փաստաթղթի ուժին, Վենետիկի հանձնաժողովի բոլոր փաստաթղթերը խորհրդատվական բնույթի են, իմպերատիվ չեն։ Տղա եք՝ մի արեք. Մոտեցումը սա է։ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ։ Կարող եք՝ մի արեք։ Այն, ինչ Վենետիկի հանձնաժողովն արեց այս իշխանությունների հետ, դրանից հետո պիտի պսակվի այս իշխանությունների հետ։ Նման ապտակ վաղուց չէր հասցվել իշխանություններին»,- ասաց Ա. Աշոտյանը։

Ըստ ՀՀԿ փոխխոսնակի՝ այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ունի իր երբեմնի վարկանիշի մեկ երրորդ մասը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ուրեմն՝ ես կարող եմ տանկի թրթուրների  տակ ճզմել ընդդիմադիր որևէ շարժում, Արմեն Աշոտյանն ասաց, որ մարտի մեկից անցել է 11 տարի, և տանկի թրթուրների տակ ճզմված որևէ մարդ, համենայնդեպս, չի եղել։

«Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ու Նիկոլն իրավունք չունի ինձ վրա տանկ քշի։ Սա ֆիքսենք։ Դուք, պարոն Փաշինյան, այդ իրավունքը չունեք։ Ես այդ հարցազրույցը որ լսում էի, ուզում էի պատկերացնել՝ ինքն այն լեզվով, որով խոսում է իր հայրենակիցների հետ, երբևէ ադրբեջանցիների հետ խոսե՞լ է։ Ուզում էի հիշել՝ երբևէ 1.5 տարվա ընթացքում ասե՞լ է՝ տանկերը կտանեմ սահման ու կազատագրեմ մեր հայրենիքը։ Իր այդ արտահայտությամբ նա ասաց, որ հենց էնպես իշխանություն չի տալու, անպայման հարկ եղած դեպքում արյուն է թափելու»,- նկատեց ԱԺ նախկին պատգամավորը։

Վերջինս պնդում է, որ վարչապետի հոգեբանության մեջ ինքը՝ Աշոտյանը, ավելի մեծ թշնամի է, քան ադրբեջանցին, ու նա պատրաստ է վճարել ցանկացած գին իշխանության մնալու համար։ Նա չի զիջելու իշխանությունն այնպես, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս