Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպին երկրի Ազգային տոնի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուարդ Ֆիլիպին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող առանձնաշնորհյալ հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մենք կարևորում ենք հայ-ֆրանսիական համագործակցությունը տնտեսական, մշակութային, գիտակրթական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Հայաստանում գործող Ֆրանսիական համալսարանը, ինչպես նաև այլ կրթական հաստատություններ իրենց կարևոր նպաստն են բերում մեր բարեկամության ամրապնդմանը:
Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հորիզոններ է բացում ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի՝ նոր որակի փոխգործակցության համար: Վստահ եմ, որ մեր երկրներն առավելագույնս կօգտվեն ՀԸԳՀ-ի ընձեռած հնարավորություններից:
Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և ամենայն բարիք»: