Բաժիններ՝

Արցախի մասին նոր պատմավավերագրական ֆիլմ է նկարահանվում

Արմատներով արցախցի ռուսատանաբնակ Արթուր Ջալալովի անմիջական ֆինանսավորմամբ՝ «Միստիկ երկիր Առան» վերնագրով Արցախի մասին նոր պատմավավերագրական ֆիլմ է նկարահանվում:

Ֆիլմի նկարահանումները մեկնարկել են հուլիսի 11-ին՝ Ստեփանակերտից:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի սցենարի հեղինակ Լևոն Գալստյանն ասել է, որ ֆիլմը մի փորձ է մոտենալու Արցախի այն գաղտնիքին, թե ինչպես դարեր շարունակ, մաքառելով օտար նվաճողների դեմ, նա կարողացել է պահպանել իր կիսանկախ գոյությունը:

Ֆիլմում ներկայացվում է այդ գաղտնիքն ու նրա առաքելությունը: Ի դեպ, Առանը Արցախի հնագույն անվանումն է:

Լ. Գալստյանը մասնավորապես ասել է. «Ֆիլմը յուատեսակ խորհրդածություն է. այն ոչ թե սոսկ փաստավավերագրական պատում է, ուսումնական կամ ճանաչողական նյութ, այլ բացահայտում այն հարցի, թե ինչպես և ինչի շնորհիվ է ազատասիրության, համառության, անկոտրում ոգին ժառանգվել ու պահպանվել: Մենք փորձում ենք այն դիտարկել ավելի համապարփակ և լայն համատեքստում՝ դիտարկելով որպես յուրատեսակ պայքար չարի ու բարու, լույսի ու խավարի միջև»:

Հեղինակն ավելացրել է, որ սցենարում ներկայացված է Արցախի հերոսական ու շրջադարձային դրվագներ: Ներկայացվում է հայ ժողովրդի հոգևոր մաքառման ողջ ընթացքը, ոչ միայն փաստերի, այլև հոգևոր կենսագրության միջոցով:
Ըստ մեր զրուցակցի՝ ֆիլմում նկարահանվում են Արցախում ապրող տարբեր տարիքի ու զբաղմունքի մարդիկ:

«Կարծում եմ՝ Արցախի մասին բազում փաստավավերագրական ֆիլմեր կան, որոնք այսօր էլ նկարահանվում և դեռ կնկարահանվեն: Մենք փորձել ենք այլ դիտանկյունից մոտենալ՝ մշակութաբանական, հոգևոր, որը հանդիսատեսի համար կբացահայտնի Արցախյան ֆենոմենը, Արցախյան գոյատևման և, անշուշտ, հարատևման գաղտնիքը»,-ասել է Լ. Գալստյանը:

Ֆիլմի գլխավոր ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն էլ ասել է, որ մինչ նկարահանումները սկսելն իրենց թիմը մի քանի անգամ այցելել է Արցախ՝ ծանոթացել նկարահանման վայրերին, ընտրել հետաքրքիր հերոսների և քննարկել մի շարք հարցեր:

Նա նշել է, որ ֆիլմում կան խաղարկային մասեր, որն ավելի հետաքրքիր ու բովանդակալից կդարձնի ցուցադրվող նյութը: Ֆիլմի նկարահանումներն իրականացվում են Ստեփանակերտում, Տիգրանակերտում, Ամարասում, Շուշիում և Արցախի այլ վայրերում:
Նա իր խոսքում ընդգծել է. «Յուրաքանչյուր ոք, ով այցելում է Արցախ, իրեն զգում է հանգիստ, ազատ և երջանիկ, որոնք շատ կարևոր նախապայմաններ են: Մենք փորձում ենք մեր ֆիլմի միջոցով այս հրաշք երկրի ու նրա ժողովրդի մասին պատմել: Ֆիլմը լինելու է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Ֆիլմի շնորհանդեսը նախատեսում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս