Բաժիններ՝

Վերջին  10 տարիների ընթացքում վթարների արդյունքում կորցրել ենք ՀՀ միջին մարզային քաղաքի չափով  բնակչություն. ահազանգ

«Վերջին երեք  տարիների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարներն  աճել են:  Այս տարի մոտ 188 օրվա ընթացքում ունեցել ենք մոտավոր հաշվարկով 165 զոհ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:

«Երթևեկության մեջ ունենք շատ վատ իրավիճակ, որը թափ առավ անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Շատ վարորդներ իրենց ազատություն տվեցին՝ ոստիկանության մեղմ քաղաքականության արդյունքում: Վերջին  10 տարիների ընթացքում մենք կորցրել ենք ՀՀ միջին մարզային քաղաքի չափով  բնակչություն: Ընդ որում, ՄԱԿ-ի զեկույցներից մեկի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը ՃՏՊ-ների հետևանքով կորցնում է 150-170 միլիոն դոլար: Այդ գումարը տվյալ պահին անտեսանելի է, բայց  ներառում է մարդու կորուստը, նրա ստեղծած արժեքը, անգամ տվյալ պահին պետության կողմից ներդրած գումարը՝ սկսած ԱԻՆ աշխատակիցների՝ տվյալ վայր գալուց, վերջացրած էկոլոգիական վնասներով: Ցավոք, շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն մարդկանց կյանքերը փրկելու համար, պետական մի շարք գերատեսչություններ մշտապես ասում են, թե փող չկա: Ամենահեշտ և ոչինչ չասող արտահայտությունն է, որ մենք այսօր լսում ենք»,- հավելեց նա:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադրի փոխանցմամբ՝ կա միջազգային փորձ, համաշխարհային պրակտիկայում ընդունված է 0-ական մահացությունների հայեցողակարգը, որը սկիզբ է առել Շվեդիայում: Այն օրենսդրական մակարդակով ամրագրված է իրենց մոտ:

«Շվեդիայում մեքենաների քանակի ավելացմանը զուգընթաց՝ մահացությունները նվազել են: Այստեղ ոչ  միայն օրենքի փոփոխության ու ճանապարհի ասֆալտապատման կամ ճանապարհային նշանի տեղադրման մասին է խոսքը, այլև մանկապարտեզից սկսած մարդուն կրթելու. սովորեցնում են վարորդական էթիկա, իրավագիտակցության բարձրացում: Հարմոնիա կա, ոչ թե մեզ նման: Օրինակ՝ մեզ մոտ ճանապարհային ոստիկանությունն ասում է, որ այսինչ հատվածում պետք է այս նշանը տեղադրել, ՏԻՄ-ն ասում է, որ ֆինանս չունի, ու վերջ, այդ հատվածն այդպես էլ մնում է, չնայած որ գիտեն՝ այն վթարածին է: Եթե հայտնաբերվում է վայր, որտեղ մեկ վթար է լինում, ամեն ինչ անում են, որ երկրորդը չկրկնվի, իսկ մեզ մոտ այդպես չէ: Ռուբինյանց փողոցում, այսպես ասած՝ թմբիկ ստեղծեցին ու լուսացույց տեղադրեցին՝ մի քանի անգամ տեղի ունեցած վթարներից ու փողոց փակելուց հետո: Մարդկանց կյանքերը փրկելու համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ: Մեր ֆինանսական կառույցների ղեկավարները մտածում են՝ եթե  գումար ներդնեն, այն երբեք հետ չի գալու, սակայն չեն մտածում, որ, եթե մարդիկ ողջ լինեն, կենդանության օրոք հարկեր են վճարում ու այդ ծախսը վերադարձնում են:  Նրանց պատկերացումներում, կարծում եմ, որոշակի խնդիրներ կան»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիրն անդրադարձավ նաև նոր բալային համակարգին՝ հայտնելով, որ կարգապահ ու ոչ կարգապահ վարորդներն այս միջոցով տարանջատվելու են:

«Երեխային նստեցնում են գիրկը և մեքենա վարելով՝ «լայվ» անում Ֆեյսբուքում… էլ չասեմ` ռաբիս երաժշտությունը, որն ամբողջությամբ ներկայացնում է իրավիճակը՝ այդ մարդկանց ինտելեկտը և մտածելակերպը»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը՝ ընդգծելով, որ այս օրինակը բերեց՝ ցույց տալու համար, որ այդպիսի հարցերը վարորդական իրավունքի չեղարկման և նորից քննություն հանձնելու հետ կապ չունեն:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Կառավարության նիստում փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց վարորդական բալային համակարգի հետ կապված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր. ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:

Անի Կարապետյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս