«Կարևոր է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը նշանակվի ԱԺ-ի, ոչ թե վարչապետի կողմից»
Հարցազրույց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի հետ
– Տիկին Այվազյան, կառավարությունը E-draft կայքում քննարկման է ներկայացրել Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022թթ. նախագիծը: Ի՞նչ դիտարկումներ ունեք՝ այդ փաստաթղթի հետ կապված:
– Մենք դեռ ուսումնասիրում ենք ռազմավարությունը և մեր պաշտոնական դիրքորոշումը մի փոքր ավելի ուշ կհայտնենք: Նախնական մի քանի դիտարկում կարող եմ անել. նախագիծն առաջին անգամ հրապարակվեց դեկտեմբերին, սակայն մասնակցային գործընթաց չէր եղել, շահագրգիռ կողմերը տեղյակ չէին դրանից և, հավանաբար, պատճառը դա էր, որ ռազմավարությունը բավականին վատ որակի էր: Հունվար-փետրարին հասարակական կազմակերպությունները ներկայացրեցին մի շարք առաջարկություններ, բավականին աշխատանք իրականացվեց, սուր անկյունները հարթվեցին, և այս անգամ ներկայացված փաստաթուղթը մի քանի քայլ առաջ է, թեև այն ևս ունի խնդիրներ, և մենք կներկայացնենք մեր առաջարկությունները, մասնավորապես՝ իրավապահ մարմնի հետ կապված: Նախորդը գրվել էր պարզապես գրվելու համար, եթե նախորդ իշխանությունների կողմից ներկայացվեր, կարծում եմ, որևէ կերպ չէր տարբերվի: Սակայն հեղափոխություն էր եղել, կոռուպցիայի վերաբերյալ դիրքորոշում էր արտահայտվել, և հենց դա էր եղել հեղափոխության պատճառներից հիմնականը, բայց դա չէր արտացոլվել ռազմավարությունում: Այժմ մեր առաջարկությամբ՝ հստակեցվել ու ներառվել է ինստիտուցիոնալ մոդելը, որ բոլոր հաստատություններում ձեռնարկվեն սեփական ոլորտում ու կառույցում կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթացներ և համապատասխան պլաններ մշակվեին կոռուպցիան հաղթահարելու համար: Դա շատ կարևոր է, մասնավորապես՝ հեղափոխությունից հետո, քանի որ մենք կարևորում ենք բոլոր ինստիտուտների համար հանրային մոբիլիզացիան, որ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի բոլոր տեղերում, ոչ թե առանձին, մի քանի ոլորտ վերցնել կամ 1-2 հակակոռուպցիոն ինստիտուտ հիմնելով՝ հնարավոր չի կոռուպցիայի դեմ պայքար տանել: Յուրաքանչյուր կառույց ինքը պետք է գնահատի ռիսկերն ու կազմի պլաններ:
– Բայց դա որքանո՞վ օբյեկտիվ ու արդյունավետ կլինի:
– Իհարկե, օբյեկտիվության ու կողմնակալության խնդիր կարող է լինել, բայց եթե պրոցեսը ճիշտ կառուցվի, դա կարելի է իրականացնել, մասնավորապես՝ այդ գործընթացում կարող են ներգրավվել անկախ փորձագետներ տեղական ու միջազգային կառույցներից:
– Ուրիշ ի՞նչ խնդիր եք տեսնում նախագծում:
– Միջոցառումների ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ, որոնց հիմնավորումը չկա ռազմավարության մեջ: Այսինքն՝ միջոցառումներ-ռազմավարություն կապը մի փոքր կտրված է, կարծես առանձին փաստաթղթեր լինեն: Խնդիրները պետք է հիմնավորվեն ռազմավարության մեջ, որպեսզի հասկանալի լինի, թե այդ միջոցառումն ինչ նպատակով է առաջարկվում:
– Ասացիք, որ հեղափոխության պատճառներից հիմնականը չէր արտացոլվել նախորդ նախագծում, իսկ այս տարբերակում այդ «հեղափոխական շունչն» ինչպե՞ս է դրսևորվել:
– Նախ՝ կոռուպցիայի դեմ պայքարում բոլոր ինստիտուտների մասնակցությամբ, նաև՝ պետք է ստեղծվի իրավապահ կենտրոնացված մարմին, որը պետք է զբաղվի կոռուպցիայի հարցերով: Ընդ որում՝ նախորդ կառավարության ծրագրում գրված էր, որ մինչև 2022թ. պետք է ուսումնասիրեին նման մարմնի ստեղծման հնարավորությունը, միջազգային փորձը, իսկ այս դեպքում մինչև 2022թ. մտադիր են ավարտել այդ մարմնի ստեղծումը: Բայց մենք կարծում ենք, որ դա շտապ է, և կառաջարկենք, որ մինչև 2020թ. վերջը այն լիարժեք գործի:
– Այդ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման հետ միաժամանակ՝ վերանում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ըստ լուրերի, լուծարվում է Հատուկ քննչական ծառայությունը: Արդյոք կոմիտեն կկարողանա՞ լիարժեք իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարը:
– Եթե այն օժտվի համապատասխան գործիքակազմով, համալրվի լավ կադրերով, ապա՝ այո: Գիտեք, հիմնական խնդիրները գալիս են քաղաքական կամքից: Եթե կա քաղաքական կամք, այդ կառույցները կարող են գործել, եթե չկա քաղաքական կամքը, ցանկացած իդեալական մոդել դատապարտված է ձախողման: Նախկին իշխանությունների օրոք էական չէր՝ մոդելն ունիվերսա՞լ էր, թե՞ տարանջատված:
– Բայց ասվում էր, որ օրենսդրությունը շատ լավն էր:
– Ոչ, օրենսդրությունն էլ շատ լավը չէր, այնտեղ շատ լուրջ բացեր կային, որոնց պատճառով մնացածն էլ չէր աշխատում: Օրինակ՝ շահերի բախման հետ կապված, որ 2011թ. մեծ «ոգևորությամբ» ընդունվեց Հանրային ծառայության մասին օրենքը, դրանում այնպիսի սահմանում էր դրվել, որ մինչև վերջերս էլ գործում էր, և օրենքը որևէ մեկի վրա չի տարածվում: Այսինքն՝ շահերի բախումը նույնականացվել էր կոռուպցիայի և ապօրինի հարստացման հետ, մինչդեռ շահերի բախումն այն թվացյալ ռիսկերն են, որոնք պարտադիր չէ, որ հանգեցնեն կոռուպցիայի, բայց եթե նույնիսկ կասկածներ կան ինչ-որ փոխկապակցվածության մասին, ապա դա արդեն շահերի բախում է, և պետք է դա կառավարել, սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կկանխեն նման վիճակում որոշումների կայացումը: Բայց եթե շահերի բախումը չի ճանաչվում, ոչինչ անել հնարավոր չէ: Եվ, ըստ էության, օրենքը չի գործել: Իրականում նախկին իշխանությունները չեն ցանկացել պայքարել կոռուպցիայի դեմ, բայց նրանց պետք էր ցույց տալ ինչ-որ դինամիկա, ստիպված են եղել գոնե օրենքներ ընդունելու մակարդակով միջազգային կառույցների մոտ միավորներ հավաքել: Այս առումով ներկայիս իշխանություններն էապես տարբերվում են նախորդներից. եթե նախորդները ցանկացած գործողության համար գումար էին ուզում միջազգային կառույցներից, այսինքն՝ փող կլիներ՝ կպայքարեին, չէր լինի՝ չէին պայքարի կոռուպցիայի դեմ, այս իշխանություններն ասում են՝ կտաք գումար, թե չեք տա, մենք կպայքարենք կոռուպցիայի դեմ: Եվ դա շատ զգալի տարբերություն է:
– Հակակոռուպցիոն կոմիտեն ո՞վ պետք է ղեկավարի:
– Կարևոր է, որ կոմիտեի ղեկավարը նշանակվի ԱԺ-ի կողմից, ոչ թե վարչապետի, որպեսզի ստեղծվեն անկախության երաշխիքներ: Անշուշտ, պետք է հաշվի առնվի նրա բարոյական, պրոֆեսիոնալ հատկանիշները, նաև նախկինում նրա սկզբունքայնության դրսևորումները, թե որքանով նա անհրաժեշտության դեպքում կկարողանա գնալ ընդդեմ իշխանությունների: