Բաժիններ՝

ՊԵԿ-ը երգիչների նկատմամբ հունիսից  կիրառում է կոշտ մեթոդներ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) երգիչների եկամուտները  հայտարարագրելու համար հունիս ամսից դիմել է կոշտ մեթոդների։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Որպեսզի երգիչների նկատմամբ կիրառվող այդ կոշտ մեթոդներն ավելի արդյունավետ լինեն, ՊԵԿ-ը գնահատում է յուրաքանչյուր երգչի վարքագիծը և նրանց անձնական նամակներով հրավիրելու է ՊԵԿ քննարկումների։

«Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր՝ միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող եկամուտները, կարծում ենք, որ չեն հայտարարագրվել»,- ասաց Դավիթ Անանյանը։

Հարցին, որո՞նք են ՊԵԿ-ի կողմից կիրառվող կոշտ մեթոդները, Դավիթ Անանյանը պատասխանեց, որ, օրինակ՝ վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ ուղարկում են անվանական նամակ և նրան առերևույթ մեղադրանք են ներկայացնում, որ ինչ-որ միջոցառման մասնակցելուց հետո հարկ չի վճարել, ապա դա արդեն կոշտ մեթոդ է։

«Կարծում եմ՝ վաստակավորի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ նշանակություն ունեցող փաստաթուղթն է կամ գործողությունը։ Այսօրվա շոու բիզնեսի ոլորտում էլ կան օրինապահ երգիչ-երգչուհիներ,  և կապ չունի, թե իրենք արվեստի կոնկրետ որ բնագավառում են գործունեություն իրականացնում։ Ըստ իս, մշակույթի ձևավորման ու ներքին համոզմունքի խնդիր կա։ Ներքին համոզմունքի ձևավորման հարցում մենք, կարծում եմ, դերակատարում կունենանք»,- շեշտեց Դ. Անանյանը։

Հարցին՝ երգիչներին նամակներ հանձնելու հարցում ԱԱԾ-ն կօգնի՞ ՊԵԿ-ին, որպեսզի ավելի հստակ լինի, թե որքան են նրանց եկամուտները, Դավիթ Անանյանը պատասխանեց, որ ՊԵԿ-ը ևս ունի գործիքակազմ նման բաներ հայտնաբերելու համար, բայց եթե ԱԱԾ-ն օգնի, ապա միայն ուրախ կլինեն։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս