Բաժիններ՝

Ինչո՞ւ է Ամուլսարի փորձաքննության փաստաթուղթն այդքան երկար թարգմանվում

Այսօր ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Ամուլսարի փորձաքննության փաստաթուղթն այդքան երկար թարգմանվում:

Նախարարը տեղեկացրեց, որ այդ փորձաքննությունը Քննչական կոմիտեի (ՔԿ) կողմից քրեական գործի շրջանակներում փորձագիտական եզրակացություն ստանալու համար էր և շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված փորձաքննական գործընթացների հետ չի առնչվում:

Ըստ նրա՝ ՔԿ-ին մայիսի վերջին ներկայացվել է հաշվետվությունը, որը ներկայացվել է նաև կառավարությանը, գործընթացին ներգրավված է «Լիդիան» կազմակերպությունը, և աշխատանքներն իրականացնում է ՔԿ-ն:

«Տեղեկատվությունը ՔԿ-ից պետք է վերցնել, եթե թարգմանության հետ կապված կան հետաձգումներ»,- ասաց Գրիգորյանը:

Բ. Թունյանը նշեց, որ գործը ՔԿ-ով տանելը տեխնիկական պատճառ ունի, իսկ բովանդակային առումով հասցեատերը նախարարն է, քանի որ պետք է պարզել՝ այդ կազմակերպությունը բնությանը վնաս պատճառո՞ւմ է, թե՞ ոչ.

«Քանի որ դուք շրջակա միջավայրի համար եք պատասխանատու, իսկ որպես տնտեսագետ՝ տնտեսական շահերի մասին եմ մտածում, ինձ հետաքրքրում է՝ էս մի տարվա հետաձգումը՝ տնտեսության վրա ունեցած իր բացասական ազդեցությամբ հանդերձ, որքանո՞վ է համադրելի այդ բնապահպանական վտանգի հետ: Ու եթե վերջում պարզվի, որ բնապահպանական վտանգ ընդհանրապես չկար կամ ուռճացված էր, այս ամենի համար որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ»:

Է.Գրիգորյանը նշեց, որ պատասխանատվության համար օրենսդրությունը հստակ մեկնաբանություն կտա՝ արդյոք որևէ մեկն իր արածի կամ չարածի համար պատասխանատվություն կկրի՞, թե՞ ոչ: Նա օրինակ բերեց Արարատյան դաշտի ձկնաբուծարանները, որ տնտեսական առումով լավ արդյունք ապահովեցին, սակայն սխալ հաշվարկի պատճառով ջրի գերածախսը վնասեց գյուղատնտեսությանը, քաղաքաշինությանը, և այլն.

«Այսինքն՝ չհիմնավորված տնտեսական որոշումները բերեցին շատ ավելի մեծ տնտեսական վնասների, քան օգուտները, որ ստացվել էր՝ տարեկան 15 հազար տոննա ձուկ արտադրելով: Քրեական գործը հարուցված է այդ փորձաքննական տեղեկատվության վերաբերյալ Բնապահպանության նախարարության պաշտոնյաների կողմից տեղեկատվություն ունենալու ռիսկերի և վտանգների վերաբերյալ և թաքցնելու վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ 2018թ. Փաշինյանի կառավարությունը կասկածներ էր հայտնել, թե Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվությունը նախկին իշխանությունների օրոք տրվել է օրենքի խախտմամբ, և Բնապահպանության նախարարությունը սեփական փորձաքննություն չի իրականացրել։ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքի աշխատանքը կասեցվում է՝ մինչև հարցի պատասխանը չստացվի։

2019թ. փետրվարին Կառավարության նիստում որոշում էր ընդունվել պետական բյուջեից գումար հատկացնել Ամուլսարի փաստաթղթերի նոր փորձաքննության գործում ներգրավված միջազգային ընկերությանը։ Գումարը կազմում է 396.900 դոլար։

2018 թվականի նոյեմբերի 8-ին հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն հայտարարել էր միջազգային մրցույթ, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2 միջազգային մասնագիտական ընկերություններ:

Մրցույթում հաղթող էր ճանաչվել Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը, որն իր աշխատանքի դիմաց պահանջել էր 396 900 ԱՄՆ դոլար։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցի, թե որքա՞ն կտևի փորձաքննությունն ու ե՞րբ հայտնի կդառնա` խախտվե՞լ է օրենքը, թե՞ ոչ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ասել էր, որ, որպես կանոն, նման գործընթացները տևում են 6-8 ամիս։

«Մենք հնարավորինս սեղմել ենք ժամկետները։ ELARD–ը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներն ավարտել 3-4 ամիսների ընթացքում»,- ասել էր Հայկ Գրիգորյանը` հավելելով, որ մինչև մայիս փորձաքննության պատասխանը կստացվի ու կներկայացվի։

Արդեն հուլիս ամիսն է, և փորձաքննության պատասխանները, չգիտես ինչու, կառավարությունը չի պատրաստվում հրապարակել։

Մեր տեղեկություններով՝ փորձաքննության պատասխանն ի օգուտ Ամուլսարի է, և այդ է պատճառը, որ կառավարությունը չի շտապում այն հրապարակել։ Հակառակ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ հարկատուներիս, պետբյուջեի հաշվին 396.900 դոլար անիմաստ մսխվեց։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս