Հարավը կարող է համալիր զարգանալ. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։ Գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը ներկայացրել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։ Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու զարգացման ծրագրերին, նաև՝ համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին։
«Էական է տեսնել, վստահ լինել, որ ընկերությունը ճիշտ ճանապարհով է առաջ գնում և մանավանդ կատարում է իր սոցիալական պարտականությունները»,- ասել է նախագահը` նշելով, որ լեռնամետալուրգիայի հայկական հսկան ոչ միայն մեծ ներդրում ունի Հայաստանի արտահանման ոլորտում, այլև մեծ նշանակություն ամբողջ հարավի համար՝ Մեղրիից Գորիս: Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել, որ բիզնեսը, արդյունաբերությունը, հանքը լինեն նաև սոցիալական կյանք, մշակույթ ստեղծող կազմակերպություն։ «Սա իմ ուղերձն է, իմ խնդրանքն ու առաջարկն է այս ընկերության կառավարիչներին ՝ շարունակեք ուշադրություն դարձնել սոցիալական կյանքին»,-ասել է նախագահ Սարգսյանը։
Ընդգծելով Կապանի օդանավակայանի կարևոր նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Մեր հարավը զբոսաշրջության իմաստով կարծես թանկարժեք քար է, որը գաղտնի ենք պահել։ Եվ եթե օդային կապ լինի, իրավիճակն էապես կփոխվի»։ Նախագահը նշել է, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաև գյուղատնտեսության, զանազան այլ արտադրությունների, թեթև արդյունաբերության, առևտրային գործունեության համար։ «Ժամանակին Կապանում հազարավոր մարդիկ աշխատում էին թեթև արդյունաբերության ոլորտում, այստեղ կար գործարան, որը բամբակից և բրդից մեծ քանակությամբ արտադրանք էր տալիս, հազարավոր մարդիկ էին աշխատում։ Ավանդույթը կարելի է վերականգնել, մանավանդ, որ կա առևտրական ճանապարհ։ Հարավը կարող է համալիր զարգանալ»,-ասել է նախագահ Սարգսյանը։