Բաժիններ՝

«Համալսարանը չպետք է դառնար քավության նոխազ». Արամ Սիմոնյանն ափսոսում է միայն կիսատ թողած գործերի համար

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականից հետո շարունակում է  զբաղվել գիտական և մանկավարժական գործունեությամբ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը։

Հարցին՝ ի վերջո, քաղաքական դիրքորոշումնե՞րն էին պատճառը, որ հրաժարական ներկայացրեց, թե՞ կային այլ հանգամանքներ,  Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ շատ հանգամանքներ կային , բայց գլխավորն իր ցանկությունն էր, ըստ որի՝ հրաժարական ներկայացրեց։

Թե կոնկրետ ի՞նչ հանգամանքներ կային, Արամ Սիմոնյանը չասաց։«Ես տեսա, որ իմ մնալը վտանգում է համալսարանի հետագա ընթացքը և համալսարանի 100-ամյակի տոնակատարությունը, այդ պատճառով էլ որոշեցի, որ համալսարանը չպետք է դառնա քավության նոխազ։ Հրաժարական ես իմ ցանկությամբ պետք է տայի, այլ ոչ թե՝ ուրիշների ուզելով։ ԵՊՀ-ի տոնակատարությունները լինելու են դեռ սեպտեմբերին, հիմնական միջոցառումները նախատեսված են այդ ժամանակ»,- ասաց Արամ Սիմոնյանը։
Նա խոստովանեց, որ ափսոսում է միայն կիսատ թողած գործերի համար, իսկ հրաժարական տալու համար որևէ ափսոսանք չկա։

«Ինքս այժմ զբաղվում եմ գիտական ու դասախոսական աշխատանքով, նոր հաճելի պահեր եմ ապրում՝ հոգսերից շատ ազատ»,- շեշտեց Արամ Սիմոնյանը։

Արամ Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ այն, ինչ կատարվում է համալսարանում, որևէ բան իրեն չի հետաքրքրում՝ բողոքի ակցիաներ, այս կամ այն կենտրոնի լուծարում, և այլն, քանի որ զբաղված է հայագիտական աշխատանքով։

Նա դժվարացավ ասել, թե ում է տեսնում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում: «Ում ընտրի հոգաբարձուների խորհուրդը, նա էլ թող դառնա, ինքս վստահելու որևէ խնդիր չունեմ, այդ ամենից ես ազատ եմ, ինքս նախընտրելի թեկնածու չունեմ»,- նշեց Արամ Սիմոնյանը։

168.amի հարցին, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ միշտ հայտարարել են, որ իր օրոք համալսարանը կուսակցականացված է եղել, այսօր այդ խնդիրը լուծվե՞լ է, Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ նման խնդիր երբեք չի եղել և այսօր էլ չկա: «Այդ ամենն արհեստածին մտածած բան է»,- եզրափակեց Արամ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել մայիսի 23-ին։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս