Բաժիններ՝

Խոչընդոտում են խեցեգործության սիմպոզիումին. Կազմակերպիչները՝ խնդրի մասին

Ամեն ամառ «Մունետիկ» հ/կ-ն Ապարանին հարակից Լուսագյուղ գյուղի հարևանությամբ գտնվող անտառում իրականացնում է խեցեգործության սիմպոզիում, սակայն  այդ սիմպոզիումի անցկացմանն այս տարի դարձյալ փորձել են խոչընդոտել:

«2002 թվականից մենք Ապարանում կազմակերպում էինք մեր ծրագրերը: Ամեն տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ կնքում էինք պայմանագիր՝ այնտեղ սիմպոզիումներ անցկացնելու համար: Նախկինում էլ էին խնդիրներ լինում, ամեն տարի գնում, պայքարում էինք, բայց այս տարվա խնդիրն այն էր, որ պարզվում է՝ այդ տարածքը վարձակալվել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Մունետիկ» հ/կ նախագահ, արվեստագետ Հրաչյա Համբարձումյանը:

««Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որն արդեն դարձել է կոմիտե, դիմեցի, պարզվեց, որ տարածքը, որտեղ որ մեր ծրագիրն ենք կազմակերպում,  երբևէ չի գտնվել որևէ մեկի վարձակալության ներքո, այսինքն՝ 16 տարի մեզ սուտ թուղթ են տվել, որ այդ տարածքը գտնվում է ինչ-որ մեկի իրավասության ներքո: Սա ակնհայտ կոպիտ խախտում է: Մի խոսքով՝ խնդրեցի, որ մեզ թուղթը տան, որպեսզի գնանք ու մեր ծրագիրն այնտեղ անցկացնենք: Պատասխանեցին՝ վաղը կտանք, հաջորդ օրը կտանք, ու այսպես շարունակ: Միշտ այսպես են աշխատել: Մի ամիս անց ինձ նամակ եկավ, որտեղ գրված է, որ տարածքի վերևի մասը վարձակալվել է, իսկ ներքևինն ազատ է, կարող են մեզ տրամադրել: Գնացի, ասացին, որ ներքևի հատվածում արդեն ծառատունկ են արել: Անցած տարի էլ են ուղղակի, այսպես կոչված, ծառատունկ արել, որպեսզի չկարողանայինք գնալ, ու բոլոր ծառերը հիմա չորացած են: Այս տարի էլ նույնն է լինելու: Մենք արդեն դիմել ենք ԱԺ պատգամավոր, մշակույթի հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանին, ով խոստացավ հարցով զբաղվել: Հիմա սպասում ենք, տեսնենք, թե հարցն ինչպե՞ս է լուծվելու»,- մանրամասնեց Հրաչյա Համբարձումյանը:

Նրա փոխանցմամբ՝ հուլիսի 20-ից պետք է միջոցառումները սկսեն, իսկ այսօր՝ հուլիսի 5-ին, սկսվում է նախապատրաստական փուլը. մասնակիցներ հավաքել, պայմանագրեր կնքել:

«Խեցեգործության և գեղանկարչության սիմպոզիումին, տեղացի մասնակիցներից բացի, քանի որ հրավիրված են նաև մասնակիցներ արտերկրից, որոնց փաստաթղթերը պետք է կարգի բերվեն, ներկայացնենք, որ ամեն ինչ նորմալ է,  բայց  Հայանտառ ՊՈԱԿ-ը դեռ խոչընդոտում է»,- նշեց «Մունետիկ» հ/կ նախագահը:

Հրաչյա Համբարձումյանի խոսքով՝ նմանատիպ բացօթյա ծրագիր կազմելու համար, երբ որ 2 օրից ավելի է տևում, ու շատ  մասնակիցներ կան, միջազգային կանոններ կան, որոնք պարտավոր ես պահպանել:

«Պարտադիր կանոններից մեկն այն է, որ տարածքը չպետք է լինի շատ արևոտ, շոգ վայրում, որպեսզի մասնակիցներին առողջական վնաս չհասցնես: Այն նաև խոնավ տեղ չպետք է լինի, որ պատանիներն ու երիտասարդներն  առողջական խնդիր չունենան: Տարածքից ոչ շատ հեռու պետք է բուժկետ, ոստիկանության բաժանմունք  լինի, խմելու ջուր, գետի ջուր: Այդ բոլոր պայմաններին վերոնշյալ տարածքը համապատասխանում է»,- նկատեց  Հրաչ Համբարձումյանը:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս