Ինչու «Իմ քայլը» չապահովեց ԲԴԽ թեկնածուի ընտրությունը

Երեկ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի քվեարկության ժամանակ «Իմ քայլը» խմբակցության 20 պատգամավորներ գործուղումների մեջ էին, և դա էր պատճառը, որ խորհրդարանական մեծամասնությունը չկարողացավ ապահովել անհրաժեշտ թվով ձայներ իր կողմից առաջադրված թեկնածուի ընտրության համար։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Աննա Մարգարյանի օգտին, հիշեցնենք, քվեարկել էր 66 պատգամավոր, դեմ՝ 19-ը: Քվեարկությանը մասնակցել էր 85 պատգամավոր:

«Այս իրավիճակում պետք է մյուս երկու խմբակցությունները ևս կողմ քվեարկեին, որպեսզի թեկնածուն ընտրվեր։ Մասնավորապես՝ ինձ համար անհասկանալի էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության որոշումը, թե ինչու դեմ քվեարկեցին, քանի որ, ինչպես Արման Բաբաջանյանն էր ասել՝ իրենց համար էլ ցանկալի թեկնածու էր, բայց իրենք քաղաքական որոշմամբ «դեմ» քվեարկեցին, ու դրանով էլ պայմանավորված, ըստ էության, Աննա Մարգարյանը չընտրվեց»,- ասաց Վ.Հովակիմյանը՝ նշելով, որ իր տպավորությամբ թե՛ «Լուսավոր Հայաստանը», թե՛ «Բարգավաճ Հայաստանը» պետք է «կողմ» քվեարկեին։

Ըստ նրա՝ օրենքը հնարավորություն տալիս է նույն թեկնածուին կրկին առաջադրել, սակայն հարցն այն է, թե արդյո՞ք նման որոշում կկայացվի, արդյո՞ք թեկնածուն ինքը
կցանկանա, թե՞ ոչ. «Դա կերևա ապագայում։ Այս հարցը և ԲԴԽ անդամի որևէ թեկնածության հարց խմբակցությունում դեռ չենք քննարկել»։

Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ունենա 10 հոգանոց կազմ։ Այժմ ԲԴԽ-ն ունի 4 անդամ։ Թափուր տեղերից 2-ի համալրման հարցը խորհրդարանի տիրույթում է, մյուսներին պետք է նշանակի Դատավորների ընդհանուր ժողովը։

ՀՀ դատավորների միությունը դատավորների ընդհանուր ժողովի նիստ է հրավիրել հուլիսի 11-ին։ Միության մամուլի պատասխանատու Աննա Բալյանը մեզ տեղեկացրեց, որ ժողովի անդամ է ընդհանուր 134 դատավոր, և բոլորն էլ համարվում են թեկնածու, եթե հատուկ դիմումով չեն հրաժարվում։

ՀՀ դատական դեպարտամենտի Հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը նշեց, որ այս պահին հրաժարականի մասին որևէ տեղեկություն չունի։ Դատավորները կարող են ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարվել մինչև ընտրությունից առաջ 5-րդ օրը, այսինքն՝ առաջիկա 3 օրերին։

Տեսանյութեր

Լրահոս