Հուրգադայի հյուրանոցներում արված է ամեն ինչ՝ հագեցած հանգիստ անցկացնելու համար
Երբեք ծով չտեսած մարդու համար մեծագույն հաճույք է առաջին անգամ հենց Կարմիր ծովի հետ հանդիպումը՝ հեքիաթի ու առեղծվածի սպասումով:
Աննկարագրելի զգացողություններն ամբողջանում են հզորագույն փարավոնների հնամենի երկրում՝ Եգիպտոսում, որի գաղտնիքներին ծանոթանալու և եգիպտական ամենահետաքրքիր, ժամանակակից ու գունեղ հանգստավայրերից մեկը՝ Կարմիր ծովի արևմտյան ափին գտնվող երրորդ խոշոր բնակավայրը՝ Հուրգադան, տեսնելու հնարավորություն ունեցավ հայաստանցի երեսուն լրագրող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները մեր համերկրացիների սիրելի քաղաքում հյուրընկալվեցին «Air Cairo» ավիաընկերության և դրա հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Anriva Tour»-ի կազմակերպած ճանաչողական այցի շրջանակում:
Լրագրողների մեծ մասը նախկինում եղել էր Եգիպտոսում՝ վայելելով երկրի գեղեցկությունը, ծովամթերքով հարուստ խոհանոցն ու տեղացիների բարյացակամությունը: Ոմանց համար էլ Եգիպտոս՝ մասնավորապես Հուրգադա, այցելությունը նորություն էր, ուստի զարմանահրաշ ու տպավորիչ էր ամեն ակնթարթը:
Քսաներորդ դարի սկզբում Հուրգադան Կարմիր ծովի ափին մի փոքր գյուղ էր, որտեղ բնակվում էին բրիտանացի նավթափորներն ու տեղացի ձկնորսները։ Այնուհետև Եգիպտոսի և Իսրայելի միջև Քեմփ-Դևիդյան համաձայնության ստորա
Հուրգադան այսօր աչքի է ընկնում հյուրանոցների բազմազանությամբ, որոնք զբոսաշրջիկներին առաջարկելու շատ բան ունեն: Լրագրողներն իրենց հանգիստը վայելեցին հինգաստղանի «Continental Hotel Hurgada», «Desert Rose Resort» և վեցաստղանի «Baron Palace Sahl Hasheesh» հյուրանոցային համալիրներում, որոնց պատշգամբներից հրաշալի տեսարան էր բացվում դեպի Կարմիր ծովը. այն ասես կանչում էր յուրաքանչյուրին՝ խոստանալով անմոռանալի հույզեր ու ապրումներ իր գրկում: Կարմիր ծովը, բնականաբար, չի հիասթափեցնում:
Հյուրանոցներն ունեն իրար միավորող կողմեր. բոլորի սպասարկող անձնակազմները չափազանց սիրալիր են, անպայման հետաքրքրվում են, թե ինչով կարող են օգտակար լինել, տեղեկացնում են լավ ժամանց անցկացնելու նախապայման հանդիսացող միջոցառումների մասին, որոնք կազմակերպվում են հյուրանոցներում, և չեն մոռանում հարցնել, թե որ երկրից եք ժամանել, ինչ տպավորություններ եք ստացել:
Հուրգադայի հյուրանոցներում արված է ամեն ինչ՝ հագեցած հանգիստ անցկացնելու համար. առավոտյան զբոսաշրջիկներին սպասում են ցամաքային և ջրային մարզանքը, պարերի ուսուցումը, բազմազան խաղեր, իսկ երեկոյան՝ շոու ծրագիր՝ փոքրերի ու մեծերի համար։
Չնայած հյուրանոցների մատուցած ծառայությունների բազմազանությանը՝ լրագրողները նաև այցելեցին Ասուան Էլ-Տաբիա մզկիթ, որը ներսից տեսնելու հնարավորություն չունեցան, քանի որ աղոթքի ժամ էր, բայց տեսան ղպտական ոճով կառուցված եկեղեցին, որը տպավորեց իր համեստությամբ:
Էքստրիմի սիրահարները ևս ժամանակ չունեցան ձանձրանալու՝ ադրենալինի պակասը լրացնելով անապատում կվադրոցիկլներով մրցավազքով, որից հետո հյուրընկալվեցին բեդուիններին։ Վառվռուն, սևորակ աչքերով բեդուին փոքրիկները ժպտում էին զբոսաշրջիկներին, գգվում ու փորձում պարզել, թե ինչ կա նրանց ուսապարկերում, դեմ չէին նաև անվճար լուսանկարվելուն. անջինջ տպավորություններ, զգացողություններ էին: Անապատում հնարավոր էր համտեսել նրանց պատրաստած յուրահատուկ ըմպելիքը՝ թեյը: Ասում են՝ եթե բեդուինները թեյ են մատուցում շաքարով, ապա հավանել են քեզ, իսկ եթե ոչ՝ ոչ: Ավաղ, մեզ հյուրասիրված թեյն առանց շաքարի էր: Ընդգծեմ, որ անապատում անվտանգության կանոնները պահպանելը կարևոր է՝ երեսը ծածկող գլխաշոր, ակնոցներ և սաղավարտ։
Չի կարելի գնալ Եգիպտոս՝ մասնավորապես Հուրգադա, և չօգտվել Կարմիր ծովում նավարկելու հնարավորությունից: Փայտե մեծ ու հարմարավետ նավը, որտեղ հնչում է կենդանի երաժշտություն, տանում է ծովի անհունը՝ թույլ տալով վայելել Եգիպտոսի ծիրանագույն արևամուտն ու կախարդիչ պատկերները. հարափոփոխ գույներ են:
Եգիպտոսում առանձնահատուկ է նաև առևտրի ոլորտը: Դժվար է Հայաստանի որևէ առևտրային գոտում գտնել վաճառողների, որոնք կմոտենան քեզ, կառաջարկեն գնել այս կամ այն հուշանվերը կամ անհրաժեշտ որևէ իր՝ նախապես ասելով, որ կարելի է սակարկել: Եգիպտոսում սակարկելը առևտրի կարևոր նախապայման է, հակառակ դեպքում կարող ես հայրենիք վերադառնալ սնանկ: Հավելեմ, որ հատկապես առևտրային տարածքներում՝ շուկաներում, խանութներում, թուխ մաշկով և սպիտակ ատամնաշարով եգիպտացիները չեն զլանում և անպայման հաճոյախոսում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ առաջարկելով նրանց դառնալ իրենց մի քանի կանանցից մեկը: Իհարկե, ցանկալի է չգայթակղվել և պարզապես ժպտալով հեռանալ:
Հուրգադան իսկապես տպավորեց, բայց հին Եգիպտոսը ձգում էր. այն տեսնելու նպատակով լրագրողները սեփական նախաձեռնությամբ այցելեցին Նեղոսի ափին գտնվող Լուքսոր քաղաքի ամենատպավորիչ ու խոշոր հնագիտական համալիրներից մի քանիսը՝ Կառնակ տաճարների համալիր, որը, կոչված լինելով փառաբանել փարավոնների հզորությունը, աչքի է ընկնում խոշոր ծավալների բարդ համադրումով, շքեղ հարդարանքով, Խատշեպսուտ թագուհու տաճար և Մեռյալների հովիտ: Զգացողություններն աննկարագրելի են:
Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ամբողջ ճանապարհորդության ընթացքում մեզ ուղեկցեց հմայիչ ժպիտով, բարեհամբույր էքսկուրսավար Սամիրը, ով իր նրբանկատության և ողջախոհության շնորհիվ կարողացավ հանդուրժել երեսուն պահանջկոտ, հաճախ իրարամերժ կարծիքներ արտահայտող լրագրողի:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Արամ Ներսեսյանի